Նոր համազգեստ, GPS համակարգ, տեսախցիկ․ Երևանի փողոցներում մինչև հունվարի վերջ կհայտնվի 30 նոր միկրոավտոբուս

 

Երևանի քաղաքապետարանի բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործման կհանձնվի մինչև հունվարի վերջ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Այս երթուղիները նախկինում գործողներն են, բավականին ակտիվ և բանուկ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով սկսել են չշահագործվել մասնավորի կողմից։ Այդ երթուղիները կգործեն որոշ փոփոխություններով։ Այս պահին տարվում են նախապատրաստական աշխատանքները, ավտոբուսները կահավորվում են GPS համակարգերով և տեսախցիկներով, տեղի է ունենում նաև արտաքին ձևավորում»,- նշել է Կարապետյանը։

Պատասխանելով վարորդների վերաբերյալ հարցին, քաղաքապետի մամուլի խոսնակն ընդգծել է, որ նրանք կրելու են համազգեստ, դրանց դիզայնը նույնպես հայտնի է, և այն արդեն կարվում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարապետյանն ասել է, որ երթուղիները լինելու են երեքը և առաջիկայում կնշվի դրանց շահագործման հստակ օրը, ներկայում փաստաթղթերի ձևակերպման հետ կապված գործընթացներ են։

 

Առաջին երթուղին սպասարկելու է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասից մինչև Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղմաս ընկած հատվածը։ Երկրորդը՝ հարավ-արևմտյան թաղամասը կապելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 8-րդ հիվանդանոցի հարակից տարածքի հետ։

«ՀԱԹ-ից դեպի 8-րդ հիվանդանոց ճանապարհահատվածը շատ հայտնի երթուղի է, ուսանողներն են շատ հաճախ այս երթուղուց օգտվում։ Երրորդ գիծն էլ Աջափնյակ վարչական շրջանի «Խոպան» կոչվող թաղամասը կապելու է Նորք Մարաշ վարչական շրջանի հետ։ 3 գիծն էլ իրար հետ կապվելու են Կենտրոն վարչական շրջանի տարածքով»,- նշել է Կարապետյանն ու հավելել, որ արդեն ներկրված 100 ավտոբուսից 40-ը կլինի երկրորդ խմբաքանակում, ևս 30-ն էլ երրորդում։ Ըստ քաղաքապետի մամուլի խոսնակի` դրանք կսկսեն շահագործվել առաջիկա 1-2 ամսվա ընթացքում։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև շեշտել է, որ մրցույթի է դրվել միջին դասի (8,5 մետրանոց) 160 ավտոբուսի գնման գործընթացը, և կա որոշակի հավանականություն, որ այդ թիվը կարող է մեծանալ։ Ընթացքի մեջ է նաև ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ 112 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացը, որը չէր կայացել 2020 թվականին։

Կարապետյանը շեշտել է, որ սակագնի փոփոխություն չի լինի, սկզբնական շրջանում, վճարման եղանակն ինչպես եղել է, այդպես էլ կմնա։

 

«Ինչպես մինչ այժմ մարդիկ վճարել են 100 դրամ և երթևեկել, այդպես կշարունակվի սկզբական շրջանում։ Որոշ ժամանակ անց կստեղծվի էլեկտրոնային միասնական վճարման համակարգ»,- ասել է Կարապետյանը։

Քաղաքապետարանի ենթակայության «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը հավաքագրում է «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և համապատասխան փորձ ունեցող վարորդների։

Կարապետյանի խոսքով՝ նոր տրանսպորտային համակարգում աշխատող վարորդները պետք է ունենան պատշաճ արտաքին տեսք, ինչպես նաև ուղևորներին սպասարկելու համար այլ ունակություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով