Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկում է նրա անունը կրող մրցույթը

 

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթը նպատակ ունի բացահայտելու տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնելու Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարի մեծաթիվ դիմորդներից նախընտրական փուլը հաղթահարել և առաջին փուլին մասնակցելու են 19 թավջութակահարներ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստան, Բելգիա, Ռուսաստան, Վենեսուելա, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Չինաստան, Ռումինիա, Մոլդովա, Բելառուս, Շվեյցարիա, Իսպանիա և Իտալիա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունիսի 6-ի առավոտյան մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք են մատուցել Արամ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրմին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված մրցույթի մեկնարկին։

Խաչատրյանական մրցույթը բաղկացած է երեք փուլից։ Հունիսի 7-ին և 8-ին տեղի կունենա մրցույթի առաջին փուլը, հունիսի 9-ին և 10-ին կանցկացվի երկրորդ փուլը, իսկ 11-ին և 12-ին՝ երրորդ եզրափակիչ փուլը։ Արդյունքները կամփոփվեն, և մրցանակակիրները կհայտարարվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման պաշտոնական արարողության ընթացքում։ Երկրորդ և երրորդ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Խաչատրյանի ստեղծագործությունները։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը նշում է, որ մրցույթի կարևորագույն նպատակներից է, որպեսզի աշխարհում ավելի ու ավելի շատ կատարվի Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ «Շնորհիվ Խաչատրյանի անվան մրցույթի այսօր արդեն 5000 երաժիշտ աշխարհում կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտները։ Այսօր երեկոյան կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը հունգարացի ջութակահարի կատարմամբ»,- նշեց Արմեն Սմբատյանը։ Պարոն Սմբատյանը ներկայացրեց նաև ժյուրիի կազմը, որը կազմված է հեղինակավոր երաժիշտներից. ժյուրին կգլխավորի մեծանուն ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը, ում սաներն այսօր հանդես են գալիս մեծ բեմերում։ Պարոն Սմբատյանը նկատեց նաև, որ խաչատրյանական մրցույթի շատ մասնակիցներ հետագայում դարձել են նաև հեղինակավոր այլ մրցույթների դափնեկիրներ։ Մասնավորապես, Նարեկ Հախնազարյանը, Անդրեյ Իոնիցան և այլք, որոնք առաջին մրցանակների են արժանացել խաչատրյանական մրցույթում, հետագայում նաև առաջին մրցանակներ են նվաճել Չայկովսկու անվան և այլ մրցույթներում։

Ժյուրիի նախագահ Էդուարդ Վուլֆսոնն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է որևէ կերպ ծառայություն մատուցել Խաչատրյանի արվեստին։ «Այս մրցույթը մեծ հնարավորություն է բացահայտելու տաղանդաշատ երաժիշտների։ Այսօր դասական երաժշտության մեծ օր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ Արամ Խաչատրյանը և նրա երաժշտությունը համամարդկային արժեքներ են»,- ասաց պարոն Վուլֆսոնը՝ հաջողություններ մաղթելով բոլոր մասնակիցներին, ինչպես նաև խորհուրդ տալով նրանց ժյուրիի առջև հանդես գալ ինքնաբուխ հանգստությամբ, ներկայացնել դրանք սեփական մեկնաբանությամբ։

Մրցույթի մասնակից թավջութակահարներին ողջունեց նաև ժյուրիի անդամ Արամ Թալալյանը՝ վերջիններիս մաղթելով ամուր նյարդեր։ Նրա խոսքով, ցանկացած մրցույթ յուրահատուկ հարթակ է դառնում երիտասարդների համար, որոնք մեծ բեմ դուրս գալու հնարավորություն չունեն ու այդպիսով կարող են իրենց դրսևորել պրոֆեսիոնալների առաջ:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը շեշտեց, որ Խաչատրյանի անվան մրցույթը կլինի երիտասարդ կատարողների համար ևս մեկ փուլ իրենց կարիերայի ճանապարհին։ Պարոն Թովմասյանը տեղեկացրեց, որ մրցույթը կհեռարձակվի Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջով, Violin Channel-ով։

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

Խաչատրյանի անվան 18-րդ մրցույթի բացման համերգը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի սյուիտը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը։

 

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

12 + 8 =