Արդեն նշել եմ, որ այս իշխանության կողմից ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքը հակասում է սահմանադրական որոշակիության սկզբունքին.Արսեն Բաբայան

Իրավապաշտպան   Արսեն  Բաբայանը գրում է.

Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) որոշակիության սահմանադրական սկզբունքի խնդիրների մասին
Արդեն նշել եմ, որ այս իշխանության կողմից ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքը հակասում է սահմանադրական որոշակիության սկզբունքին։ Փորձեմ կոնկրետ օրինակով ներկայացնել այդ հակասությունը։
Ես նպատակ ունեմ հրապարակային վիրավորել կոնկրետ անձի, բայց չեմ ցանկանում, որ այն լինի ծանր, որպեսզի իմ նկատմամբ հնարավոր չլինի իրականացնել քրեական հետապնդում։ Կարող է լինել քաղաքացիական հայց, որին պատրաստ եմ։ Այսպիսով, սկսում եմ մտածել, թե ինչպես անեմ դա։ Ուսումնասիրում եմ այդ անձի վարքագիծը իր հասցեին նախկինում հրապարակային հնչեցված վիրավորանքների առնչությամբ, որպեսզի հնարավորություն ունենամ հասկանալու, թե նա կոնկրետ որ վիրավորական արտահայտություններն է ծանր համարում։
Ուսումնասիրության ընթացքում պարզում եմ, որ կոնկրետ դեպքով այդ մարդուն քաղաքացին վիրավորելու համար ասում է «ԲՏ», այդ մարդը դրան պատասխանում է՝ ողջունում եմ ձեզ։ Դրանից հետո նույն քաղաքացին կրկին վիրավորելու նպատակով ասում է «կապիտուլյանտ», այդ մարդը պատասխանում է՝ կապիտուլյանտը դու ես։ Ակնհայտ է դառնում, որ ուսումնասիրության օբյեկտին, իր գնահատմամբ, ծանր վիրավորանք է հասցվել հենց «կապիտուլյանտ» բառով, իսկ «ԲՏ» ասելով հասցված վիրավորանքն ինքը ծանր չի համարել, որի վկայությունն այն է, որ այդ վիրավորանքին պատասխանել է ողջույնով։
Բայց մյուս կողմից հանրության գերակշիռ մեծամասնության համար շատ ծանր է «ԲՏ» ասելով վիրավորանքը։
Հիմա, եթե ես նրան վիրավորելու համար ասեմ «ԲՏ», ապա դա, կոնկրետ իր դեպքում չպետք է համարվի ծանր վիրավորանք և չպետք է իմ նկատմամբ հնարավոր լինի սկսել քրեական հետապնդում։ Բայց մյուս կողմից էլ, ինչպես արդեն ասեցի, մարդկության մեծամասնությունը ծանր կվիրավորվեր հենց «ԲՏ» արտահայտությունից։
Ուստի, կոնկրետ դեպքում ես, և համոզված եմ շատերը, ի վիճակի չենք դրսևորել օրենքով սահմանված համապատասխան վարքագիծ, իսկ Սահմանադրության 79-րդ հոդվածը սահմանում է, որ օրենքները պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով