Մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը

 

Մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ բացման համերգին հնչեցին էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն կոմպոզիտորներ Կաիյա Սաարիահոյի, Սեբաստիան Ֆագերլունդի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարում էր մեծահամբավ ֆինն դիրիժոր Հաննու Լինտուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկոյի ընթացքում նշանավորվեց նաև հայ-ֆիննական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հարավային Կովկասում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենը Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի բացման երեկոյի ընթացքում, ողջունելով ներկաներին, ընդգծեց. «Այս օրերին մենք նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և դրան զուգընթաց ծրագրել ենք ունկնդրել այն երաժշտությունը, որ ստեղծվել է այդ տարիների ընթացքում։ Մենք այսօր մեծ ուրախությամբ ողջունում ենք նաև Հաննու Լինտուին, որը մեր օրերի մեծանուն դիրիժորներից է և կղեկավարի այսօրվա համերգային ծրագիրը։ Իհարկե, մեծ պատիվ է և ուրախություն՝ հյուրընկալել նրան այստեղ։ Երաժշտությունը միավորող ուժ ունի, այն համախմբում է տարբեր տարիքի, ազգերի, մասնագիտությունների տեր մարդկանց։ Երաժշտությունն ունիվերսալ է։ Այնպես որ՝ եկեք վայելենք բոլորիս կյանքում մեծ նշանակություն ունեցող այդ երաժշտությունը, ինչպես նաև վարպետությունն այն երաժիշտների, որոնք մեծ աշխատանք են կատարել՝ այս երեկոն մեզ պարգևելու համար»։

Մաեստրո Հաննու Լինտուն Հայաստանում առաջին անգամ է։ Նա նկատում է, որ շատ հետաքրքիր է համագործակցել նոր նվագախմբի հետ, հատկապես երբ ներկայացվում են ժամանակակից ստեղծագործություններ. «Երևի թե առաջին անգամ է, երբ ես հանդիպում եմ նվագախմբի՝ ներկայացնելով միայն ժամանակակից երաժշտություն, երաժշտություն, որ նրանց ծանոթ չէ։ Եվ ուրախ էի աշխատել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, երաժիշտները շատ արագ ընկալել ու վերլուծել են բոլորովին նոր երաժշտության պահանջները»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով այն մասին, թե ինչ երաժշտություն է նախընտրում մերօրյա ունկնդիրը, մաեստրոն նշում է, որ ամբողջ աշխարհում ունկնդիրը պահպանողական է։ Հատկապես համավարակից հետո մարդիկ ցանկանում ես լսել Վագներ, Վերդի… «Իհարկե, կան նաև մարդիկ, որոնք նախընտրում են ժամանակակից երաժշտություն։ Ֆինլանդիայում վերջին տարիներին համերգային ծրագրերում դասական երաժշտության հետ ներառում ենք նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, մարդիկ հետաքրքրասեր են և ցանկանում են բավարարել այդ հետաքրքրասիրությունը»,- ասաց Հաննու Լինտուն։

Անդրադառնալով Պենդերեցկու արվեստին՝ մաեստրոն նշեց, որ իր ղեկավարությամբ կատարվել են Պենդերեցկու ստեղծագործությունները, հիմնականում՝ կոնցերտները։ «Պենդերեցկին հաճախ էր հյուրընկալվում Ֆինլանդիայում, որոշ ֆինն երաժիշտների լավ ընկերն էր, հանդիպել եմ նրան մի քանի անգամ։ Նա եվրոպական կոմպոզիտորական արվեստի մեջ ամենամեծ անուններից է։ Հաճախ երբ կոմպոզիտորը մահանում է, նրա երաժշտությունը դադարում է հնչել, բայց Պենդերեցկու պարագայում այդպես չէ։ Նա կարևորագույն կերպար է եվրոպացի յուրաքանչյուր երաժշտի համար»,- ընդգծեց դիրիժորը։

Հիշեցնենք, որ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով