Պաշտոնամանդատացավության մոլուցքն ու նոպաները. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.«Մայիսի 3-ից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները ամբողջ կազմով բոյկոտում են խորհրդարանի նիստերը՝ կազմակերպելով հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ։ Եվ մինչ ընդդիմությունը նոր մարտավարությամբ է փորձում կազմակերպել իր հետագա պայքարը, ՀՀ իշխանությունները մտադիր են ընդդիմադիր որոշ պատգամավորների զրկել մանդատից՝ մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու հիմքով։ Իշխող ուժն արդեն տվել է այս գործընթացի մեկնարկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որպես «առաջին քայլ»՝ ՔՊ խմբակցությունը որոշում է կայացրել «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթել յանին հեռացնել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Խնդիրն այստեղ նույնիսկ այն չէ՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայություններն հարգելի՞ են, թե՞ ոչ, արդարացվա՞ծ են նման քայլերը, կամ ՍԴ դիմելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։ Հարցն ունի նաև լուրջ ենթաշերտեր, որոնցից մեկը վերաբերում է քպականների հատուկ սևեռվածությանը մանդատների կամ պաշտոնների վրա։

Ու պատահական չէ, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից և պաշտոններից զրկելը իշխանությունների կողմից ներկայացվում է պաթետիկ ոճով՝ որպես մի դարակազմիկ իրադարձություն։ Իրականում սա ուղղակիորեն բացահայտում է իշխանությունների էությունը, մի խոսքով՝ ինչպես հոգեբաններն են սիրում ասել, ենթագիտակցականությունը հզոր գործոն է. այս պարագայում քպականներն իրենց վարքով ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե իրենց համար որքան կարևոր է պաշտոնը, մանդատը, թե ինչպես են իրենք կառչած իրենց աթոռներից, ինչքան ցավոտ են տանում պաշտոններից զրկվելու հնարավորությունը, քանի որ դա իրենց համար, կարծես թե, «կյանքի ու մահվան հարց է»։

Մի կողմից՝ նրանց հասկանալ կարելի է. իրենք էլ են զարմացել ինչ-որ հրաշքով իշխանության հասնելուց, պաշտոններ ու մանդատ ձեռք բերելուց։ Նաև գիտակցում են, որ եթե կորցնեն իրենց աթոռները, ապա դա իրենց մեծ մասի համար հավասար կլինի «կոտրած տաշտակի» առջև կանգնելուն։ Միևնույն ժամանակ, իշխանություններն այժմ օգտագործում են իրենց պաշտոնական լծակները պարտության և պետությունն աղետալի վիճակի հասցնելու պատասխանատվությունից խուսափելու նպատակով, սակայն երևի թե գոնե մի քիչ պատկերացնում են, որ իշխանափոխությունից հետո բարձրացվելու է այսօրվա իշխող ուժի թե՛ անհատական, թե՛ հավաքական պատասխանատվության հարցը։ Ըստ այդմ, բնականաբար, քպականներն ատամներով են պահում իրենց աթոռները նույնիսկ այնքան մեծ ավերածություններից հետո, որ բերել են իրենց իշխանավարության ընթացքում։ Եվ այս կարգի կառչածությունը և աթոռներին սոսնձվելը նաև ստիպում է, որ իրենք այդպես հիվանդագին վերաբերվեն ընդհանրապես պաշտոնին կամ մանդատին, դրանք իրենց համար կուռք դարձնեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատահական չէ, որ այս իշխանությունները քաղաքական գործընթացները պատկերացնում են պրիմիտիվ աթոռակռվի շրջանակներում։ Եվ իրենց պատկերացումները պրոյեկտում են նաև ընդդիմության վրա։ Եթե իրենք պաշտոնացավությամբ են տառապում, ապա իրենց թվում է, թե նույնը լինելու է նաև ընդդիմության դեպքում։ Սակայն ընդդիմադիրները, կարծես, առանձնապես չեն «հուզվել» իշխանական այս տվայտանքներից, և նշում են, որ իրենք մանդատակռվի, պաշտոնակռվի կամ լոկ իշխանության հասնելու հարց չէ, որ դնում են, այլ ընդդիմադիր շարժման հիմքում պետականության, համազգային շահերի իրացման խնդիրն է դրված։ Իսկ այսպիսի մեծ ընդգրկվածություն ունեցող պայքարի դեպքում մանդատների հարցը նույնիսկ երկրորդական նշանակություն ունի։

Ի վերջո, մյուս կողմից՝ եթե մի քանի ընդդիմադիր պատգամավոր մանդատից կամ ԱԺ-ում զբաղեցրած պաշտոնից զրկվի, ապա դրանից ընդդիմությունը չի թուլացնելու իր պայքարը։ Իսկ մանդատներից զրկված անձանց փոխարեն ընդդիմադիր ուժերի ցուցակում ներկայացված այլ անձինք են այդ մանդատները վերցնելու (պաշտոնները՝ դեռ մի կողմ), համաձայն օրենսդրության: Այսինքն, ընդդիմությանը հնարավոր չէ զրկել խորհրդարանական հարթակից, եթե իրենք դա չցանկանան, իսկ իշխանությունների կողմից բարձրացվող «մեկ բաժակ ջրում փոթորիկը» կարող է հակառակ էֆեկտն ունենալ հենց իշխանության համար։ Այն, որ իշխանական պատգամավորներից յուրաքանչյուրը կամ, ընդհանրապես որևէ քպական պաշտոնյա մանդատից ու պաշտոնից, դրանց բերած արտոնություններից ու վայելքներից այն կողմ ոչինչ չի տեսնում, նորություն չէ: Դրանում համոզվում ենք ամենօրյա ռեժիմով:

Ամենաթարմ օրինակը կապված է Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի հետ: Կան տեղեկություններ, որ դրան մասնակից է եղել ոչ միայն քպական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը, ինչը նաև վերջինս հաստատեց, թեպետ սկզբում ինտենսիվ հերքում էր, այլ նաև հենց ինքը՝ պատգամավորը: Բայց վերջինս նույնիսկ չի էլ մտածում առնվազն քաղաքական պատասխանատվության և մանդատը վայր դնելու մասին։ Սա ինքնին շատ խոսուն է և լրացուցիչ անգամ ի ցույց է դնում այս թիմի էությունը: Մի խոսքով, պաշտոնամանդատացավը շատ բնորոշ հիվանդություն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար: Դե, ինչպես ընդունված է ասել, այս դեպքում էլ նրանք պարզապես իրենց «արշինով» են չափում մյուսներին» :

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով