Բարերար Ջորջ Բաղումյանը 250 հազար դոլար կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ ՀՀ զինծառայողների համար

 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել  է Աննա  Հակոբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ Բաղումյանի հետ, սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին: Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու և հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք: Եվ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետևյալ տեքստը. «Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»: Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը»,- նշել է Աննա Հակոբյանը։

Նա հայտնել է, որ ցանկացած այլ օր, այդ խոսքերը կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն, սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետև ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական:

«Չեք պատկերացնի, թե որքան կարևոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը: Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեև վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետևյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, և ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը»,- գրել է վարչապետի տիկինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ Բաղումյանն իրեն ասել է, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա և ինքը վստահում է նրան և 250 հազար դոլարը շուտով կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար:

Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» հիմնադրամում այժմ քննարկում են, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրել այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով