Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև. կոչ ենք անում անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջույնի խոսք է հղել «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին։

«Ողջունում ենք բոլորիդ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում և կարևորում «Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Արցախը կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման վտանգների, այլև գոյաբանական սպառնալիքների առջև։

Բացահայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանն իր ձևավորումից ի վեր (1918 թ.) վարել է հակահայ պետական քաղաքականություն, որի հիմքում եղել և շարունակում է մնալ հայ ինքնության և մշակութային արժեքների ոչնչացումը։

Դեռևս 1920-ական թվականներից առկա են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և հոգևոր ժառանգության միտումնավոր և չքողարկված կերպով անդառնալի վնաս հասցնելու, դրա հիմնահատակ ոչնչացման և յուրացման փաստագրված դեպքեր, որոնք նախադեպ են հանդիսացել 2020 թվականի աշնանային պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան 1-ին պատերազմի զոհվածների հուշահամալիրների նկատմամբ նոր ուժգնությամբ վայրագությունների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատապարտելի են նաև Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ագրեսիվ արշավի նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային ներուժի ոչնչացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է։

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները բազմիցս ահազանգել են Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր և նյութական ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման դեպքերի, հայկական հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման մասին:

Համոզված ենք, որ այս ահազանգերի արդյունքում միջազգային հանրությունը և միջազգային կառույցները բավարար չափով տեղեկացված են կատարվածի մասին: Դեռևս 2020թ․ արյունոտ աշնան ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության թիրախավորումը միջազգային հանրության կողմից արժանացել է համապատասխան դատապարտող գնահատականների:

Այս համատեքստում մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի,ԱՄՆ մտահոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները: Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը:

Մեծապես գնահատում ենք հումանիտար այս խնդրի լուծման շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում:

Արցախի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության անբաժան մասն է կազմում: Հետևապես, Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը:

Միջազգային հանրության՝ Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ անհանդուրժողականության դրսևորումների դատապարտման և միջազգային հանրության և կառույցների ուշադրության հրավիրման միջոցը դիտարկում ենք որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով