Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի .«Հրապարակ»

«Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի։ Օգոստոսի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով հետաձգվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ Արցախի հետ կապված նախագիծը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վարդանյանն առաջարկել էր վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»:

 

Ուրբաթ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմությունը կրկին օրակարգ է բերելու այս նախագիծը, որը, ի դեպ, ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացության համաձայն, Սահմանադրությանը հակասող նորմեր չի պարունակում։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կարող պատճառաբանել, թե նախագիծը խնդիր ունի Սահմանադրության, օրենսդրության հետ, ու պետք է որոշի՝ ընդունել կամ մերժել ընդդիմության առաջարկը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, կմերժեն՝ փաստարկելով, թե Արցախի հարցով հանձնաժողովի ձեւավորումը կսրի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, իսկ հանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանա արտերկիր մեկնել եւ տարբեր խորհրդարաններում հյուրընկալվել։

Պաշտոնական Ադրբեջանը տարբեր առիթներով հայտարարել է, որ արգելում է ՀՀ իշխանություններին Արցախ մեկնելը, ընդհանրապես Արցախի հարցը ՀՀ օրակարգ դարձնելը։ Եվ այլ պետություններին էլ այցերի կամ Արցախի ճանաչմանն ուղղված ցանկացած քայլի համար բողոքի նոտաներ է հղում, սեւ ցուցակներ կազմում»։

Ամբողջական հոդվածը՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով