Ինչո՞ւ է «փակվել» ԱԳՆ-ն.«168 ժամ»

«Շուրջ 10 օր է՝ արտաքին քաղաքական խնդիրների մեջ թաղված Հայաստանի Հանրապետությունում չի նշանակվել արտաքին գործերի նախարար, չկա, ըստ էության, գործող ԱԳՆ ղեկավար կազմ, չկա արտաքին քաղաքականություն, չկան բանակցություններ, միջազգային շփումներ: Եվ սա՝ այն իրավիճակում, երբ ՀՀ տարածքն օկուպացված է թշնամու կողմից, և Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական միջավայրը եռում է բոլոր կողմերից:

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մայիսի 31-ին հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ՝ նշելով, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված է այն պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք ՀՀ պետականության, ազգային և պետական շահի դեմ են եղել: Սրանով Արա Այվազյանն իր հրաժարականի որոշումը համարեց լիարժեքորեն պարզաբանված՝ հանրության համար հասկանալի չդարձնելով, թե ինչ հակապետական որոշումների է ինքը դեմ եղել, և ինչ է կատարվում: Իր կիսաակնարկներով Արա Այվազյանն իր պետականամետ առաքելությունը համարեց ավարտված:

ԱԳՆ-ում, սակայն, Արա Այվազյանի հրաժարականով ոչինչ չավարտվեց. հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ փոխնախարարները ևս հրաժարականներ են ներկայացրել, սակայն, ըստ ամենայնի, չեն հաստատվել նրանց դիմումները: Հստակեցվեց միայն փոխնախարար Գագիկ Ղալաչյանի հրաժարականի լուրը: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արձագանքելով տարածվող տեղեկություններին, պարզաբանում էին տարածել, որ օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում, և հունիսի 3-ի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Այնուամենայնիվ Արա Այվազյանի հրաժարականից հետո ԱԳՆ գործունեություն հրապարակային դաշտում գոյություն չունի: Միակ գործունեությունը ԱԳՆ-ի կողմից եղել է հունիսի 4-ի հայտարարությունը:

Ավելին, հանրությանը և լրագրողական հանրույթին չի հաջողվում ոչ մի կերպ պարզել, թե ով է ԱԳՆ ամենաերկար պաշտոնավարող տեղակալը, որը ստանձնել է նախարարի պարտականությունները: Հասկանալի է նաև, որ որևէ դիվանագետ չի ցանկանում հրապարակայնորեն աշխատել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ: Սակայն հարցն այն է, որ հետպատերազմյան երկրում ԱԳՆ-ն չի գործում կամ նրա գործունեությունը որևէ կերպ տեսանելի չէ, ներկայիս գործունեության մասին որևէ պարզաբանում ստանալը ևս մեծ խնդիր է, քանի որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այլևս չի կատարում իր պարտականությունները, ԱԳ փոխնախարարները, եթե նրանք նույնիսկ շարունակում են կատարել իրենց պարտականությունները, չեն ներկայանում որևէ պետական կառույցի աշխատանքի՝ լինի դա Կառավարության թե ԱԺ նիստ, և տպավորություն է, որ ՀՀ դիվանագիտական գերատեսչությունը կազմաքանդված, «փակված» վիճակում է: ԱԳՆ կայքում վերջին օրերին չկա նաև որևէ հաղորդագրություն ԱԳՆ գործունեության մասին:

Հայաստանյան փորձագիտական հանրությունը մեծ տագնապով է հետևում ԱԳՆ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ այն որակելով՝ որպես իշխանության կողմից միտումնավոր քայլ ընտրություններից առաջ՝ միտված ցանկացած տեսակի բանակցային գործընթացի տապալմանը:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, թե այն, որ Հայաստանի Հանրապետությունում ԱԳ նախարար չի նշանակվում և ակտիվորեն չի գործում՝ արտացոլում է այն սուր քաղաքական ճգնաժամը, որը կա երկրում: Ըստ նրա, իհարկե, սա բնականոն իրավիճակ չէ, սակայն մյուս կողմից էլ՝ ներկայումս նոր նախարարի նշանակումն անտրամաբանական է, քանի որ ամեն ինչ հստակեցվելու է հունիսի 20-ի ընտրություններով, և արդեն ընտրություններից հետո պարզ կդառնա, թե ինչպիսին է իշխանության դեմքը, որից հետո էլ կնշանակվի ԱԳ նախարար:

Նրա խոսքով, նշանակել 10 օրով, ապա փոխել՝ ևս անիմաստ է:

«Բնականաբար, ԱԳ նախարարի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ողջ արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է Փաշինյանի ձեռքում՝ որպես կառավարության ղեկավարի, սակայն նա բավականին քիչ ժամանակ ունի այդ ռեսուրսը տնօրինելու համար: Հետո ամեն ինչ կընթանա դասական սխեմայով՝ այն ուժը, որը կհաղթի ընտրություններում, նա էլ կձևավորի նախարարների կաբինետը, այդ թվում՝ ԱԳ նախարարությունը: Այս ընթացքում գործընկերները ևս չգիտեն՝ ում հետ բանակցել այս անկայուն իրավիճակում, այո՛, չկան բանակցություններ ու ում հետ բանակցել, չկա կայուն դեմք, որի հետ գործընկերները կբանակցեն։Կան, իհարկե, կանխատեսումներ, թե ով կարող է հաղթել, բայց գործընկերների համար կարևորն այն է, որպեսզի ձևավորվի ստատուս-քվո հանրապետությունում, որպեսզի պարզ լինի, թե ում հետ բանակցություններ վարեն այդ երկրում: Մոսկվայում ըստ ամենայնի այս մտայնությամբ են առաջնորդվում»,- ասաց Տարասովը:

Նա նշեց, որ Մոսկվայից անհանգստությամբ են հետևում քաղաքական ճգնաժամի նոր սցենարների ի հայտ գալուն, և դրանցից մեկն իրավիճակն է այս նախարարությունում: «Ցավոք սրտի, ճգնաժամը խորանում է, իրավիճակը չի հանգուցալուծվում, այլ պայքարը ձեռք է բերում նոր սուր բնույթ, ընդդիմախոսներն ավելի ու ավելի լուրջ փաստարկներ են ի հայտ բերում միմյանց դեմ, և այս իրավիճակում այլևս անիմաստ է լուրջ վերլուծական աշխատանք իրականացնել, քանի որ հարկավոր է կայունություն, ստատուս-քվո, որպեսզի պարզ լինի՝ ում հետ շարունակել գործընթացը: Տարասովի կարծիքով, ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ կա խնդիր կառույց-իշխանություն հարաբերություններում:

Իր հերթին՝ ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ իրավիճակն իսկապես աննախադեպ է, քանի որ ԱԳ նախարարությունը պետք է հատկապես նման իրավիճակում անդադար աշխատեր: Սակայն, ըստ նրա, տարաձայնություններ ԱԳՆ աշխատակազմի և իշխանության միջև տեսանելի էին, որը հաստատվեց հետագայում, ինչը որևէ դիվանագետի թույլ չի տալիս ստանձնել իշխանություն: Այսինքն, նրա խոսքով, եթե ԱԳՆ-ն տեղեկացված չի եղել ինչ-ինչ բանակցություններից, սա ինքնին խնդիր է, որից սկսվեց այս իրավիճակը:

«Ներկայումս երկիրը թևակոխել է ընտրական ակտիվ փուլ, և առավել ևս ընտրություններից առաջ նման նշանակում չի լինի, հատկապես, երբ Ռուսաստանի հետ կա վարչապետական եռակողմ ձևաչափ, բանակցություններ տարբեր ձևաչափերում, և ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, ուստի հարցը կկարգավորվի ընտրություններից հետո, կամ փոխնախարարներից մեկը կպաշտոնավարի, մինչև պարզ կդառնա քաղաքական իրավիճակը: Այս իրավիճակը դրսից ևս տեսնում են, իհարկե, այն ընդունելի չէ, բայց այս պահին բանակցվածը գուցե ընտրությունից հետո հարկավոր էլ չլինի, նման բարդ ու աննախադեպ իրավիճակ է: Բայց տպավորություն է, որ բոլորը հասկանում են, որ Հայաստանին պետք են ընտրությունները, և պաուզա են վերցրել, հատկապես, երբ քննարկվող հարցերը ծանր են, Թուրքիան հետաքրքրված է թուրանական միջանցքի գաղափարով, որը ոչ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից է բխում, և դրա շուրջ զարգացումներ են ծավալվելու»,- ասաց նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով