«Այս իշխանության պարագայում իրականում ոչ մի հուսադրող երևույթ չենք կարող սպասել». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թշնամին վարում է այն ռազմավարությունը, որն ի սկզբանե դրված էր «Արցախ» օպերացիայի հիմքում, և որն սկսվեց Արցախը հանձնելու գործողությունից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի՝ ավելի քան 40 օր շարունակվող շրջափակմանը:

«Իրենք գործում են պատերազմական արվեստի բոլոր կանոններով: Օգտվելով եղած գլոբալ աշխարհաքաղաքական վիճակից, երբ ամեն տեղ գրեթե լարված իրավիճակ է, և խնդիրներ են առաջանում, Ադրբեջանը գործում է՝ ելնելով իր շահերից: Չնայած՝ Ադրբեջանի խորհրդատուները պատահական մարդիկ չէին: Նրանց խորհրդատուն Թուրքիայի և Իսրայելի մասնագետներն են, որոնք կոնկրետ առաջադրանքներ են դնում Ադրբեջանի, ինչու չէ, նաև Հայաստանի իշխանությունների վրա: Այդ ամենն իրականացվում է նաև բրիտանական, ամերիկյան հետախուզության ջանքերով: Բոլոր համատեղ գործողությունների արդյունքում տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք: Իրականում այսօրվա իրավիճակը կանխատեսում էինք շատ ավելի վաղ՝ ասելով, որ հիբրիդային պատերազմի այս ժամանակահատվածում թշնամին նաև այսպես է գործելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու ՀՀ իշխանությունների առաջարկին, նշեց. «Բաքուն այդ դեպքում միայն բացարձակ պարտություն, բացարձակ հնազանդություն է ցանկանալու: Դա Արցախի եթե ողջ ամբողջությամբ, ապա բավականին լուրջ հայաթափմանն է հանգեցնելու, որովհետև նման սցենարի դեպքում ադրբեջանցիները հայերի համար այնտեղ անտանելի պայմաններ են ստեղծելու: Սա ցեղասպանության արդի ձևերից մեկն է, որը նրանք արդեն այսօր կիրառում են: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություն կոչվածներին, ապա նրանք Արցախյան հարցը, կարելի է ասել, թողել են ադրբեջանական դաշտում»: Գագիկ Հարությունյանը խնդրի լուծման հնարավորությունը բացառապես աշխարհաքաղաքական հարթության մեջ է տեսնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս տեսանկյունից միակ հուսադրող փոփոխությունը Ռուսաստան-Իրան համագործակցությունն է: Սա շատ հուսադրող գործընթաց է, խոշոր պլաններ են մշակում: Միևնույն ժամանակ, սակայն, պետք է հասկանանք, որ այդ դաշինքը կամրապնդվի միայն ռուսական զենքի հաջողությունից, և Ուկրաինայում առկա գործընթացներն այս առումով հուսադրող են: Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետև ինչպես նախորդ դարի 20-ականներին, այնպես և այսօր մեր ճակատագիրը որոշվում է գլոբալ զարգացումների կոնտեքստում»,-ասաց նա:

Իսկ թե ինչպես կարող է որևէ իրավիճակ մեզ համար հուսադրող լինել, երբ ՀՀ-ում կա նման իշխանություն, և կան նաև դիվանագիտական լուրջ խնդիրներ, Գ. Հարությունյանն ընդգծեց. «Այս իշխանության պարագայում իրականում ոչ մի հուսադրող երևույթ չենք կարող սպասել: Նման բան չի լինելու այդ առումով: Միակ հուսադրող հանգամանքն այն է, որ թերևս ռուսները, իրանցիները կօգտագործեն փափուկ ուժը և կազատվեն այս իշխանություններից, որովհետև խոսքը միայն Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Այս իշխանությունը վարձու լրտեսների մի ամբողջ ոհմակ է»:

Անդրադառնալով Արցախի շրջափակման շուրջ աշխարհից ունեցած ակնկալիքներին՝ նա նշեց, որ Ռուսաստանի և Իրանի նման համագործակցությունն ինչ-որ տեղ վկայությունն է նաև նրա, որ աշխարհ հասկացողությունը պետք է փոխվի: «Ասելով աշխարհ, որպես կանոն, մենք հասկանում էինք արևմտյան հանրություն, որը ՄԱԿ-ում, Եվրախորհրդարանում, այլ կազմակերպություններում տալիս է գնահատականներ: Երբ մատնանշում եմ Ռուսաստանի և Իրանի համագործակցության, հնարավոր հաջողության մասին, նկատի ունեմ նաև այն հանգամանքը, որ այդ երկու պետությունները փոխում են աշխարհը: Աշխարհը փոխվում է, ու Հայաստանի հետ կապված այն ծրագրերը, որոնք կային արևմտյան աշխարհում, բացարձակապես կապված էին Իրանի դեմ գործողությունների հետ: Օրինակ՝ Արցախը, փաստորեն, գրավել են: Այդ գրավումը պայմանավորված էր Արցախի ու Իրանի ունեցած սահմանով: Այդ գրավումը ադրբեջանա-թուրքական կողմին Իրանի դեմ ուժեղացնելու նպատակ ունի»,նշեց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանը Բերձորի միջանցքի բացման հնարավորություններ առայժմ չի տեսնում: «Համենայն դեպս, Ռուսաստանը խիստ սահմանափակված վիճակում է, ինձ համար անգամ զարմանալի է, որ կարողացել են Գորիսից բեռնատար ուղարկել Արցախ: Լուծման տարբերակներից մեկն այդ «էկոակտիվիստներին» ուժի դիրքերից ելնելով այնտեղից քշելն է, բայց առայժմ դրա նախապայմանները ես չեմ տեսնում»,-եզրափակեց Գ. Հարությունյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով