ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։
Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման եւ ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարեւորությունը։
Նիստին ներկայացվել է նաեւ ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։
Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։
Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։
Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։
Այս համատեքստում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել եւ մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ։
Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ հետեւողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները։
ՀՀԿ Գործադիր Մարմին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

18 − 11 =