Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզում է. հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզում է. հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ
Սեպտմբերի 17-ին ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ:
Գերատեսչության ղեկավարը մարզպետարանում հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
Նախարար Ա. Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, որ անձամբ ինքը և իր ղեկավարած կառույցն անում են ամեն հնարավոր բան ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար:
Այնուհետև, Արմեն Փամբուխչյանը և Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում տեղակայման վայրերում:
Նախօրեին նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել էր ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ՀՓՋ-ի շենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով