Հայ դիզայները միջնադարյան ազգային տարրերը վերածում է ժամանակակից նորաձևության

Նախկին ջութակահարուհի Մարգարիտա Պետրոսյանը, որը ելույթ էր ունենում աշխարհի բազմաթիվ բեմահարթակներում, որոշում կայացնելով արմատապես փոխել իր գործունեության ոլորտը՝ փաստացի դարձավ դիզայներ-կոնստրուկտոր, ձևարար, տեխնոլոգ և դերձակ միաժամանակ: Եվ ինչպես հարիր է ստեղծագործող մարդուն, սկսեց կանացի զգեստների միջոցով վերակենդանացնել միջնադարյան Հայաստանի մշակութային ժառանգությունը:

«Իմ կողմից ստեղծված հագուստներն այն կանանց համար են, ովքեր, թեև միմյանցից բավականին տարբեր են, բայց միաժամանակ միավորված են հիասքանչ լինելու ցանկությամբ», — ուկրաինական Aspekty.net լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Margo» հեղինակային նորաձևության տան հիմնադիր-տնօրեն Մարգարիտա Պետրոսյանը՝ իր աշխատանքներում բացահայտելով նորաձևության միտումների, էթնո-ոճի, ասեղնագործության և տարազի մանրամասները:

Մոդելավորողը նշեց, որ հեղինակային արվեստանոցի և նորաձևության տան աշխատանքի սկզբունքները կտրուկ տարբերվում են միմյանցից:

«Այստեղ կոնցեպցիան այլ է։ Նորաձևության տունը հագուստ է ստեղծում որոշակի իդեալական կերպարի համար: Անշուշտ յուրաքանչյուր սեզոն իր ուրույն տրամադրությունն ու նոտաներն ունի, սակայն ընդհանուր առմամբ «haute couture»-ը և «pret-a-porte»-ն են, որ կանանց թելադրում են, թե ինչ տեսք պետք է նրանք ունենան թրենդային մնալու համար: Նորաձևությունը յուրաքանչյուր սեզոնին մի նոր բան է փորձում՝ սկսած ուժեղ և ինքնավստահ բիզնես լեդիի կերպարից, մինչև՝ փխրուն, նուրբ աղջնակը։ Անփոփոխ է մի բան՝ տվյալ սեզոնին մենք պարտադրված ենք «խաղալ» մեզ առաջարկված դերերը:

Ես հակառակ ուղղությամբ եմ աշխատում: Իմ ուշադրության կենտրոնում կինն է՝ իր առանձնահատկություններով, կարիքներով, երազանքներով ու ցանկություններով: Յուրաքանչյուր կին յուրահատուկ է: Գտնել և հայտնաբերել նրա իսկական էությունը, որը թաքնված է ամենօրյա հոգսերի, խնդիրների ու սթրեսների հետևում, բացահայտել նրա յուրահատուկ հմայքը, ընդգծել միայն նրան հատուկ գեղեցկությունը՝ սա է իմ առաջադրանքը: Յոթ տարի շարունակ այս ոլորտում ծավալած գործունեության ընթացքում ես հարյուրավոր բազային ձևաններ (լեկալներ) եմ ստեղծել, սակայն յուրաքանչյուր նոր հաճախորդ միանգամայն տարբերվում է նախորդներից»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ են տարբերվում «Margo» բրենդի հագուստները այլ մոդելավորողների աշխատանքներից, Մարգարիտան մատնանշեց գործի հանդեպ իր ցուցաբերած մոտեցումը:

«Միգուցե պատճառն այն է, որ ես այս բնագավառ մուտք գործեցի մոդելավորողներին և նրանց ստեղծած հագուստը կրողներին միմյանցից տարանջատող «պատնեշի» հակառակ կողմից: Ինքս առաջին մասնագիտությամբ ջութակահարուհի եմ, երկար տարիներ շրջագայություններով ու համերգներով եղել եմ բեմում, ուստի զանգվածային շուկայի հանդեպ մշտապես ունեցել եմ որոշակի կասկածանքով լի վերաբերմունք։ Համապատասխանաբար՝ ողջ զգեստապահարանս բաղկացած է եղել պատվերով կարված հագուստներից: Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ հուզմունքով և հույսերով են ինձ մոտ գալիս աղջիկները․ չէ՞ որ զգեստը կարող է ինչպես զարդարել, այնպես էլ փչացնել յուրաքանչյուրի տեսքը», — նշեց Մարգարիտա Պետրոսյանը:

Պատմելով իր՝ «Ռենեսանս» կոչվող նախագծի մասին՝ դիզայները պարզաբանեց, թե ինչու՞ է այն հենց վերածնունդ անվանել։ «Ազգային ոճով ժամանակակից հագուստ ստեղծելու գաղափարը վաղուց էր օդում թևածում։ Դիզայներներից շատերն են էթնո ոճում օգտագործում տարազի էլեմենտները, ասեղնագործությունը, համապատասխան գործվածքներն ու գույները։

Այնինչ, ինձ համար ոգեշնչման աղբյուր հանդիսացան վերածննդի դարաշրջանի հայ մանրանկարիչների և ճարտարապետների աշխատանքները: Մեր խաչքարերի զարդապատկերների (օրնամենտների) միահյուսումները, թռչունների, առյուծների ու վիշապների պատկերներով Ավետարանների նկարազարդումները գրավում էին իրենց գեղեցկությամբ ու ասես «տենչում» դրոշմվել գործվածքների վրա: Արդյունքում «ծնունդ առան» առօրյա և երեկոյան հագուստներ՝ գործվածքի վրա արծաթե թելերով և մետաքսով արված ասեղնագործությամբ, որոնց մեջ ասես վերածնվում է միջնադարյան Հայաստանի մշակութային ժառանգությունը: «Ռենեսանս» հավաքածուի յուրաքանչյուր հագուստի հետ տրամադրվում է անձնագիր — բրոշյուր, որտեղ մանրամասն տեղեկություններ են ներկայացված մանրանկարի հեղինակի մասին, ինչպես նաև նշված է յուրաքանչյուր զարդապատկերի նշանակությունն ու դպրոցը, որին պատկանում է տվյալ զարդապատկերը: ( Ավելի շատ լուսանկարներ կգտնեք այստեղ )

Նախագիծը պատրաստում եմ՝ համագործակցելով տաղանդաշատ մարդկանց և իրենց գործի մեծ էնտուզիաստներ Սուքիաս Թորոսյանի և դիզայներ Վալերի Գորիդնիչայի (Valeri Goridnicha) հետ»:

Եվ ինչպես հաճախ է պատահում իրենց գործի մեծ վարպետների հետ, Մարգարիտա Պետրոսյանը նունպես բազմաթիվ համագործակցության առաջարկներ է ստանում արտերկրից: Նա նշեց, որ առաջարկներն ավելի շատ են, քան, ցավոք, դրանց իրականացման հնարավորությունն է։ «Ես Լոս Անջելեսում ամենամյա «Wine Fest»- ի համար զգեստ եմ պատրաստել, այս տարի մենք կրկնեցինք հեռահար կարի փորձը, համագործակցում եմ նաև Ուկրաինայի, Իսրայելի, Ֆրանսիայի գործընկերներիս հետ»:

Ուկրաինայի հետ կապված ծրագրերի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցին մոդելավորողը պատասխանեց շատ հակիճ ՝ «միանշանակ»: «Իմ գործընկերը, որի հետ արդեն երրորդ տարին է, ինչ աշխատում եմ, ապրում է Խարկովում: Խոսքը հրաշալի մարդ և հիանալի դիզայներ Վալերի Գորիդնիչայի մասին է, որն ինձ հասկանում է կես խոսքից։ Ի դեպ, ասեղնագործությունների ուղղությամբ աշխատելիս մենք հայտնբերեցինք, որ ազգային մոտիվներով նախշերի տարրերի միջև բավական շատ նմանություններ կան»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով