«Աներձագով», «ուսապարկով» հարձակվել էին Արցախի դրոշի վրա . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկեց ընդդիմության կողմից Արցախի դրոշը տեղադրելու ակցիայով։ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մոտեցավ ամբիոնին, հայտարարեց, որ Արցախի անվտանգության եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ կան, որոնց այս իշխանությունը չի կարողանում համարժեք արձագանքել, ուստի իրենք չեն մասնակցելու այս նստաշրջանի նիստերին եւ մեկնելու են Արցախ, Սյունիք եւ ՀՀ սահմանամերձ այլ հատվածներ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետեւ Օհանյանը գրպանից հանեց Արցախի դրոշն ու ամրացրեց այն ԱԺ ամբիոնին՝ նշելով․ «Պահպանենք այս դրոշը, քանզի պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը»։ Հնչեցին ծափեր, բնականաբար՝ ընդդիմադիրների շարքերից։

«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը եւս ասաց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու այս քառօրյային եւ մեկնելու են Արցախ՝ լինելու մեր հայրենակիցների կողքին։ Օհանյանի այս քայլն իսկական հիստերիա առաջացրեց ՔՊ-ական «ուսապարկերի» շրջանում։ Նրանք հերթով մոտեցան ամբիոնին եւ հարձակվեցին ինչպես Սեյրան Օհանյանի, այնպես էլ Արցախի դրոշի վրա։ Մեկն ասաց՝ Արցախը Ստեփանակերտում են պաշտպանում, ոչ թե Երեւանի կենտրոնում, մյուսն ասաց՝ դրոշ վառելով կամ դրոշ տնկելով չեն փրկում Արցախը, երրորդը պահանջեց իրենց իշխանությունից եւ ԱԱԾ-ից՝ կոշտացնել դիրքորոշումները եւ պարզել, թե ուր են տանում այս գործողությունները, իսկ Ալեն Սիմոնյանն էլ որոշեց ընդդիմությանը մեղադրել բյուջեի հաշվին անգործություն դրսեւորելու մեջ։

«Ուզում եմ հասկանալ՝ լավ, այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու, ե՞րբ են այս մարդիկ իրենց վրա պետության կողմից ծախսված գումարներն արդարացնելու»,- ասաց Սիմոնյանը։ Իսկ Արցախի համար կյանքում ոչինչ չարած եւ միայն ԱԺ ամբիոնից «հանուն հայրենիքի» հոխորտացող «թիվ մեկ ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը մոտեցավ ամբիոնին եւ անմիջապես հարձակվեց Սեյրան Օհանյանի տեղադրած Արցախի դրոշի վրա՝ այն պոկելով ու հեռացնելով ամբիոնից, կարծես Թուրքիայի դրոշն էր, ոչ թե Արցախինը։

Նրա այս քայլից հետո համացանցում սկսեցին թքել ու մրել Ալեքսանյանի երեսին, թե Արցախի համար իր ոտքը կորցրած գեներալը տեղադրում է Արցախի դրոշը, իսկ Արցախը հանձնած իշխանության ներկայացուցիչը հեռացնում է այն ու անպատվում ազգային հերոսին։ Իսկ Լուլուն էլ փորձեց կոգնիտիվ դիսոնանս գտնել ընդդիմության հայտարարությունների մեջ․ «Այս ընդդիմությունն ասում է՝ հանձնել եք Արցախը, բայց այսօր մեկնել են Արցախ, հիմա Արցախը հանձնե՞լ ենք, թե՞ չենք հանձնել»։ Ընդմիջմանը փորձեցինք հասկանալ ՔՊ-ականներից, թե ինչ ունեն Արցախի դեմ, ինչու են հեռացնում Արցախի դրոշն ամբիոնից։ Բայց նրանք կա՛մ խուսափում էին պատասխանելուց, կա՛մ տալիս էին անհեթեթ, հանրության նյարդերն էլ ավելի բորբոքող պատասխաններ։ Օրինակ՝ Հակոբ Ասլանյանը, որն իրեն համարում է արցախյան պատերազմի մասնակից, մեր հարցին, թե Արցախի դրոշը խորհրդանիշ է, ինչո՞ւ են հեռացնում ամբիոնից, ասաց․ «Դե, խորհրդանիշ է, բերեք գլխիս տնկեք, խորհրդանիշը խորհրդանիշների տեղում պետք է լինի, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է։ Դրոշ վառելով, դրոշ տնկելով երկիր չեն պահում, ձեր առաջ այն մարդն է կանգնած, ով երեք անգամ իր կյանքը դրել է այս երկրի համար, իսկ այդ դրոշ տնկողների 90%-ը նույնիսկ ավտոմատ մի անգամ չի բռնել եւ փախել է։ ԱԺ ամբիոնը դրոշ տնկելու տեղ չէ, եթե ամեն մեկը վերցնի, ու ինչ-որ իր մտքով անցնում է, տնկի այնտեղ, ի՞նչ կլինի, ամբիոնը դրոշի տե՞ղն էր»։

Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն էլ, որը շատ էր նեղվել, որ իր մասին ժամանակին գրել էինք՝ «Աներձագը մարդ է դարձել, կարծի՞ք է հայտնում», որոշեց ցինիզմի վերածել Սեյրան Օհանյանի կողմից Արցախի դրոշը տեղադրելու պրոցեսը։ «Մենք տեսանք, որ Սեյրան Օհանյանը հենց ամբիոնի կպչուն տեղում թքոտում է եւ կպցնում է դրոշը, եթե դրոշը թքել-կպցնելը քաղաքական ակցիա է, ապա ակցիան մինչ այս պահը շարունակվում է»,- ասաց «թիվ մեկ աներձագը»։ Իսկ մինչ ՔՊ-ականները մարտեր էին մղում Արցախի դրոշի՝ անշունչ առարկայի դեմ, այդ ընթացքում ընդդիմությունն արդեն Արցախի, Սյունիքի եւ սահմանամերձ, այս իշխանությունների կողմից «հանձնման ենթակա» մյուս բնակավայրերի ճանապարհին էր։

Մեկնելուց առաջ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք գնում են ժողովրդին կազմակերպելու ու ոտքի հանելու եւ վերադառնալուց հետո արդեն կհրապարակեն իրենց քայլերը։ «Կան արդեն պլանավորած քայլեր եւ գործողություններ, այդ մասին լրացուցիչ կհայտարարենք»։ Մեր դիտարկմանը, թե «ուսապարկերն» ամբիոնից հայտարարում են, թե Արցախը Ստեփանակերտում է պետք պաշտպանել, ոչ թե Երեւանի կենտրոնում, Սաղաթելյանն ասաց․ «Բա ինչի՞ չեն գնում Ստեփանակերտ, բա եթե Արցախը փրկում են Ստեփանակերտում, ինչի՞ չեն գնում Ստեփանակերտ, ի՞նչ գործ ունեն ասֆալտի վրա ճոռոմաբանությամբ զբաղվելով։ Իրենք ձեռքերը լվացել են Արցախից»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

six − 5 =