Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

 

Արցախի ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպմանը եւ դրան հաջորդած Միշելի հայտարարությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտարարությունում ասվում է.

«Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:

Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:

Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:

Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:

«Ազատ Հայրենիք –ՔՄԴ»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով