«Հույսը կապում ենք լույսի հետ, որը մի օր երևի կբացվի». Արցախցին միշտ կանգուն է, պատրաստ իր հող ու ջրի համար պայքարել. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«.1993–ին Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից Լիդա Սևյանի ընտանիքը տեղափոխվում է Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղ: Հենց այն ժամանակ էր, երբ հայկական զինված ուժերն ամբողջովին իրենց վերահսկողության տակ վերցրին Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի ադրբեջանական վերջին հենակետը՝ Թարթառ գետի աջ ափին՝ շուրջ 900 մետր բարձրության վրա գտնվող Չարեքթարը։ Պատերազմից հետո Չարեքթարի մասին շատ է խոսվել: 2020-ի նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանի մեծ մասը հանձնելուց առաջ գյուղի 48 տղամարդ ամրացել է գյուղում՝ հրաժարվելով հանձնել գյուղը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանցից ազատամարտիկ Աշոտ Սևյանը հայտարարել է, որ չեն ենթարկվելու գյուղն Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու որոշման հետ և պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը կռվել և զոհվել գյուղի համար: Այսօր Չարեքթարը Քարվաճառի շրջանի միակ գյուղն է, որը գտնվում է մեր վերահսկողության ներքո, բայց Չարեքթարի բնակչությունը 2020-ին տարհանվել ու մինչ օրս գյուղ այդպես էլ չի վերադարձել, որովհետև, բնակիչների խոսքով, թուրքերը 100 մետր հեռավորության վրա ազատ շրջում են ու խաղաղ բնակիչն իրենց համար թիրախ է: 2020-ին Լիդա Սևյանի ընտանիքը ևս տարհանվել է ու այսօր կրկին ապրում է Վաղուհասում:

«Ես Վաղուհասի հարս եմ եղել: 1994-ից ապրել ենք Չարեքթարում, ու ամեն ինչ շատ լավ էր: Քարվաճառը վերաբնակեցման գոտի է եղել, ժողովուրդը շատ է եղել, ամեն տեղից բնակիչներ են եղել, բայց 2020-ի պատերազմով, առանց որևիցե մի կրակոցի, առանց որևիցե մի բանի ցրեցին ժողովրդին, մի ստորագրությունով Քարվաճառի շրջանը նվիրատվություն արեցին Ադրբեջանին, ժողովրդին էլ ցաք ու ցրիվ թողին: Ու մենք մեր ընտանիքով՝ 2 տղաս, իրենց երեխաները, կանայք, ես ու ամուսինս նորից տեղափոխվել ենք Վաղուսահ ու ապրում ենք այստեղ:

Ամուսինս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է Վաղուհասի ջոկատի հրամանատարը, մասնակցել Քարվաճառի ազատագրմանը, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի գործողություններին: Էն ժամանակ հաղթանակներ են տարել: Հիմա էդ հաղթանակները ոնց որ հօդս ցնդեն… Մեր կորուստները, մեր հաղթանակները, ոնց որ էդ ամենը չէր եղել, չկար…»: Լիդա Սևյանն ասում է՝ Արցախի մի գյուղից մյուսը կտեղափոխվեն, բայց Արցախից հեռանալ չեն պատրաստվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիմա տուն չունենք, ուրիշի տանն ենք ապրում: Աշխատանք էլ չունենք, բայց Արցախից գնալու ցանկություն էլ չունենք: Ինչի՞ պիտի գնամ, Արցախում ծնված, մեծացած թոռներ ունեմ, ընտանիք ունեմ, էրեխեքս, թոռներս էստեղ են բնակվում: Իմ հողն է, իմ ջուրն է, չեմ գնա: Հետո՝ պիտի պայքարենք, մեր զոհերի հիշատակը պիտի վառ պահենք: Արցախցին միշտ կանգուն է, պատրաստ իր հող ու ջրի համար պայքարել, միշտ պայքարելու է՝ մինչև արյան վերջին կաթիլը: Մենք մեր Արցախն Ադրբեջանին չենք տա: 1992 թ.-ից մեր տղաները պայքարել են, հենա՝ մեր զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիդիան՝ նշելով, որ գյուղը ևս բազմաթիվ զոհեր է ունեցել:

«Կորուստներ ունենալու ցավը մեծ է: Ինքս 30 տարի այդ ցավով եմ ապրել ու ապրում: Հայրս, եղբայրս, հորեղբորս տղան 1992-ից առ այսօր անհետ կորած են համարվում, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք: Էլ հույս էլ չունեմ…»,-ասում է նա ու խոսում այլ հույսի մասին:

«Մեր տղաները պայքարել են, հող են ազատագրել, ու մենք պարտավոր ենք նորից պայքարել, մեր հող ու ջրին տեր լինել: Ճիշտ ա, մենք հենց հիմա ոչ մի զբաղմունք, աշխատանք չունենք, բայց շարունակում ենք մնալ այստեղ ու մնալու ենք, երևի մի լույս կբացվի: Մեր հույսերը կապում ենք այդ լույսի հետ, որ, գուցե, մի օր այն կբացվի, գուցե մի օր Արցախը էլի կծաղկի, աշխատատեղեր կբացվեն, կապրենք, կաշխատենք, կզարթնենք Չարաքթարում այնպես, ինչպես մինչև 2020 թվականի պատերազմը։ Բայց ես, մեկ է, չեմ կարծում, որ խաղաղություն լինի: Ադրբեջանն անընդհատ ասում է՝ «միջանցք եմ պահանջում»:

Ասում է՝ եթե սա չտան, նա չտան, եթե Հայաստանը, Արցախը չհամաձայնեն, նորից պատերազմ կսկսեմ: Տենց խաղաղություն չի կարա լինի: Բայց մենք պիտի պայքարենք: Եթե հույս էլ չունենք, պիտի պայքարենք…» Տիկին Լիդիան կարոտով է հիշում Չարեքթարում անցկացրած տարիները ու ափսոսանքով նշում, որ այնտեղ այս պահին ապրել չեն կարող. «Որ 2020-ին ասացին՝ Քարվաճառը պիտի տան թուրքերին, ժողովրդի կեսը տունը քանդեց, կեսս էլ վառեցինք տները: Պատերազմի սկզբին գյուղի տղամարդիկ դիրքերում էին, նոյեմբերի 13-ին որ իջան ու իմացան, որ Քարվաճառը հանձնելու են, տների մի մասն էլ իրենք վառեցին։ Հիմա կիսով չափ վերանորոգված է գյուղը, բայց գյուղում բնակիչ չկա, որովհետև անվտանգության մեծ խնդիր կա, էրեխեքին էնտեղ տանել չենք կարող…»:

No description available.

Քանի որ տիկին Լիդիան ինչ-որ տեղ էր շտապում՝ զրույցն ավարտելով, շարունակեցի զբոսանքս Վաղուհասում: Երկու փողոց այն կողմ խառնվում եմ պապ ու թոռի՝ «ԶԻԼ»-ի վրա տեղի ունեցող խոսակցությանը: Պապը պատմում է, թե ինչու էին նոր բացված խաղահրապարակում բոլոր երեխաները խաղում, իսկ իր թոռը, բոլորից տարբերվելով, ծառ էր բարձրանում:

«Որսորդի թոռ ա, դրա համար տենց ա: Գիտես, չէ՞, նապաստակն իրա համար փոքր կենդանի ա»,-ասում է պապը՝ հպարտանալով թոռի խիզախությամբ:

Կիսվելով արդեն ցավոտ թեմաների շուրջ իր պատկերացումների մասին՝ զրուցակիցս նշեց. «30 տարի հողերը մեր ձեռնա ա եղել, էսօր մեր ձեռքին չի: Դե, մեր ձեռքին ա, ուղղակի էն մասը չէ, որքան էղել ա: Չենք կարա բացատրենք՝ ո՞նց ստացվեց, ի՞նչ եղավ, որ 30 տարի վայելես ու մի օր մնաս օդում: Բայց մեր ժողովրդի ապրելակերպը պիտի լավ լինի, ազատ պիտի ապրեն, չպիտի անհույս մնանք ու մտածենք՝ ապրելո՞ւ ենք, թե չէ, կամ մտածենք՝ ո՞ւր գնանք, որ էրեխեքի համար ապահով լինի: Բայց, մեկ ա, ժողովուրդն ապրելու ա Արցախում, ուզում ա 100 տեսակի թուրք, 100 տեսակի «ծախող-մախող» լինի, մեկ ա՝ ժողովուրդը չի գնալու էստեղից: Ով գնացել, գնացել ա: Անկախ ամեն ինչից պիտի ապրենք Արցախում»:

Մինչև զրույցը կշարունակեինք, մեծ թասը ձեռքին վերևի փողոցից տիկին Լիդիան էր իջնում: Մոտեցավ ու զրուցակցիս ասաց. «Ա՛յ մարդ, պատրա՞ստ չես»: «Սպասի՛, կնիկ, ինտերվյու եմ տալիս: Թութդ չի փախնի»:

Տիկին Լիդիան, փաստորեն, թութ տափ տալու արարողությանն էր շտապում: Թութը, իհարկե, չէր փախնի, բայց մութը հո կընկներ: Զրուցակիցս, ինչպես արդեն հասկացաք, տիկին Լիդիայի ամուսինն էր՝ ազատամարտիկ Ժյուլվեռն Սևյանը, մեկը Չարեքթարի այն տղամարդկանցից, որ 2020-ին հրաժարվել էր հանձնել գյուղը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով