Խաղաղությո՞ւն ես ուզում, միշտ պատրաստվի՛ր պատերազմի.Խաչիկ Ասրյան

 

Հայրենատե՛ր  Հայ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խաղաղությո՞ւն ես ուզում, միշտ պատրաստվի՛ր պատերազմի» հայտնի պատգամն առավել շատ վերաբերում է այն ազգերին ու պետություններին, որոնք շրջապատված են դարավոր թշնամի հարևան ազգերով ու պետություններով, կամ «… ատյացներով»: Բնականաբար, այս հայտնի պատգամն ուղղակիորեն վերաբերում է  նաև արարչագործ Հայ ազգին, Հայաստանին ու Արցախին:

Ինչո՞ւ և ինչի՞ համար են պատերազմները. բացառապես հողի՝ սուրբ հողի պահպանության և այդ հողն արարող մարդու անվտանգությունն ապահովելու համար: Արարչի կողմից ստեղծված Հայ ազգը, Հայկ Նահապետից մինչ օրս, բազմահազար հայորդիների արյան գնով, միշտ պաշտպանել և պաշտպանելու է Հայկական բարձրավանդակը բոլոր տեսակի թշնամիների ոտնձգություններից:

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են  Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար հայորդիների աճյունները: Եվ, նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ Հայոց սուրբ հողի պաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր Հայի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկական բարձրավանդակում և բարձրավանդակից դուրս բնակվող, ողջ Հայ ժողովուրդն, իր իշխանության հետ միասին, իր կեղծ և պայմանական խաղաղության համար չի կարող և իրավունք չունի որոշում կայացնել Հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու վերաբերյալ:

Հայ ժողովուրդն ու իր իշխանությունը կարող են որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք Հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Դա նույնն է, որ քննարկես և որոշում կայացնես ծնողներիդ լինելության կամ չլինելության վերաբերյալ:

Հիմա կհարցնեք, թե Ադրբեջանին առանց հողեր զիջելու, ինչպե՞ս ենք լուծելու մեր խաղաղությունը, չէ՞ որ մենք արյուն և զոհեր չենք ուզում, մենք ուզում ենք խաղաղ ապրել։

Միանգամից պատասխանեմ. չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե, չպատրաստվենք պատերազմի:

Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի յուրաքանչյուր ակնթարթ պատրաստ չլինենք մեռնելու հանուն Հայաստանի, Արցախի և ողջ հայության  անվտանգության պահպանության:

Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե ներդրում չունենանք Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացման գործում:

Երբեք մի՛ վախեցեք արյունից և զոհերից, եթե այդ արյունն ու զոհերը հանուն Հայ ազգի և Հայոց տան պաշտպանության են։

Հա՛յ ժողովուրդ, Հայաստանի իշխանությո՛ւն, ո՛չ մեկդ, երբե՛ք իրավունք չունեք անգամ քննարկելու Հայոց սուրբ հողի ճակատագիրը, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ ուղի և առաքելություն. միշտ  պատրաստ լինել մեռնելու հանուն հայոց սուրբ հողի և Հայ ազգի պաշտպանության:

 

 

 

«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»

կուսակցության Առաջնորդ,

 «Հայոց  Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

գնդապետ՝  Խաչիկ Ասրյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով