ՊԵԿ. մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՏԳ մասնակիցները կարող են փոփոխություններ կատարել 2020թ.-ին ներկայացված մաքսային հայտարարագրերում;Այս մասին  տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հիշեցնում է, որ ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ երկարաձգվել էր 3-րդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքի դրույքաչափերի արտոնությունների ժամկետը: Որոշմամբ սահմանվել են նաև այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում 2020 թվականի ընթացքում կիրառվել են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր դրույքաչափեր: Որոշումը թեպետ ուժի մեջ էր մտել հունիսի 12-ից, սակայն ուներ հետադարձ ուժ:
Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում էր նաև 2020թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հունիսի 12-ից կազմակերպել է այդ ապրանքների ներմուծման ժամանակ բարձր դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի տարբերության վերահաշվարկման և տնտեսվարողների վերադարձման գործընթաց:
Կոմիտեում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թվականի ընթացքում ներկայացված 3808 հայտարարագրերում մաքսատուրքի գումարները հաշվարկվել և գանձվել են բարձր դրույքաչափերով: Տնտեսվարողների մի մասն օգտվելով ընձեռված հնարավորությունից, դիմել է ՊԵԿ և փոփոխություններ կատարել նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում՝ ավելի բարձր մաքսատուրքի դրույքաչափերը փոխարինելով որոշմամբ սահմանված ավելի ցածր դրույքաչափերով: Սակայն դեռևս 1678 կազմակերպություն տարբեր պատճառներով նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում չեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները:
Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, փոփոխություններ կատարեն նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում, որպեսզի կարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները:
Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով