Հայաստանը կանգնում է տնտեսական լրջագույն խնդիրների առջև՝ ունենալով 2 փակ սահման հարևան թշնամական պետությունների հետ

 

Ստեղծված իրավիճակում Հայաստանը կանգնում է ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական լրջագույն խնդիրների առջև՝ ունենալով 2 փակ սահման հարևան թշնամական պետությունների հետ,- նման հայտարարությամբ է հանդես եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։

Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Արդեն 3-րդ օրն է՝ ադրբեջանական զինուժը շարունակում է փակ պահել Սյունիքի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի երկու կարևորագույն՝ Նոր Առաջաձորի և Վանանդի հատվածները:

Այն ժամանակահատվածում, երբ ադրբեջանցիները տեղավորվում էին ՀՀ միջպետական ճանապարհին և ձեռնարկում բոլոր քայլերը՝ Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետությունից կտրելու ուղղությամբ, ՀՀ Կառավարությունը, անտեսելով Երևանից ընդամենը 250կմ հեռավորության վրա թշնամու ձեռնարկած գործողությունները Սյունիքում հաստատվելու ուղղությամբ, բոլոր հնարավոր մեթոդներով անցկացնում էր Կառավարության հնգամյա ծրագիրը՝ ԱԺ-ում ձեռնամարտ-շոուներ ծրագրելով, անձնական հարցերն ու տարաձայնություններն ԱԺ բերելով ու երկրի առաջ ծառացած անվտանգային թեմաներից հասարակությանը շեղելով:

Այս իրադարձությունների ֆոնին առավել հասնակալի և տրամաբանական է դառնում «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամներ Սյունիքի համայնքապետերին անհիմն և շինծու գործերով, 1 հոգուց կորզած սուտ ցուցմունքներով կալանքի տակ ապօրինի պահելու հանգամանքը՝ այդպիսով փաստացի գլխատելով Սյունիքը: Սյունիքի համայնքապետերն այն անձիք են, ովքեր 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում սեփական ուժերով ու կամավորական ջոկատներն առաջնորդելով՝ պահում էին Սյունիքի մարզը՝ թշնամուն 1 միլիմետր հող չզիջելու նպատակադրմամբ, և ամբողջովին կատարել են իրենց առաջ դրված խնդիրը՝ մինչև իշխանության կողմից բռնի ուժով նրանց խրամատներից հեռացումը:

Ստեղծված իրավիճակում Հայաստանը կանգնում է ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական լրջագույն խնդիրների առջև՝ ունենալով 2 փակ սահման հարևան թշնամական պետությունների հետ և, ըստ էության, կտրվելով նաև բարեկամական Իրանից՝ փաստացի արձանագրելով Հայաստան-Իրան֊Հայաստան բեռնափոխադրումների անհնարինության հանգամանքը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է իշխանության նման գործելաոճը և պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները՝ Սյունիքում առաջացած խնդիրները շուտափույթ լուծելու և Հայաստանի քաղաքացիներին անվտանգության երաշխիքներով ապահովելու ուղղությամբ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով