Ակնհայտ է, որ այս իշխանությունը միայն արյուն, ավեր, քաոս, պառակտում է բերել ու բերելու․ Վարդանյան

 

Ակնհայտ է, որ այս իշխանությունը, դրա ղեկին գտնվող մարդը միայն արյուն, ավեր, քաոս, պառակտում է բերել ու բերելու, քանի դեռ իշխանություն է, և դա արձանագրվել է նաև «Հայաստան» դաշինքի և այլ քաղաքական ուժերի՝ երեկվա հայտարարությունների մեջ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի՝ կարծես վերադարձ լինի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պետական ամբողջ ապարատը լծված էր ապատեղեկատվության տարածմանը, նույնիսկ «Հաղթելու ենք»-ի հեղինակն է աշխատելու գնացել։ Պատգամավորն ընդգծեց, որ զոհերի վերաբերյալ տարբեր աղբյուրներից տարբեր տվյալներ էին հրապարակվում․ «Հայկական ժամանակ» թերթը գրում էր 10 զոհի մասին, Էդուարդ Աղաջանյանը հայտարարում էր 15 զոհի մասին, պաշտոնական տեղեկատվության համաձայն էլ՝ 1 զոհ է։

«Այսօր ակնհայտ է, որ ունենք առնվազն 13 գերեվարված, և հետաքրքիր է, որ պաշտոնական աղբյուրները որևէ բան չեն ասում՝ այդ գերիները Գեղարքունիքո՞ւմ են գերեվարվել, թե՞ Սյունիքում։ 24 անհետ կորած կա, և դիրքեր ենք կորցրել, իսկ իշխանության ղեկն զբաղեցնողը երեկ ԱԽ նիստում խոսում էր մեր պետական ազգ լինելու մասին, երբ ինքն իր ամբողջ գործունեության ընթացքում պետությունը կազմաքանդել է և ինքնիշխանությունն անընդհատ նվազագույնի է հասցրել, Հայաստանը սուբյեկտից վերածել է միջազգային հարաբերությունների օբյեկտի, և պետականության ազգ-քաղաքացիներից իր ամբողջ գործունեությունը միտված է եղել պետական ազգի հնարավորությունը ամբոխի վերածելուն»,-հայտարարեց Վարդանյանը։

Անդրադառնալով ԱԺ մեծամասնությանն ու Կառավարության անդամներին՝ Վարդանյանը նշեց, թե նրանք որևէ դերակատարություն չունեն։

«Հլու-հնազանդ կամակատարների նման ծառայում են մեկ մարդու, իրականում ծառայում են իրենց իշխանությունն ու նոր ստացած հնարավորությունները պահելուն։ Քանի դեռ իրենք իշխանության են, մեր պետականությունը միայն կորուստներ է ունենալու։ Մենք նախաձեռնել ենք դիմադրության շարժումը, որը, վստահ եմ, քայլ առ քայլ հզորանալու է, և շուտով գալու է այս արհավիրքից ազատվելու պահը»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

seventeen + 4 =