Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր է դարձել Էտտոռե Պագանոն

 

Երեկ հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը։ Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակը շնորհվել է Իտալիան ներկայացնող թավջութակահար Էտտոռե Պագանոյին, երկրորդ մրցանակակիր է ճանաչվել Ջոու Կիտամուրան (Ճապոնիա), երրորդ մրցանակին արժանացել է Իվան Սենդեցկին (Ռուսաստան)։ Առաջին մրցանակակիրը կստանա 10000 դոլարին համարժեք դրամ մրցանակ, երկրորդ մրցանակակիրը՝ 5000 դոլարին համարժեք դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած երաժիշտը՝ 3000 դոլարին համարժեք դրամական պարգև։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էտտոռե Պագանոն մրցանակաբաշխությունից հետո խոստովանեց, որ չէր սպասում, թե կհաղթի մրցույթում։ «Իհարկե, շատ տպավորված եմ և չեմ կարող նկարագրել իմ զգացմունքները»,- ասաց երիտասարդ թավջութակահարը։ Նա նաև տեղեկացրեց, որ Խաչատրյանի` թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտ-ռապսոդիան սովորել է հատուկ այս մրցույթին մասնակցելու համար, խոստովանեց, որ հեշտ չէր, սակայն ուրախ է, որ այն հաղթանակ բերեց իրեն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկոյի ընթացքում շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ։ Մասնավորապես, մրցույթի 1-ին փուլում Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի համար գրված ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար մրցանակ է տրվել Իվան Սենդեցկուն, վերջինս ստացել է նաև մրցույթի երկրորդ փուլում Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակը։ Մրցույթի 1-ին փուլում Դավիդ Պոպերի «Թավջութակի կատարողական բարձր վարպետության ձեռնարկի» էտյուդների լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակը տրվել է Ջոու Կիտամուրային։ Մրցույթի 2-րդ փուլում սոնատի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ է շնորհվել Էտտոռե Պագանոյին։ «Լավագույն նվագակցող դաշնակահար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գայանե Ասլանյանը։ «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակին արժանացել է Միքայել Ոսկանյանը։

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ մշտապես տոնական մթնոլորտ է և տոնականության ոգին։ «Այսօր էլ նույնն է։ Խաչատրյանի երաժշտությունը մեզ սնելու է այն դասականների ուժով, որոնց մենք ճանաչել ենք տասնամյակներ շարունակ, և որոնք զարդարում են մեր օրը»,- նշեց մաեստրո Մանսուրյանը:

Երեկոյի ընթացքում առաջին մրցանակակիր Էտտոռե Պագանոն մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթն անցկացվել է հունիսի 6-ից 13-ը թավջութակ մասնագիտությամբ։ Մասնակցում էին աշխարհի 12 երկրի 18 թավջութակահարներ։ Խաչատրյանի անվան մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված «Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի» (WFIMC) անդամ է։ Խաչատրյանական մրցույթը կազմակերպել է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով