«Ազատագրական շարժումը» շարունակելու է գործողությունները

Փաստաբանների պալատի նախկին նախագահ  Արա Զոհրաբյանը  գրում է.

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2021թ. նոյեմբերի 21-ին հայտարարվել է, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Նույն հայտարարությամբ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին շտապ հավաք է հրավիրվել Երևանի Հանրապետության հրապարակում:
Նոյեմբերի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Երևանում տեղի են ունեցել հանրահավաքներ և երթեր:
26.11.2021թ. ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրած հայտարարության համաձայն արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ:
Հայտարարության մեջ ստորագրող կողմերը հիմնվել են երեք պետությունների 09.11.2020թ. հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են, այն է՝ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել հայկական ուժերի զբաղեցրած ուժերի դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք, ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք, նոյեմբերին առաջնագծում հայորդիներ են զոհվել, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Արցախի կարգավիճակի հարցի վիժեցմանը:
Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազատագրական շարժումը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջը՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի ապազգային գործունեությունը: Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջը ներկայացվել է, քանի որ վերջինս ի խախտումն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտականության 2018-2021թթ. ընթացքում չի հետևել Սահմանադրության պահպանմանը և չի կատարել պետության գլխի իր՝ համապետական և համազգային շահերի պաշտպանության հիմնական գործառույթը:
Նոյեմբերի 28-ին Ազատագրական շարժման անդամներն իրականացրել են ոտքով ուխտագնացություն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանուն ազգի համախմբման՝ առանց քաղաքական կոչերի:
Նոյեմբերի 29-ին Երևանում կրկին տեղի է ունեցել հանրահավաք:
Հանրահավաքների ընթացքում, Ազատագրական շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհների բացումը Ադրբեջանի հետ առանց անվտանգության հարցի նախապես լուծման վտանգ է ներկայացնելու Հայաստանի ժողովրդի համար:
Ազատագրական շարժումը տեղեկացնում է, որ՝
1. Շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, այդ թվում՝ շարունակելու է համախմբել հայրենակիցներին Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջների շուրջ.
2. Ազատագրական շարժումը վերկուսակցական շարժում է և պատրաստ է համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի, հասարակական միավորների, մասնագիտական համայնքների և անհատների հետ.
3. Շարունակելու է իրազեկման և բողոքի ակցիաները, ինչպես նաև իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը:
Ազատագրական շարժման պատասխանատուներ՝
Նաիրի Հոխիկյան- հեռուստամեկնաբան.
Արա Զոհրաբյան- փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու.
Վազգեն Պետրոսյան- թուրքագետ, քաղաքական մեկնաբան
Վահագն Չախալյան- իրավապաշտպան.
Անդրանիկ Մարգարյան- հանրային կառավարման մասնագետ
Գագիկ Հարությունյան- դերասան.
Սևակ Հակոբյան- քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող.
Հայկ Սահակյան- փաստաբան.
և այլոք

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով