Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պոստպատերազմական իրավիճակում շատ ու շատ երևույթներ առավել պարզ ու հասկանալի են դառնում: Երևի կհիշեք` ամիսներ առաջ մեր գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի հրամանով, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, ազատվել եմ աշխատանքից` ֆեյսբուքում «անթույլատրելի» նյութ լայքելու համար: Այդ նյութն էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» վերտառությամբ հոդվածը: Հարգելիներ, ամիսներ առաջ գուցեև անհավատալի թվար այն, որ 21-րդ դարում, «ազատ ու ժողովրդավար» Հայաստանում, օրինակելի կերպով աշխատող, պետությանը ծառայող մարդուն, ոստիկանին կարող են ազատել աշխատանքից: Սա ի՞նչ էր, եթե ոչ անձնական քմահաճույք, քանի որ, ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված չէ նման սահմանափակում:
Անցան ամիսներ, պատերազմն սկսվեց, և հենց առաջին իսկ օրերին, հանկարծ ինձ` աշխատանքից ազատված սպայիս, պետությունը «հիշեց»: Գնացի առաջնագիծ, 45 օր շարունակ, որպես դասակի հրամանատար, առանց հերթափոխի, մեղմ ասած ոչ բարվոք պայմաններում իմ դասակի քաջ տղաների հետ հսկեցի Աղդամի սահմանը` մեկ սմ հող անգամ չզիջելով, այլ կերպ ասած` «Թուրքը իմ մեջքը չտեսավ»: Իհարկե, արել ենք մեր հայրենիքի համար: Սակայն հարցն այլ կողմ ունի. պարոն գերագույն, կարծում եմ հասկացաք, որ ես էլ նույն հաջողությամբ կարող էի Ձեզ նման անհավասարակշռված պահվածք դրսևորել` քմահաճորեն չգնալով սահման, չէ՞ որ Ձեր և Ձեր բոլոր քմահաճությունները կատարողների համար ես անօրինակելի սպա էի: Հապա՞ ինչպես ստացվեց, որ պատերազմի օրերին հիշեցիք ինձ… Ընկածին խփելն իմ կերպարին խորթ է, ուստի, իմ մեջ ամիսներ առաջ կուտակված շատ բաներ պարզապես այս պահին չեմ ասի: Ես` հայրենիքս սիրող երիտասարդս, միշտ պատրաստ եմ պահել երկիրս: Սակայն հիշեք` երկրի ղեկավարը, գերագույն հրամանատարը պետք է այնպես անի, որ հայրենիք սիրողը նաև պետություն ու բանակ սիրի: Շատ դեպքերում վերջին երկուսը մարդկանց ատելի են դառնում հենց դրանց առաջնորդների «շնորհիվ»: Մտածեք, երկա′ր մտածեք…
Գերադասեք պետությունը, ազգը, բանակն ու հայրենիքը ամեն տեսակ գայթակղություններից` նույնիսկ անձնական սին փառասիրությունից, քմահաճույքից ու որևէ անձի նկատմամբ սեփական անհանդուրժողականությունից:Նույնիսկ Ձեր և անփառունակ ու կոռումպացված ոստիկանապետ Արման Սարգսյանի թեթև ձեռքով աշխատանքից ազատվելուց հետո, ես սիրում եմ իմ գործը, ես վերադառնալու եմ ոստիկանություն, բայց արդեն` ուժեղ պետության պայմաններում, ուժեղ ու հավասարակշռված ղեկավարի, գերագույն հրամանատարի օրոք: Հիմա, ցավոք, հասկացանք, որ Փաշինյան ղեկավարի համար Արցախն ընդհանրապես գերագույն արժեք չէր, որ Շուշին` համայն հայության բերդաքաղաքը, դժգույն, դժբախտ քաղաք էր: Ինչպես միշտ, փորձեցիք մանիպուլացնել, բայց այս անգամ չհաջողվեց:
Ղազանչեցոցը մեր ճերմակ անուրջներում է և միշտ կմնա, մինչև հետ բերենք այն, ձեր դժբախտ որակումները թավշյա շղարշով փաթաթեք ու հօդս ցնդեցրեք… Հպարտ եմ, որ ինձ և իմ քաջ եղբայրներին հաջողվեց մինչև վերջին պահը պահել հողս: Հետո ի՞նչ, որ այն հանձնեցիք, մենք մեզ վստահված գործն արեցինք արժանապատվորեն` անտեսելով Ձեր անարդարությունները:
Պատիվ ունեմ, բայց ոչ թե Ձեզ, այլ հայրենիքիս, ժողովրդիս: Մնացածի մասին` հետո… Շարունակելի…»
Նմանատիպ նորություններ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության...
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ բողոքարկենք,Մելի...