Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները փակ կլինեն

 

«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։

Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։

Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ե՛վ Հանրապետության հրապարակում, և՛ Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով