Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու ուղղությամբ

Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին. սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ինչպես միշտ, Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի նման պահվածքը և կոչ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով