Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դատարանում է

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները՝ մեխանիզմը, թմրանյութեր իրացրած երկու անձի, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերած անձանցից երեքի ինքնությունը. 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ  Երևան քաղաքի բնակիչը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով, իր ազգականի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 77,8 գրամ «Մեթամֆետա­մին», 0,18 գրամ քաշով՝ «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ», խոշոր չափերի՝ 0,3 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, դրանք ապօրինի պահել իրենց փաստացի բնակության վայրում:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նշված անձինք իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով «Մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցի վաճառքի արժեքի և ձեռք բերման պայմանների շուրջ ինտերնետային հավելվածների միջոցով նամակագրություններ են վարել դրանք գնելու ցանկություն հայտնած բազմաթիվ անձանց հետ, որից հետո պահանջել են գումարը փոխանցել «Իդրամ» համակարգի՝ իրենց կողմից ստեղծված և կառավարվող էլեկտրոնային դրամապանակին, իսկ երբ հավաստիացել են, որ գումարը փոխանցված է, գնորդներին տեղեկացրել են թմրամիջոցի գտնվելու վայրի մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին և նրա ազգականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, թմրամիջոցներ ձեռք բերած երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ևս մեկին՝ 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս ազգականի և թմրամիջոց ձեռք բերած երեք անձանց նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հինգ մեղադրայլի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով