Ինչպես էր Նիկոլ Փաշինյանը միջամտում արդարադատությանը.«Հրապարակ»

 

 

hraparak.am-ը  գրում է.

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը ենթադրաբար խոչընդոտելու համար։ Նրա դեմ ցուցմունք է տվել Լոռու մարզի նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Պարզվեց, օրենքի խախտմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը եղել է Սիմոնյանի կողմից Վարդազարյանի դեմ ցուցմունք տալը։ Դատավորի վարույթում է եղել ալավերդցի Վահագնի` Վահագն Աբգարյանի գործը, որը մեղադրվում էր Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության եւ ՔԿ երկու աշխատակցի խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել» է, որ Վարդազարյանը մի օր իրեն զանգել է ու ասել, թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք, ապա ինչ-որ հանձնարարություններ է տվել։ Նախկին դատավորի այս հաղորդումն էլ դարձել է քրեական գործի հիմք, որպեսզի Վարդազարյանը զրկվի ԲԴԽ նախագահի պաշտոնից, եւ իշխանության սիրելի Գագիկ Ջհանգիրյանը նստի այդ աթոռին։ Հիշեցնենք նաեւ, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է առանց ԲԴԽ դիմելու եւ նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։

 

 

Փաստորեն, իրավապահ մարմինները Վարդազարյանի այն միտքը, թե պրոբլեմատիկ գործ է, եւ պետք է զգույշ լինել, որ հետագայում խնդիրներ չառաջանան, համարել է արդարադատությանը խոչընդոտելու փաստ եւ գործ է հարուցել։

Սակայն մենք բազմաթիվ նման փաստեր գիտենք, թե վերջին տարիներին իշխանության ներկայացուցիչներն ինչպես են միջամտել արդարադատության կայացմանը եւ դա արել են բացահայտ, ու կան բազմաթիվ ապացույցներ։ Օրինակ, իրավապահները «բարի խորհուրդներ» անվանեցին վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի ցուցումները Ռուբեն Հայրապետյանի գործը քննող քննիչին։

Իսկ առավել հաճախ արդարադատությանը միջամտելուն ուղղված ցուցումներ է տվել ՀՀ վարչապետը, որն անգամ կառավարության նիստի ժամանակ է իրավապահ մարմինների ղեկավարներին ուղղակի հրահանգներ տվել։ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի նիստում Փաշինյանը խոսել է «որդեգրումների» հայտնի գործի մասին՝ նշելով, որ հստակ հանձնարարականներ է տվել ԱԱԾ-ին, ոստիկանությանն ու մյուսներին։

«․․․ուզում եմ արձանագրել, որ երեկ, ըստ էության, շոկային լուր ստացվեց իրավապահ մարմինների կողմից, եւ խոսքն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ, եւ, ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով բազմաթիվ հանրային ահազանգերը, նամակները, կառավարությունում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրինք, եւ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ԱԱԾ-ին, ոստիկանությանը։ Անկեղծ ասած՝ այդ ժամանակ մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ․․․»,- ասել է Փաշինյանը եւ հարց ուղղել Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, թե այդ կասկածները դառնալո՞ւ են մեղադրանք առաջադրելու որոշում։ Գրիգորյանն էլ զեկուցել է․ «Ապացույցների համակցությունն այս պահին բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը», եւ այս պահի դրությամբ մենք, այո, ունենք ապացույցների բավարար համակցություն։ Բացի այդ, իրազեկեմ, որ գործով կատարվել են մի շարք խուզարկություններ ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության գործընկերների հետ համատեղ, զբաղվում ենք։ Սկսած այդ անձանց պաշտոնավարման օրվանից, այսինքն՝ 2012 թվականից առայսօր բոլոր փաստաթղթերն առգրավվել են, որոնք ենթարկվելու են մանրակրկիտ զննության, այդ փաստաթղթերով կատարվելու է քննություն։ Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, պարոն վարչապետ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ, եւ մոտ օրերս՝ առավելագույնը վաղը կամ մյուս օրը, այդ անձանց նշված հոդվածով կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»։

Փաշինյանն էլ, զեկույցից գոհ, հավելել է․ «Շատ լավ, պարոն Գրիգորյան, իհարկե, հասկանալի է, որ այդ գործը բավականին էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում․․․ ի վերջո, այստեղ կարեւոր է հասկանալ, թե ինչպես է պատահել եւ ինչպես է պատահում, որ ՀՀ-ում կարող է նման մեխանիզմ գոյություն ունենալ եւ գործել, եւ հիմա, ըստ էության, կան կասկածներ, ինչքան հասկանում եմ, որ այդ մեխանիզմը բավական երկար ժամանակ է գործել եւ երկար տարիներ, եւ մենք պետք է իսկապես խնդիր դնենք գործի ամբողջական քննություն իրականացնելու համար, որպեսզի այս գործը՝ իր բոլոր մետաստազներով, լիարժեք բացահայտվի։ Եվ ուզում եմ էսպիսի մի խոստովանություն էլ անել, որ շատ դեպքերում ահազանգերը, որ մենք ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, էմոցիոնալ, պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա, երբ հետահայաց նայում ենք, գուցե իրականում մեր գնահատականն այդքան է։ Ճիշտ չի եղել, գուցե թե այդ մարդկանց էմոցիաները կոնկրետ փաստերից են սնվել, եւ, իհարկե, բոլոր այս կարգի դեպքերը հատ-հատ, առանձին-առանձին քննել, ուսումնասիրել, որպեսզի բոլոր հնարավոր կասկածները՝ ե՛ւ հանրության, ե՛ւ կոնկրետ ընտանիքների, փարատվեն, եւ մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը՝ ՀՀ պատմության, փակել ենք՝ իր բոլոր իրավական հետեւանքներով»։

Հիշեցնենք, որ այս նիստից անմիջապես հետո ձերբակալվեցին եւ ամիսներ շարունակ բանտում էին Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ սա հերթական շոուն էր՝ փիառի եւ պոպուլիզմի դրսեւորմամբ։ Քանզի քրեական գործի քննությունը մեկուկես տարում ավարտված չէ, մեղադրյալներից որեւէ մեկի մեղքն ապացուցված չէ, կալանավորվածներն ազատ են արձակվել, տուժողներն այլեւս չեն բողոքում, ավելին՝ պարզվեց, որ երեխաներից զրկված մայրերը ժամանակին կամովին են հրաժարվել իրենց զավակներից, եւ որեւէ հիմք չկա մեղադրելու վերը նշված անձանց, որ նրանք խլել են երեխաներին եւ «վաճառել» արտերկրի ինչ-ինչ անձանց։ Քրեական գործն էլ ակնհայտորեն մտել է փակուղի։

Զրուցեցինք նաեւ փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ։ Հարցրինք՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, իրավապահներին ցուցումներ տալը արդարադատությանը միջամտել չե՞ն։ «Նիկոլ Փաշինյանի համար սովորություն է դարձել նախաքննական մարմինների աշխատանքին ու արդարադատությանը միջամտելը։ Բազմաթիվ են այդ օրինակները՝ սկսած տարբեր գործերի մասին հրապարակային խոսելուց, հրապարակային ցուցումներ տալուց, վերջացրած դատավորներին հավաքելուց ու կոնկրետ գործերով հոխորտալուց․․․ նաեւ այդ գործելաոճն է հանգեցրել պետության կործանմանը։ Իսկ բովանդակային առումով Փաշինյանի խոսքերը մեկնաբանության կարիք վաղուց չունեն, արդեն բոլորին է հայտնի, որ նա խոսում է պահի տակ, ստելու սովորություն ունի, ինչ ուզում, ասում է՝ փորձելով շարունակել մոլորեցնել արդեն այն փոքրաթիվ քաղաքացիներին, ովքեր դեռ շարունակում են նրան լուրջ ընդունել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով