Կոչ եմ անում Սևանի ավազանում անասնապահությամբ զբաղվող անձանց խուսափել ջուր խմելու նպատակով անասուններին Սևանի ափամերձ տարածքներ տանելուց.Վահագն Վարագյան

Կոչ եմ անում Սևանի ավազանում անասնապահությամբ զբաղվող անձանց խուսափել ջուր խմելու նպատակով անասուններին Սևանի ափամերձ տարածքներ տանելուց:

Չկա արձանագրված խնդիր, չկա լուծման անհրաժեշտություն: Տպավորություն է, որ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններն այսօր աշխատում են հենց այս մեթոդով. չեն հերքում առկա խնդիրները, սակայն պաշտոնապես չեն գրանցում դրանք՝ պարտավորություններից, գործ անելուց խուսափելու համար: Ցիանոբակտերիները (Սևանը կանաչել է սրանց պատճառով) բախտի բերմամբ կամ պոպուլիզմով չեն վերանալու: Ավելին, թեև առողջապահության նախարարությունը խուսանավում և խուսափում է այդ մասին խոսել, բայց կենսաբանական գիտությունների թեկնածու Gor Gevorgyan հետազոտություններով ապացուցել է, որ Սևանա լճում կան նաև Anabaena ցեղի բակտերիաներ: Մտահոգիչ է, որ ցիանոբակտերիաների արտադրած տոքսիններից ամենատարածվածը, ամենավտանգավորն ու ամենահայտնին միկրոցիստիններն են, որոնք արտադրվում են հենց Anabaena ցեղի բակտերիաների կողմից: Սա համարվում է բնության ամենաուժեղ թույներից մեկը: Այն իր ազդեցությամբ և վտանգավորության աստիճանով կարելի է համեմատել կոբրայի թույնի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ լողալու հետևանքով միկրոցիստինները կարող են մաշկի միջոցով ներթափանցվել արյան մեջ: Միկրոցիստինների 50-70%-ը կուտակվում է կենդանի օրգանիզմի լյարդում, մոտ 10%-ը՝ աղիքներում, մնացածը՝ տարբեր հատվածներում և ազդում են նյարդային համակարգի վրա: Կենդանիների, օրինակ՝ ձկների մոտ, ինտոկսիկացիան կարող է դրսևորվել լյարդում՝ արյունազեղումներով և լյարդի չափսերի մեծացմամբ: Այս օրերին Սևանից հանված սիգի լյարդը նայեք, կհամոզվեք: Ցիանոբակտերիաներով հարուստ ջրերի ափամերձ տարածքներից կենդանիների ջուր խմելով, նույնպես, վտանգվում է նրանց կյանքը, և սա կարող է անասունների զանգվածային անկման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, անասունների մոտ ինտոկսիկացիայի տևողությունը տարբեր է. այն կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր:

Ուստի, ելնելով ստեղծված իրավիճակից՝ կոչ եմ անում Սևանի ավազանում անասնապահությամբ զբաղվող անձանց խուսափել ջուր խմելու նպատակով անասուններին Սևանի ափամերձ տարածքներ տանելուց:

Նկարում Սևանի ափին անցած տարի սատկած անասունն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով