Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում. ուժեղ քամին ամբողջությամբ պոկել է Արտաշար գյուղի դպրոցի տանիքը, տապալել ծառեր և էլեկտրասյուներ

 

Երեկ՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում Արտաշար գյուղում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում, փոթորկի հետևանքով գյուղի միջնակարգ երկահարկանի դպրոցի տանիքը ամբողջովին պոկվել ու մոտ 150 մետր շպրտվել է՝ վնասելով նաև բնակելի շենքի տանիքը, բնակչի գոմը:

Այդ ամենի արդյունքում տապալվել են նաև էլեկտրասյուներն ու կտրվել էլեկտրալարերը: Գյուղն ամբողջովին հոսանքազրկված է:   Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Սարգսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Ժամը 7-ի սահմաններում էր, որ էս աղետը եղավ: Վայրկյանների ընթացքում փոթորիկը դպրոցի տանիքը պոկեց ու շպրտեց: Երջանիկ պատահականությամբ տուժածներ չկան, բայց 1980 թվականին կառուցված դպրոցը, որն ունի 191 աշակերտ, խոշոր չափի նյութական վնաս կրեց:

Թե դպրոցը, թե գյուղապետարանը այդքան միջոցներ չունեն, որ զրոյից տանիք հավաքեն: Գյուղապետն արդեն իրավիճակի մասին տեղեկացրել է Արմավիրի մարզպետարան, հույս ունենք, որ մարզպետարանն ու կառավարությունը գյուղի կրթօջախին օգնության ձեռք կմեկնեն: Հակառակ դեպքում,  եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, անձրևներին զուգահեռ, դպրոցը վթարային կդառնա»:

Տարեց գյուղացիներն էլ ասում էին. «Գյուղը 300 տարվա պատմություն ունի, և ինչ մենք հիշում ենք, նման դեպք գյուղում տեղի չէր ունեցել: Բնությունը զայրացել էլ, ինչ էր արել, րոպեների ընթացքում իր սև գործն արեց:

Գոնե կառավարությունը օգնի, դպրոցի տանիքը արագ սարքեն: Թե չէ որ դպրոցն ավիրվավ, էրեխեքին ո՞ւր ենք դասի տանելու»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով