Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կարեն Գրիգորյանը, որը 01.11.2005թ.-01.11.2008թ.-ը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի, 01.11.2008թ.-17.06.2018թ.՝ Էջմիածնի քաղաքապետի, իսկ 2009թ.՝ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահի, ԵԿՄ վարչության նախագահության անդամի պաշտոնները, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառուցվածքային ստորաբաժանումների մի շարք ղեկավարների հետ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, կատարել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մի շարք հանցավոր արարքներ։

Մասնավորապես՝ Կ. Գրիգորյանը, հանդիսանալով Վաղարշապատ համայնքի ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով այդ կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ վերջինիս որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու վերաբերյալ: Տնօրենը, համաձայն այդ հիմնարկի կանոնադրության, ունենալով տնօրինության աշխատակիցների նշանակման և ազատման, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսների տնօրինման լիազորություններ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010թ. համապատասխան հրամանով, որպես իր ղեկավարած հիմնարկի տեղամասի պահակ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, իր ղեկավարին՝ Կ.Գրիգորյանին, չհակադրվելու և աշխատանքը պահպանելու անձնական դրդումներից ելնելով, նշված հիմնարկի աշխատավարձի հաշվարկի ցուցակներում նրա աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա մինչև 04.06.2018թ. համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից որպես աշխատավարձ նրան վճարել ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Բացի այդ, Կարեն Գրիգորյանը, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ անդամի հետ ունեցած փոխհարաբերություններով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 30.12.2010թ.-ին «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենին կարգադրել է՝ որպես ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ ԵԿՄ անդամին նույն հիմնարկի արտաքին կապերի պատասխանատու նշանակելու վերաբերյալ: Ապա տնօրենին ուղղված իր մեկ այլ կարգադրությամբ համայնքի ղեկավարը հանձնարարել է վեջինիս վերանշանակել անվանափոխված «Մշակույթ» ՀՈԱԿ-ում՝ նույն պաշտոնում: Քննության տվյալներով՝ նշված անձն աշխատանքի չի հաճախել և աշխատանքը չի կատարել, սակայն համայնքապետարանի բյուջեից նշված ՀՈԱԿ-ին հատկացված ֆինանսական միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Կ.Գրիգորյանը համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին բանավոր ցուցում է տվել ԵԿՄ կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի վերոհիշյալ անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում հիմնարկի տնօրենը, համաձայն այդ հիմնակի կանոնադրության, օժտված լինելով վարչության աշխատակիցների նշանակման և ազատման կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսների տնօրինման վարչատնտեսական լիազորություններով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով որպես իր ղեկավարած հիմնարկի տրանսպորտի բաժնի հերթապահ վարորդ աշխատանքի է ընդունել Կ.Գրիգորյանի կողմից մատնանշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, հիմնարկի տնօրենը, իր ղեկավարին չհակադրվելու և աշխատանքը պահպանելու անձնական դրդումներից ելնելով, աշխատավարձի հաշվարկի ցուցակներում նշված անձի աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից՝ որպես աշխատավարձ, նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ։

Այնուհետև, Կարեն Գրիգորյանը, իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար, բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին նրան գրանցել՝ որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հրամանով իր ընտանիքի վարորդին նշանակել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, ապա՝ նշանակել ավագ վարորդ, սակայն վերջինիս կողմից փաստացի իր այդ աշխատանքը չկատարելու, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, բյուջետային հիմնարկի տնօրենը աշխատավարձի հաշվարկի ցուցակներում վերջինիս ընտանիքի վարորդի աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք  ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ: Արդյունքում՝ դրա հիման վրա՝ որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, իսկ որպես բժշկական ապահովագրության վճար՝ «Ռոսգոստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Վաղարշապատ համայնքի ղեկավարը, հաշվի առնելով այն, որ իր վարորդն աշխատում է որպես ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցող անձին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին գրավոր կարգադրել է՝ փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցող անձին նշանակել նույն վարչության պետի տեղակալ, որի հիման վրա՝ հիմնարկի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով վերջինիս նշանակել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ: Սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի Կարեն Գրիգորյանի անձնական վարորդը լինելու պայմաններում, հիմնարկի տնօրենը, նշված վարչության աշխատավարձի ցուցակներում, ինչպես նաև վարչական կազմի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից նրան որպես աշխատավարձ վճարել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարել է ընդհանուր 685.410 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ այդ կերպ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենը, հանդիսանալով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի համար շինանյութերի գնումներ կատարելու նպատակով կազմավորված հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամի և քարտուղարի հետ, 2011-2017թթ. գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ հայտերի բացման և գնահատման նիստին որպես գնային առաջարկ ընդունել և արձանագրել է նշված օրենքին չհամապատասխանող մասնակից ԱՁ-ի կողմից ներկայացված, սակայն չստորագրված, մերժման ու վերադարձման ենթակա 0,5մմ-ոց ցինկապատ պրոֆիլային թիթեղի մասով 10.166.400 ՀՀ դրամ արժեքով գնային առաջարկը, այլ ոչ թե՝ համապատասխան ռեկվիզիտները պարունակող ու 1.114.000 ՀՀ դրամ նվազ արժեքով գնային առաջարկը։ Այնուհետև, հանձնաժողովի նախագահը, վերոնշյալ կարգի համաձայն, միաժամանակ հանդիսանալով պատվիրատուի՝ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի ղեկավարը, նշված թանկ գնային առաջարկով նույն ԱՁ-ի հետ կնքել է պայմանագիր և մատակարարումների դիմաց վճարել ընդհանուր 1.114.000 ՀՀ դրամ ավել գումար, ինչի հետևանքով համայնքապետարանին պատճառվել է էական վնաս։

Բացի այդ, Կարեն Գրիգորյանն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող Վաղարշապատում գտնվող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին կրկին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, ինչի արդյունքում հիմնարկի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով իր ղեկավարած հիմնարկում որպես փողոցի հավաքարար աշխատանքի է ընդունել նրան և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինիս կողմից աշխատանքը չկատարելու, մինչև 2018թ. հունիսը Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, հիմնարկի տնօրենը նշված վարչության աշխատավարձի հաշվարկի ցուցակներում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից մինչև 2018թ. հունիսը նրան որպես աշխատավարձ վճարել ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ՝ այդ կերպ համայնքին պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով  համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ վերջինիս գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, ինչի արդյունքում տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, աշխատանքի է ընդունել նշված անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից աշխատանքը չկատարելու, փոխարենը համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունը փաստացի ապահովող աշխատակից լինելու պայմաններում, վերոնշյալ շարժառիթներով նշված հիմնարկի աշխատավարձի հաշվարկի ցուցակներում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ ու դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից մինչև 18.06.2018թ. որպես աշխատավարձ նրան վճարել ընդհանուր 440.153 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Բացի այդ, Կարեն Գրիգորյանի անչափահաս զավակները լրացուցիչ համաձայնագրերով ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարվել է ոչ թե ծնողների հաշվից, այլ՝ համայնքապետարանի բյուջեից՝ համայնքին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետը, 2008թ-2017թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միաժամանակ լինելով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության անդամ, անձնական այլ շահագրգռվածությունից և անդամակցած հասարակական կազմակերպության հետ ունեցած խմբային շահերից ելնելով, 2008-2017թթ. ընկած ժամանակահատվածում, ամեն տարի Մեծ եղեռնի, Սպիտակի երկրաշարժի միջոցառումների և Հաղթանակի ու խաղաղության օրվա տոնի առիթներին Վաղարշապատի համայնքապետարանի կողմից ծաղկեպսակներ գնելու պատվերներ կատարելիս իր  լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի կարիքների համար իրականացվող գնումների շրջանակներում ծաղիկների վաճառքով զբաղվող ԱՁ-ից պատվիրել է թվով երկու ծաղկեպսակ, որոնցից մեկը՝ համայնքապետարանի, իսկ մյուսը՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ներկայացնելու համար։ Պատվիրված բոլոր ծաղկեպսակների համար հաշիվը ներկայացվել ու վճարվել է համայնքապետարանի բյուջեից, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 750.000 ՀՀ դրամի էական վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝

Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,

«Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ),

«Բարեկարգում»  տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ),

«Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշված դրվագներով պատճառված վնասից բացի, նախաքննության ընթացքում քննված և իրավական գնահատական տրված դրվագներով վերականգնված վնասներից, 25․999․100 ՀՀ դրամը վերականգնվել է, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին, իսկ չվերականգնված՝ 5․477․031 ՀՀ դրամի չափով, կալանքներ են դրվել մեղադրյալների շարժական գույքերի վրա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ». Ալիև

31.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով