Ստացվում է, որ թալանի մեջ մեղադրվող «նախկիններն» այնուամենայնիվ զինել էին Հայաստանն ու Արցախը, իսկ Մեհրիբանին մուղամի հրավիրող իշխանությունն այդ զենքը «նվիրեց» թշնամուն

 

Գրիգոր Զոհրապը մտավ մեր տուն ու հայրիկիս համոզեց,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

որ պետք է հանձնեք մեր տան միակ հրացանը։

«Ինձ խոստացել են, որ հայերն ապահով վիճակում են»,- ասաց նա։

Հայրս բերեց շորի մեջ փաթաթած հրացանն ու տվեց Զոհրապին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջորդ օրը մեր տուն մտավ մի թուրք ասքյար։

Չորս տարեկան տղաս վազեց նրան ընդառաջ։

Տղայիս թևից բռնեց ու էնպես խփեց պատին, որ էրեխես մեջից պայթեց։

 

Վերջերս ներհայաստանյան և սփյուռքյան լրատվական տիրույթներում ակտիվորեն քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային Ժողովում։ Ելույթը նվիրված էր ղարաբաղյան բանակցություններին։

Փաշինյանը նշում էր, որ Արցախն այսպիսի աղետալի վիճակի են հասցրել «նախկինները»` ստորագրելով մի շարք «ճակատագրական» փաստաթղթեր։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Ինչպիսի՞ն են եղել ԼՂՀ-ի շուրջ ընթացող բանակցությունները։ Հայաստանի որ ղեկավարն ինչ դիրքորոշում և դերակատարում է ունեցել սույն հարցում։

Խնդիրը խորապես հասկանալու համար առաջարկում եմ կատարել պատմական էքսկուրս` հստակեցնելով տարեթվերը, անուններն ու դերերը։

 

1991 թվականի օգոստոսի 30-ին պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Փաստացի, հռչակագիրը մնացել է թղթի վրա։

1991 թվականի Սեպտեմբերի 2-ին հռչակվում է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչի արդյունքում 1989 թվականին Արցախն ու Հայաստանի ՍՍՀ-ն վերամիավորվելու որոշումը կորցնում է իր արդիականությունը, սակայն առաջ է քաշվում ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ որպես Արցախի անկախության հիմք։

1991 թվականի սեպտեբերի 22-ին Ստեփանակերտ են ժամանում Բորիս Ելցինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը։ Վերջինիս հետ գործկոմում հրաժարվում են հանդիպել։ Հանդիպումը տեղի է ունենում միայն Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ։ Իսկ Մութալիբովը ստիպված է լինում քայլելով մտնել հարևան Կազմկոմիտեի շենքը։ Հաջորդ օրը` սեպտեմբերի 23-ին ստորագրվում է Ժելեզնովոդսկի հուշագիրը, որն իրենից ներկայացնում է գործողությունների նախագիծ և հետագայում դրվում է բանակցությունների հիմքում։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը (ԼՂՀ մարզխորհրդի նախագահ), Օլեգ Եսայանը ու Զորի Բալայանը։

Սակայն դրան հաջորդող օրվանից Ադրբեջանը սկսում է հրետակոծել Ստեփանակերտը, ինչն աղետալի իրավիճակ է ստեղծում շրջափակման մեջ գտնվող Արցախի համար և կանգնեցնում է բանակցային գործընթացը։

1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության նախագահ (պաշտոնավարում է մինչև 1998 թվականի փետրվարի 3-ը):

1991 թվականի նոյեմբերին ղազախ և ռուս պաշտոնյաներից ձևավորվում է դիտորդական պատվիրակություն։ Այցի օրը Աղդամից Մարտունի օդային ճանապարհին կրակ է բացվում պատվիրակության ուղղաթիռի վրա, ինչի արդյունքում ուղղաթիռն ընկնում է, իսկ ներսում գտնվող բոլոր դիվանագետները մահանում են։ Սա անշուշտ միջազգային սկանդալ էր և բերում է բանակցությունների դադարեցման։

1992 թվականի մարտի 24-ին ձևավորվում է Մինսկի խումբը, որում ընդգրկվում է 10 անդամ պետություն` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Չեխիա, Սլովակիա և Շվեդիա։ Գործընթացին մասնակցում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն դուրս է մնում ԼՂՀ-ն։ Խմբի աշխատանքային օրակարգում ընդգրկվում են զինադադարի կնքման և բանակցային գործընթաց սկսելու դրույթները։

1992 թվականի մայիսի 8-9-ին ազատագրվում է հայկական Շուշի քաղաքը։

1993 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի քանի բանաձև է ընդունում։ Մասնավորապես.

  1. Ապրիլի 30, N822 բանաձև – անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել ՀՀ ԶՈւ-ն Քելբաջարից (Քարվաճառ), սկսել բանակցություններ:
  2. Հուլիսի 29, N853 բանաձև – կատարել N822 բանաձևի պահանջները։ Բանաձևը դատապարտում է երկու կողմին զինադադար չպահպանելու մեջ։ Պահանջում է ՀՀ ԶՈւ-ն դուրս բերել Աղդամից (Ակնա)։
  3. Հոկտեմբերի 14, N874 բանաձև – վերահաստատում է նախորդ բանաձևերը:
  4. Տարեվերջ, N884 բանաձև – ՀՀ ԶՈւ-ն դուրս բերել Հորադիզից (Հադրութ) ու Զանգելանից (Կովսական):

1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկում հանդիպում են Հայաստանի (Սերժ Սարգսյան` ՀՀ պաշտպանության նախարար), ԼՂՀ-ի (Սամվել Բաբայան) և Ադրբեջանի ներկայացուցիչները։

Մայիսի 8-9-ին միջազգային դիվանագիտական խումբը երկու կողմին կոչ է անում դադարեցնել կրակը, քանի-որ տարածաշրջանային իրավիճակի պատճառով տուժում են նաև իրենց երկրների շահերը։ Հայկական կողմը համաձայնվում է առաջարկին, սակայն ադրբեջանցիները մերժում են։

1994 թվականի դեկտեմբերի 21-ին Արցախի Գերագույն Խորհրդի որոշմամբ Արցախում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ, իսկ դեկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Գերագույն Խորհրդի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ժամկետով ընտրվում է Արցախի Հանրապետության նախագահ։

1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովի ընթացքում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Լևոն ՏերՊետրոսյանն օգտվում է վետոյի իր իրավունքից ու բանաձևը չի ընդունվում։

1997 թվականին Սամվել Բաբայանի միջնորդությամբ հանդիպում են Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Սպարապետը Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը։ Մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է ՀՀ վարչապետ (պաշտոնավարում է մինչև 1998 թվականի ապրիլի 9)։

1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, առաջ է բերում կարգավորման փաթեթային տարբերակը (Հայաստանից ներկա է լինում ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանը)։ Փաթեթում ընդգրկվում է ԼՂՀ կարգավիճակի հարցը, Լաչինի միջանցք եզրույթը։

Շուշին ու Շահումյանը նախատեսվում էր հանձնել երկու կողմին։ Հայկական կողմը (նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյան, վարչապետ` Ռոբերտ Քոչարյան) ընդունում է այս առաջարկը։ ԼՂՀ-ն (նախագահ` Արկադի Ղուկասյան)` մերժում է այն։

1997 սեպտեմբերին առաջարկվում է կոնֆլիկտի կարգավորման փուլային տարբերակը, որը ենթադրում էր արցախյան զորքի դուրսբերում մինչև 1988թ ԼՂԻՄ սահմանագիծ, ինչպես նաև Հայաստան – Արցախ կապ Լաչինի միջանցքով։ Ստեղծվում էր բուֆերային գոտի։ Արցախի բնակչությունը (նաև ադրբեջանական) վերադառնում էր Արցախ։ Շուշիի, Լաչինի և Շահումյանի հարցը մնում էր հետագա բանակցությունների համար։

Այս առաջարկին իր համաձայնությունն է տալիս հայկական կողմը, սակայն Արցախի նախագահը կրկին մերժում է այն։

1998 թվականի ապրիլի 9-ին Ռոբերտ Քոչարյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության նախագահ (պաշտոնավարում է մինչև 2008 ապրիլի 9):

1998 թվականի նոյեմբերին ՌԴ արտգործնախարար Եվգենի Պրիմակովն առաջարկում է կարգավորման «Ընդհանուր պետության տարբերակը»։ Այս տարբերակով ԼՂՀ-ն հանդիսանում էր առանձին հանրապետություն` գտնվելով Ադրբեջանի կազմում։ Հայաստանի Հանրապետությունը կրկին տալիս է իր համաձայնությունը, իսկ ադրբեջանական կողմը մերժում է առաջարկը։

1999 թվականին քննարվում է Մեղրիի միջանցքի Գոբլի պլանը, որը ենթադրում է Մեղրիի շրջանի հանձնումն Ադրբեջանին, Արցախի հետ միասին Լաչինի շրջանի հանձնումը Հայաստանին։ Հայկական կողմը մերժում է առաջարկը։ Այս տարբերակը չի հասնում բանակցային սեղանին։

Ավելի ուշ այս քննարկումները տեղափոխվում են Քի Վեսթի ( ԱՄՆ Ֆլորիդա նահանգի շրջկենտրոն) բանակցային սեղան։

1999 թվականի հոկտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ հանդիպում են Վազգեն Սարգսյանը, Վարդան Օսկանյանը (արտգործնախարար) և ԱՄՆ պետքարտուղարի երկու տեղակալ։ Քննարկում են ղարաբաղյան կոնֆլիկտը։

Քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը գնում է Ազգային Ժողով, որտեղ սպանվում է։

2000 – 2001 թվականներին Քի Վեսթում տեղի են ունենում մի շարք հանդիպումներ։ Հայկական կողմից ներկա են լինում Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը, իսկ Ադրբեջանական կողմից` Հեյդար Ալիևն ու Ադրբեջանի արտգործնախարարը։

Հիմնական քննարկումներն ընթանում են դիվանագիտական կորպուսի ղեկավարների մակարդակով, իսկ երկրի ղեկավարները «մատնվում են անգործության»։

Քանի-որ Հեյդար Ալիևը, տարիքից ելնելով, հիմնական ժամանակն անց էր կացնում հյուրանոցի իր սենյակում, իսկ Ռոբերտ Քոչարյանը վայելում էր ակտիվ հանգիստը, Ալիևի թիկնազորն իր դժգոհությունն էր հայտնել ծերուկի հետ հյուրանոցում անցկացնելու հեռանկարից։ Անգամ կատակում էին, թե նրանք ցանկանում են տեղերով փոխվել Քոչարյանի թիկնազորի հետ ու հետ չմնալ զբոսաշրջային քաղաքի վայելքներից։

Քի Վեսթում առաջարկվում է դեպի Նախիջևան Սյունիքով կապող միջանցք տալ Ադրբեջանին, իսկ Լաչինով դեպի Հայաստան` Արցախին։ ԱՄՆ կողմը պատրաստակամություն է հայտնում ֆինանսավորել էստակադայի կառուցումը և այն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանի տնօրինությանը։ Այս առաջարկն ընդունում է Հայաստանը, բայց մերժում է հայր Ալիևը։

Երկու երկրներում տեղի ունեցող ընտրական գործընթացները հետաձգում են բանակցությունները։

2004 թվականին հանդիպումները վերսկսվում են Պրահայում։ Այստեղ խոսվում է արդեն Արցախում հանրաքվե իրականացնելու գաղափարի մասին։

2007 թվականի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը նշանակվում է ՀՀ վարչապետ (պաշտոնավարում է մինչև 2008 թվականի ապրիլի 9)։

2007 թվականին Մադրիդում հանդիպում են երկու երկրների արտգործնախարարները։ Ներկայացվում է 14 կետանոց փաստաթուղթ, որում ներառված են Արցախում հանրաքվե անցկացնելու հարցը (անորոշ ժամկետում), Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցը և 5 շրջանների հանձնումը Ադրբեջանին։

Այս փաստաթղթին երկու երկրների ներկայացուցիչներն էլ կողմ են արտահայտվում։

2008 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանն ընտրվում է ՀՀ նախագահ (պաշտոնավարում է մինչև 2018 թվականի ապրիլի 23):

2008 թվականին ԱՄՆ նախաձեռնությամբ սկսվում է Հայաստանի և Թուրքիայի միջև ֆուտբոլային դիվանագիտությունը։

2011 թվականին Կազանում քննարկվում են Մադրիդյան սկզբունքները, այն է` խաղաղապահ զորախմբի տեղակայում Լաչինի միջանցքում և Արցախում` շփման գծի երկայնքով։ Հայաստանն ընդունում է այս պայմանները, իսկ Ադրբեջանը` ոչ։

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը դիմում է` «կրակի» մոնիթորինգի մեխանիզմներ ներդնելու համար։

2018 թվականի ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ՀՀ վարչապետ։

Նա մի շարք հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նրան անվանում է կիրթ ու կառուցողական։ Հայտարարում է, որ մերժում է բոլոր նախկին բանակցությունները և սկսում է բանակցություններ իր` զրոյական կետից։

Մեհրիբան Ալիևան սպառնում է, թե շուտով Շուշիում թեյ է խմելու մուղամի հնչյունների ներքո։ Նրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ալիևային հրավիրում է Շուշի` մուղամ լսելու։

Միևնույն ժամանակ Աննա Հակոբյանը հայտարարում է, թե Արցախի ազատագրական պայքարում հերոսացած տղաները «զոհվել են հանուն ոչնչի»։

Նա սկսում է արշավ` «Կանայք հանուն խաղաղության» և կոչ է անում փամփուշտներից զարդեր պատրաստել։

Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը 2018 թվականի հուլիսի 9-ին զորակոչվում է ՀՀ պաշտպանության բանակ, իսկ 2020 թվականի հուլիսի 7-ին ավարտում է զինվորական ծառայությունը։ Նշեմ, որ նրա ծառայության ընթացքում սահմանային որևէ բախում չի արձանագրվում։

Աշոտ Փաշինյանի զորացրումից ընդամենը 5 օր հետո` 2020 թվականի հուլիսի 12-ի առավոտյան, սկսվում են տավուշյան մարտերը, որոնք ավարտվում են հայկական կողմի գերազանցությամբ։ Ադրբեջանը հայտարարում է, որ իր քաղաքական ուղղությունն ամբողջությամբ թեքում է դեպի Թուրքիա։ Վերջինս էլ հայտարարում է, որ ինքն այսուհետ հանդիսանում է կոնֆլիկտի կողմ։

Աշոտ Փաշինյանի զորացրումից երկուսուկես ամիս անց` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվում է արցախյան 44-օրյա պատերազմը, որն ավարտվում է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթով։

Միջազգային իրավունքի տեսանկյունից այս ստորագրությունը հնարավոր էր հետ կանչել մեկուկես տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, արհեստական շեղող օրակարգերի ներմուծումը քաղաքական և հասարակական դաշտ, կեղծ ընդդիմության ակտիվ գործունեությունը թույլ տվեցին, որ ժամանակն անցնի ու այլևս հնարավոր չլինի այդ փաստաթուղթը հետ կանչել։

Վերլուծելով բանակցային գործընթացի թղթաբանական և կիրառական կողմերը` արձանագրում ենք, որ մինչև Նիկոլ Փաշինյանի ղեկավարումը հայկական կողմը կիրառել է դիվանագիտական տարբեր հնարքներ, համաձայնվել է փաստաթղթերի բովանդակությանը միայն այն պարագայում, երբ համոզված է եղել, որ բանակցային մեկ այլ կողմ (Արցախի Հանրապետությունը կամ Ադրբեջանը) դեմ են արտահայտվելու։ Թերևս ամենակարևորն այն հանգամանքն է, որ Հայաստանի ու Արցախի սահմանները եղել են անառիկ ու ապահով։ Արցախցին կարողացել է արարել իր հողում և չի մտածել արտագաղթելու մասին։

Նիկոլ Փաշինյանը, «բանակցությունները» սկսելով զրոյական կետից, Հայաստանն ու Արցախը տարել է լայնածավալ պատերազմի, որի արդյունքում մենք կորցրել ենք Արցախի 75%-ը, Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 10 հազար հեկտար, ըստ պաշտոնական տվյալների ունեցել ենք շուրջ 4 000 զոհ (ինչպես հետագայում պարզվեց ՀՀ առողջապահության նախարարությունը խաբել է ԱՀԿ-ին ու պատերազմում զոհված տղաներին ներկայացրել է որպես COVID-19-ից մահացած քաղաքացի), իսկ ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության զոհերի թիվը գերազանցում է 10 000-ը։ Մինչ օրս չի լուծվել գերիների և անհետ կորածների հարցը։

Պատերազմից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայկական կողմն «իրենց է թողել շուրջ 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք», և իր զարմանքն ու վրդովմունքն արտահայտեց այն առնչությամբ, որ հայկական կողմն այդքան զենք ունենալու իրավունք չուներ։

Ստացվում է, որ թալանի մեջ մեղադրվող «նախկիններն» այնուամենայնիվ զինել էին Հայաստանն ու Արցախը, իսկ Մեհրիբանին մուղամի հրավիրող իշխանությունն այդ զենքը «նվիրեց» թշնամուն։

Բանակցային վակուումը միշտ պատճառ է կրակելու համար։ Եթե կարողանում ես բանակցել այնպես, որ այդ բանակցությունները մնան միայն թղթի վրա, իսկ իրականում քո քաղաքացին հանգիստ ապրի քո պապենական հողում, ապա դու հայրենատեր ես։

Լինելով ՀՀ բոլոր չորս ղեկավարների անխնա քննադատը` արձանագրում եմ. Հայաստանի ներկա իշխանությունները կործանում են Հայաստանն ու Արցախը, իսկ նրանց սատարողները կամ չեն ցանկանում տեսնել իրականությունը, կամ դիտավորյալ ապակողմնորոշում են մարդկանց։

 

 

Գրիգոր Զոհրապին տարան անապատ։

Ուղիղ մեկ շաբաթ ստիպում էին շոր լվալ։

Հետո դաժանորեն բռնաբարեցին։

Երկու եղան կոխեցին փորն ու տնկեցին վառող արևի տակ։

Թող արնաքամ լինի, հետո կաշվից մի բան կկարենք։

 

Մարինա Խաչատրյան

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Բժիշկ-նեյրովիրաբույժ

WINS, WSSFN անդամ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով