Անհրաժեշտ է, որպեսզի ազգին պարտության տարած անձը հրաժարական տա. Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ

Արցախի ու հայության դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմը և 2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ զինադադարի հաստատման մասին հայտարարությունը, ըստ որի Հայաստանին պարտադրվում են կապիտուլյացիոն պայմաններ, մեր երկիրը կանգնեցրել են գոյութենական վտանգի ու հումանիտար աղետի առջև։ Առկա վիճակը Հայաստանում առաջ է բերել նաև քաղաքական ճգնաժամ, որի ամենից ցավալի դրսևորումը դարձել է պետական կառավարման գրեթե լիակատար խաթարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված մարտահրավերները սասանել են նաև հանրային համերաշխությունը։ Ցավալի է արձանագրել նաև, որ պետության ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարություններով ու գրառումներով ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամը՝ խափանելով այս օրերին հայության տարբեր շրջանակների կողմից ազգային միասնության և համախմբման հասնելու ջանքերը:

Այսօր ականատես ենք այն բանի, որ գործող կառավարությունն ի զորու չէ անգամ պաշտպանել ու պահպանել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Իսկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որպես պառլամենտական կառավարմամբ երկրի առանցքային դերակատարներ, անկարող են առկա իրավիճակի վրա էական ազդեցություն ունենալ: Ուստի այն փաստը, որ երկրում ամեն գնով փորձ է արվում պահպանել ռազմական դրությունը, և դրանով իսկ հասարակական-քաղաքական ուժերին հնարավորություն չի տրվում անվստահություն հայտնել ու սահմանադրական ճանապարհով հեռացնել հայությանն անդունդը նետած պետության ղեկավարին, միայն մեկ բան է հուշում՝ դեռևս կան ծրագրեր եւ արտաքին ու ներքին շահառուներ, որոնք մեր ազգի առջև ծառացած գոյութենական վտանգը և հումանիտար աղետը կիջեցնեն անդառնալի հետեւանքների ու ողբերգության մակարդակի։
Հարկ է նաև նկատել, որ այս օրերին արհեստականորեն անջրպետ է դրվում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բնակվող մեր հայրենակիցների միջև՝ թշնամանք ձևավորելով արցախահայության հանդեպ: Որոշակի ուժեր այդ կերպ ձգտում են նաև բարոյական և հոգեբանական մակարդակներում լեգիտիմացնել Արցախի անջատումը մայր Հայաստանից։ Այս դրսևորումները չափազանց վտանգավոր ու կործանարար են ազգային միասնության և մեր կոլեկտիվ վարքի տեսանկյունից։

Հարգելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 9-ը մեր բոլորի համար դարձավ այն սահմանագիծը, որից այս կողմ միայն ազգային ու պետական մեկ նպատակ կարող է մակաբերվել: Դա աշխարհասփյուռ հայության միասնությանն ու համախմբմանն ուղղված քայլերի պահանջն է հանուն հայրենիքի փրկության։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետությանն ու ազգին պարտության տարած անձը հրաժարական տա և ձևավորվի Ազգային համերաշխության հակաճգնաժամային կառավարություն, որը կազմված կլինի կամային, կառավարման փորձ ունեցող, գրագետ, պետական-հանրային բոլոր ոլորտներին տիրապետող նվիրյալ մասնագետներից։ Ազգային համերաշխության հակաճգնաժամային կառավարությունը զերծ պետք է լինի կուսակցական և այլ խմբային շահերից ու պետք է ունենա պետականամետ, հայամետ ընդգծված կեցվածք: Նրանում, իհարկե, կարող են ներգրավվել նաեւ կուսակցականներ, որոնք համապատասխանում են վերոնշյալ պահանջներին, սակայն ովքեր իրենց կուսակցական պատկանելիությունը կստորադասեն հանուն պետական ծրագրերի ու ազգային իղձերի իրականացման։ Հակաճգնաժամային կառավարության խնդիրներից պետք է լինի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը, քանի որ ներկայիս խորհրդարանը չունի հանրային վստահություն ու ի վիճակի չէ ինքնուրույն  որոշումներ կայացնել։
Կոչ ենք անում ՀՀ իրավապահ մարմիններն այս ընթացքում զերծ մնալ քաղաքական ազդեցություններից ու կատարել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք ողջունում և մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր այն հանրային խմբերին ու նախաձեռնություններին, որոնց քայլերը միտված են համախմբելու Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ներուժը՝ լուծելու համար պետականության դեմ ծառացած բազմաթիվ մարտահրավերները։

«Նախնյաց հետքերով» ՄՀԿ
«Հայրունի Պահանջատերեր» համախմբում
«Հանուն առողջ սերնդի» նախաձեռնություն
Աննա Միքայելյան, բուժքույր
Վարդան Զեյնալյան, տնտեսագետ, էներգետիկ
Շուշան Ավետիսյան, ուսուցչուհի

Սույն հայտարարությունը բաց է ստորագրման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով