Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից կոմպոզիտորների արվեստը

 

Հուլիսի 9-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Այն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնն աշխարհում միակն է, որ կրում և մեծարում է հռչակավոր կոմպոզիտորի անունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրեթե 60 տարվա գործունեության ընթացքում Քշիշտոֆ Պենդերեցկին հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն, այդ թվում՝ 4 օպերա, 8 սիմֆոնիա, 27 նվագախմբային և 24 կոնցերտային գործեր, 25 կանտատ ու օրատորիա, 21 երգ ու երգչախմբային ստեղծագործություն, 20 կամերային և 17 մենանվագ ստեղծագործություններ: Նաև գրել է ավելի քան 120 երաժշտական գործ անիմացիոն ֆիլմերի, տիկնիկային, դրամատիկական, հեռուստատեսային ներկայացումների, ինչպես նաև գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի համար: Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործության լայն շառավիղը ներառում է նաև Հայոց ցեղասպանության թեման: 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կոմպոզիտորը հեղինակեց «Domine quid multiplicati sunt» խորագրով սաղմոսը: Ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 2015թ. մայիսի 26-ին «Քարնեգի» համերգասրահում։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի բացման համերգի ընթացքում կհնչեն էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն հայտնի կոմպոզիտորներ Կաիյա Սաարիահոյի, Սեբաստիան Ֆագերլունդի գործերը։ Համերգը կղեկավարի մեծահամբավ ֆինն դիրիժոր Հաննու Լինտուն։

Մաեստրո Լինտուն Ֆինլանդիայի ազգային օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորն է։ 2021-2022 համերգաշրջանի նշանակալի իրադարձություններից էին համերգները Չիկագոյի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Պորտուգալիայի «Գյուլբենկյան» սիմֆոնիկ, Տամպերեի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։ Լինտուն նաև որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարում է Նիդերլանդական ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը, Թայվանի ազգային սիմֆոնիկ, Բեռլինի գերմանական սիմֆոնիկ, Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի անցկացմանն աջակցում են նաև Հարավային Կովկասում Ֆինլանդիայի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունները, ինչպես նաև «Մառնիկ» ընկերությունը։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ համերգներ տեղի կունենան նաև հուլիսի 16-ին և 19-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով