Կառավարությունը չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումը: Բանն այն է, որ այս տարվա օգոստոսի 19-ին եւ 20-ին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել 37 համայնքի միավորման նախագիծ: Այդ նախագծերը մեկ անգամ արդեն քննարկման էին դրվել 2020թ. դեկտեմբերին, եւ քվեարկողների բացարձակ մեծամասնությունը՝ 93%-ը, դեմ էր քվեարկել նախագծերին:

Այժմ եւս քվեարկածների կեսից ավելին դեմ է ներկայացված նախագծերին: Նկատենք, որ կառավարությունը մտադիր չէ տեղական հանրաքվե իրականացնել ընտրություններից առաջ, որպեսզի իմանա միավորվող համայնքների վերաբերյալ բնակչության կարծիքը: Հիմնավորման մեջ միայն նշված է, որ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ (նաեւ բնակիչների հետ «Town Hall» ձեւաչափով) համայնքային ժողովներ են կազմակերպվել, որոնց արդյունքներով մշակվել են համայնքների միավորման նախագծերը:

Առկա է, սակայն, Սահմանադրական դատարանի որոշում՝ Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր եւ Նոր Հաճն համայնքների ղեկավարների դիմումի հիման վրա, երբ Սահմանադրական դատարանը 2021թ. մայիսի 14-ին որոշել էր, որ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր եւ ընթացակարգեր պետք է նախատեսվեն: Կառավարությունը, սակայն, փաստացի չի կատարում ՍԴ-ի որոշումը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով