Լրջանալու, համերաշխ լինելու ու խնդիրներին միասնական դիմակայելու պատասխանատուն իշխանությունն է. Ղուկասյան

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները խիստ բևեռացված էին, ինչը մտահոգիչ է: Առավել մտահոգիչ կլինի այն, եթե այդ բևեռացումը պահպանվի, այնպես որ բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական պետք է իրավիճակը կայունացնելու նպատակ հետապնդեն: Եվ ամենամեծ առաքելությունն այս իմաստով իշխանությանն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Հանուն սոցիալական արդարության” կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Անդրադառնալով քարոզարշավին, նա ասաց, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը լիարժեք չներկայացրեցին իրենց ծրագրերն ու տեսլականը, թե ինչպես պետք է Հայաստանը դուրս բերվի այն ճգնաժամից, որում հայտնվել ենք: Հիմնական նպատակը, ըստ բանախոսի, միմյանց վարկաբեկելն էր, ինչով էլ ընտրությունների արժեքը կորավ:
«Այն, որ ընտրողների 50 տոկոսը չի մասնակցել ընտրություններին լուրջ խնդիր է ու, թերևս, վկայում է, որ այդ քաղաքացիները չեն տեսել այն ուժը, որին կվստահեն իրենց քվեն: Սա նշանակում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում բացվում է հնարավորություն նոր քաղաքական ուժերի ակտիվության համար, որոնք կներկայանան տարբեր գաղափարախոսությամբ, ծրագրերով»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արման Ղուկասյանը նկատեց, որ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի խորհրդարանում չհայտնվելը փոխում է քաղաքական լանդշաֆտը ու այս հանգամանքը ևս արտախորհրդարանական ուժերի ակտիվության նոր հնարավորություններ է ստեղծում:
«Մենք բոլորս ականատեսն ենք այն ամենի, ինչ եղել է վերջին երեք տարիներին, բայց այսօր ամենակարևորը միասնությունն է, որովհետև միայն այդպես մենք կարող ենք լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, այդ թվում և արտաքին մարտահրավերները»,- ընդգծեց Ղուկասյանը՝ պարազաբանելով, որ միասնություն ասելով նկատի ունի այն, որ բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, բոլորը պետք է իրենց տեղում ապահովեն զարգացում, որպեսզի մենք չկորցնենք այն, ինչ ունենք:

 

«Իշխանությունները մի կողմից կոչ արեցին համերաշխության, բայց մյուս կողմից շարունակում են հետապնդումները: Կարծում եմ, որ եթե այս իրավիճակը շարունակվի, մեր երկրում դժվար լինի դրական փոփոխություն ու զարգացում: Քաղաքական իշխանությունն է միասնության, կայունության պատասխանատուն, այնպես որ իսկապես շատ մեծ անելիք ունի, քանի որ ժամանակը շատ կարճ է ու պետք է հստակ առաջնահերթությունները հասկանալ: Ժամանակն է լրջանալ, քանզի ժամանակ հօգուտ մեզ չէ, ցավոք»,- ասաց բանախոսը:
Կուսակցության նախագահը նաև ընդգծեց՝ արտաքին մարտահրավերների ֆոնին Հայաստանը պետք է գնա հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ճանապարհով:

 

«Հարկավոր է գտնել նոր ձևաչափեր Ռուսաստանի հետ ավելի սերտ փոխգործակցության համար, որն այսօր հանդիսանում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի անվտանգության միանշանակ ապահովողը: Ըստ այդմ, հարկավոր է ՌԴ համար դառնալ լիովին թափանցիկ դաշնակից, առավել ևս, որ մեր շահերը լիովին համընկնում են»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է կուսակցության հետագա գործունեությանը, ապա Արման Ղուկասյանն ասաց, որ ՀԱՍԱԿ-ը նախատեսում է քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից լինել, ինչպես և նախկինում, հետագայում ևս հանդես գալով երրորդ ուժի դիրքերից: Մասնավորապես, աշնանը կուսակցությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով