Նիկոլի օրակարգում հակառուս Հայաստանն է.Ռուբեն  Հակոբյան

«Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը  ֆեյսբույան  իր  էջում գրում 

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում հայկական Արցախը կգոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում ռուս զինվորն է։ Ալիևը եվրոպական կառույցներին կարողացել է համոզել/պարտադրել, որ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթ չօգտագործել՝ այն այլևս գոյություն չունի։ «Արցախը Հայաստան է և՝ վե՛րջ»՝ պատերազմը սադրող հայտարարության հեղինակը այսօր վախենում է նույնիսկ Արցախի անվանումը ամբողջությամբ արտաբերել։ Մեր դիվանագիտությունը համառորեն շարունակում է կախվել միջազգային կառույցների փրփուրներից։ Հակամարտության թեման նորից Մինսկի խումբ տանելը դիվանագիտական երազախաբություն է՝ այն այլևս de facto գոյություն չունի։ Այդպես էլ Հայաստանի ԱԳՆ-ն չի ուզում հասկանալ, որ Մինսկի խմբի չգոյությունը բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի շահերից։
Ռուսաստանի համար այս պահին տարածաշրջանում միակ հիմնավոր ոտնատեղը՝ Արցախում տեղակայված խաղաղապահներն են, որոնց ապագան ժամանակի ու տարածության մեջ անորոշ է։ Ակնհայտ է նաև, որ Արցախում խաղաղապահների մնալու վաղվա օրը պայմանավորված է տեղի հայ բնակչության առկայությամբ, ինչի դեմ ծրագրված ու բացահայտ ագրեսիվ գործողություններով պայքարում է Ադրբեջանը։
Արևմուտքում լավ հասկանում են, որ եթե Ռուսաստանին զրկեն Արցախում իր զինվորի ներկայությունից, հայտնի կառույցների կողմից Հայաստանում ուղորդված թեմա կդառնա ռազմավարական այդպիսի դաշնակից ունենալ-չունենալու հարցը և հակառուսականությունը հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում կդառնա օրվա թոփ թեմաներից մեկը։ Դրանով է պայմանավորված նաև այն, որ Արևմուտքը կույր ու համր ձևանալով՝ գործանականում չտեսնելու է տալիս Արցախում Ալիևի կողմից վարվող ընդգծված հայթափման քաղաքականությունը։ Նրանց կողմից իրավիճակին առնչվող արված հերթապահ հայտարարությունները ընդամենը շղարշ են՝ ոչ ավելին։ Ի վերջո ակնհայտ է, որ Ռուսաստանն է այսօր Արցախի հայության անվտանգության միակ երաշխավորը։
Բայց պատմությունն արձանագրել է նաև դեպքեր, որ Ռուսաստանը երբեմն բավականին թուլացել կամ, թեկուզ ժամանակավոր, դուրս է մղվել մեր տարածաշրջանից, չնայած որոշ ժամանակ հետո նորից հետ է վերադարձել։ Վկան՝ ռուս-թուրքական 14 պատերազմներն են, որոնց թիվը չեմ կարծում այսքանով կսահմանափակվի։ Բայց թե ստեղծված այսպիսի վտանգավոր ու բարդ իրավիճակում ինչ կարող է տեղի ունենալ Արցախի հետ՝ տրամաբանական եզրահանգումը կարող է բայղուշության դիտվել։
Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց դիրքորոշվել են դեպի Արևմուտք և ստեղծված իրավիճակում նրանց թույլից չափավոր «ռուսամետությունը» ժաամանակավոր բնույթ է կրելու։ Արևմուտքի տասնամյակների երազանքն է եղել Հայաստանին նույնպես տեսնել նրանց շարքում։ Այդ նպատակով տարիների ընթացքում նրանք կարողացան ծնել, սնել և ձևավորել ազդեցության գործակալ, ում միջոցով այսօր կյանքի են կոչում իրենց ծրագիրը։ Հայաստանի բարձրագույն իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները մինչ իշխանության գալը եղել և այսօր էլ մնում են ընդգծված հակառուսներ՝ անկախ ռուսներին ակնհայտ քծնանքի բոլոր դրսևորումներին։ Որպես ուղղորդող ու օժանդակող ուժ նրանց քաղաքականապես նաև սնում են դրսից ֆինանսավորվող հասարակական բազմաթիվ կառույցներ։
Բայց իշխանությունները միաժամանակ առիթը բաց չեն թողնում 44-օրյա պատերազմում պարտության պատճառը գցել Ռուսաստանի գրպանը։ Բոլորովին վերջերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերիների հարցին՝ բացահայտ մեղադրեց ռուսական կողմին, ինչին անմիջապես հաջորդեց Գյումրիում ՌԴ հյուպատոսության մոտ գերիների ծնողների միջոցով իրենց իսկ կողմից կազմակերպած բողոքի ակցիան։ Այս և նման բնույթի ակցիաների կազմակերպիչների հիմնական նպատակը խորքում հասարակության մեջ հակառուս տրամադրություններ սերմանելն է, ինչը, պետք է ասել, որոշ հաջողություններ արդեն արձանագրել է։
Անշուշտ, Ռուսաստանի ուշադրությունից դուրս չեն այս զարգացումները և կասկածից վեր է, որ Ռուսաստանը երբևէ կհամակերպվի Հարավային Կովկասում իր ազդեցության կորստի հետ։ Միանշանակ է, որ այս պահին ռուսների «կոմպլիմենտարությունը» թուրք-ադրբեջանական այլանսի նկատմամբ պայմանավորված է Ուկրաինայով։ Բայց պատմության ընթացքում ռուս-թուրքական 14 պատերազմները վկայում են Ռուսաստանի կողմից տարվող մտրակի ու բլիթի քաղաքականության կենսունակության մասին, ինչը, կարծում եմ, իրեն երկար սպասեցնել չի տա։
Չեմ կարող նաև չգնահատել ստեղծված իրավիճակում Թուրքիայի կողմից իրականացվող բացառիկ պրոֆեսիոնալ մանեւրող դիվանագիտությունը, ինչի շնորհիվ կարողացել է վստահելի դաշնակցի կարգավիճակ ձեռք բերել հակամարտող բոլոր կողմերի մոտ։
Բայց Հայաստա՞նը… Ի՞նչ ապագա է սպասում Հայաստանին…
Մեր տարածաշրջանում աշխարաքաղաքական շահեր ունեցող տերություններն այսօր հերթի են կանգնել մեր պետության ննջարանի մոտ և այդ հերթագրումը իրականացնում է Արցախը գլխատած ու Հայաստանը սուբեկտից օբեկտի վերածած իշխանատենչ դահիճը։ Ալիևն արդեն նույնիսկ Կոնդ մտնելու հայտ է ներկայացրել։ Իշխանությունը համայն աշխարհին ի ցույց է դրել իր իմպոտենտությունը, անարժանապատվությունն ու անճարակությունը… Հայաստանը ամեն օր վերջանում է…
Վերջերս զրուցում էի պետերբուրգյան ինձ ծանոթ քաղաքագետներից մեկի հետ։ Թեման՝ հայ-ռուսական հարաբերություներն էին։ Փորձեցի ակնարկել մեր նկատմամբ ռազմավարական դաշնակցի ոչ համարժեք պահվածի մասին։ Պատասխանը բավականին անկեղծ էր ու դաժան՝ «Երբեք չէի կարող պատկերացնել, որ հայ ժողովուրդը կարող է այդպիսի տգետ ու ծաղրածու առաջնորդ ունենալ։ Մեղադրեք ինքներդ ձեզ, դա՛ է ձեր ընտրությունը»։ Լռեցի… Դաժան ճշմարտության մասին էր բարձրաձայնում, ինչին առարկելն իմ կողմից երեսպաշտություն կլիներ… Վերջին ձևակերպումը շատ ավելի կատեգորիկ էր՝ «Ձեր իշխանությունները մեր նկատմամբ անվստահելի և ավանտյուրիստ գործընկերներ դուրս եկան… Չեմ ուզում հավատալ, որ հայ ժողովուրդը արժանի է այդպիսի իշխանության…»։
Իսկ գուցե մեր ժողովուրդը իսկապե՞ս արժանի է այս իշխանություններին… Այլապես, ոնց բացատրել, որ բունկերից 20-ի նոյեմբերի 9-ին խելագարի նման «վրե՜ժ, վրե՜ժ» տենչացող դավաճանը կարճ ժամանակ անց ԱԺ ամբիոնից կարող է ինքնավստահ և անպատասխան հոխորտալ, որ, եթե պետք լինի՝ մատի փոխարեն նաև ուրիշ բան կարող է թափ տալ ընդդիմության վրա…
Հ.Գ. Արդյոք օրվա հրաթակային ընդդիմությունը ի վիճակի՞ է կասեցնել դեպի անդունդը գահավիժող Հայաստանի կործանարար ընթացքը…
Այդ մասին՝ հաջորդիվ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

four + eleven =