Տղերք, դուք, որպես նախկին դաշնակցական, ինձ այլևս չեք հետաքրքրում.Էդիկ Անդրեասյան

Համաներում…

Տղերք, դուք, որպես նախկին դաշնակցական, ինձ այլևս չեք հետաքրքրում: Թույն ու թարախ թափելով հեռացել եք Դաշնակցությունից, հեռուներում եք այսօր թափում ձեր թույնն ու թարախը, և դա՝ այդ հեռավորությունը, ես կասեի՝ իսկական բարեբախտություն է: Բարեբախտություն մի կուսակցության համար, որ իր փառապանծ հոբելյանի առիթով համաներում է հայտարարել: Համաներում՝ ինչ-ինչ պատճառներով և անգամ թյուրիմացության արդյունքում շարքերից դուրս մնացած իր զավակների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս համաներումը ձեր մասին չէ, տղերք, որ հասակ առաք, կայացաք Դաշնակցության հետ, բայց, ավաղ, ամեն պատեհ առիթով փորձեցիք Դաշնակցության առագաստը լցնել կողմնակի և անկանոն քամիներով:

Այս համաներումը ձեր մասին չէ, տղերք, որ կուսակցության ներսում ձեր խափանարար ընթացքի կասեցումից հետո այդ ընթացքը շարունակեցիք Դաշնակցությունից դուրս՝ կռնակից հարվածելով մայր կուսակցությանը:

Այս համաներումը ձեզ համար չէ, տղերք, որ մինչ օրս էլ չեք հասկացել, որ ձեզ պատժել է կուսակցության կանոնագիրը, որ մեկ է բոլորի համար, և դուք, որպես դաշնակցական, պարտավոր էիք ենթարկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարդում եմ այս օրերի ձեր ելույթ-գրառումներն ու համոզվում, որ այս համաներումը հաստատ ձեզ համար չէ, տղերք: Դուք փառք եք որոնել Դաշնակցության մեջ, բայց Դաշնակցությունը չարքաշ աշխատանքի տեղ է…

Այս համաներումը ձեր մասին չէ, տղերք: Ով լսեց, ով իմացավ, ով հարմար նկատեց՝ կվերադառնա: Ով գլխիկոր ու ամոթահար հեռացավ, ով խղճի խայթ զգալով հեռացավ, ով ափսոսաց ու երբեք չգործեց Դաշնակցության դեմ՝ կվերադառնա, համոզված, որ հավասար-հավասարի է կանգնելու իր գաղափարակից ընկերների կողքին:

Գաղափարական երևելի ընկերների պակաս Դաշնակցությունը չունի, երբեք չի ունեցել և չի ունենա: Դուք ձեզ, պարզապես, շատ եք կարևորում, տղերք: Այսօր էլ մեր պատանիների և երիտասարդների մեջ են հասակ առնում Դաշնակցության վաղվա երևելիները: Դուք, խիղճ ասվածը գրպաններդ դրած, նույնիսկ նրանց ապագան փորձեցիք մրոտել: Մենք, ի՞նչ է, թավշյա հեղափոխությա՞ն Դաշնակցություն էինք, որ դուք մեկ օրում խաչ քաշեցիք Դաշնակցության հետ անցած ողջ ճանապարհի վրա և, ձեր այդ անհասկանալի մոտեցումը «համոզիչ» դարձնելու նպատակով, չխորշեցիք նույնիսկ երիտասարդների անփորձությունից օգտվել: Ձեզ եմ հարցնում՝ ո՞ւր են այսօր այդ երիտասարդները, որոնց օգտագործեցիք ու թողեցիք փողոցում:

Այս համաներումը ձեր մասին չէ, տղերք, հանգիստ նստեք տեղներդ…

Էդիկ Անդրեասյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով