Երեք տարի առաջ այս օրը «թավշյա» կոչված «հեղափոխությունը», իրականում հակաղարաբաղյան շարժումը մեր աշխարհը շրջեց գլխիվայր.Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը, երկրի ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և հեռացավ, բայց միևնույն ժամանակ պետության համբավի ու անվտանգության մասին մտածելով, նա գնաց իրական պետականամետ գործչին վայել կերպով` առանց պետությունը ցնցելու, առանց արյուն թափելու, ունկալուր լինելով քաղաքացիների կոչերին:
Սերժին մերժելով՝ ձեզ թվաց, թե դուք «սիրո և համերաշխության» հեղափոխություն եք անում, իրականում տեղի ունեցավ «ստի և կեղծիքի», ինչի արդյունքում ստացաք հասարակության պառակտում եւ համատարած ատելություն:
Սերժին մերժելով՝ ձեզ թվաց, թե դուք արդարություն եք հաստատելու երկրում: Արդյունքում ստացաք «փրկիչ» համարվող անձի ոչ թե անարդար, այլ համարյա թե բռնատիրական կառավարում:
Սերժին մերժելով՝ ձեզ թվաց, թե «փողի իշխանությունը» վերափոխելու եք արժանիների իշխանության, արդյունքում ստացաք «խնամի, ծանոթ, բարեկամ» երևույթի բացարձակ գերիշխանություն:
Սերժին մերժելով՝ ձեզ թվաց, թե երջանիկ մանկություն և պայծառ ապագա եք կերտում ձեր սերնդի և հետագա սերունդների համար, իրականում ստացաք առնվազն 5 հազար երիտասարդների կյանքի կորստի ողբերգություն, որ շարունակ հետապնդելու է նրանց հարազատներին մինչև կյանքի վերջը:
Սերժին մերժելով՝ ձեզ թվաց, թե կերտելու եք ավելի հզոր բանակ և տնտեսապես ավելի զարգացած պետություն: Դուք բավարարված չէիք ձեր ունեցածով և ավելին էիք ցանկանում: «Ստի և կեղծիքի հեղափոխության» արդյունքում ստացաք բանակի ֆիզիկական եւ բարոյական ջախջախում և պետության գոյության սպառնալիքներ:
Սերժին մերժելով, ի վերջո, ձեզ թվաց, թե վերահաստատելու եք Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն առ այն, որ «21-րդ դարը մերն է լինելու»: Իրականում մենք բոլորս ձեր մեղքի պատճառով վերադարձանք դեպի այն նախնական կետը, որտեղ գոյության կռիվ էինք մղում ու դեռ պիտի շատ ջանք թափենք, որպեսզի կարողանանք հեռացնել վարչապետի պաշտոնին կառչած  անձին, իսկ հետո էլ կրկին մեր տեղը հաստատենք այս արևի տակ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով