«Բռնոցի-բացթողոցի» շոուի ողջ հմայքն ու թշվառությունը

Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր օրվա իշխանությունը 2018 թվականի իշխանազավթումից հետո մեզ հրամցնում ցածրորակ «բռնոցի-բացթողոցի» սցենարով բեմադրված տեսարանները: Անհասկանալի հիմնավորումներով դիմակավոր անձինք տարբեր մարդկանց փողոցներում փռոմ էին ասֆալտին, ձեռքերն ոլորում և բերման ենթարկում: Հետո նույնքան տարերային ձևով, բայց գումար գանձելուց հետո, բաց էին թողնում: Դեռ մի կողմ թողնենք գումարի հարցը:

Ինքը երևույթը մեծ հրճվանք էր առաջացնում հեղափոխական տենդի մեջ եփվող ամբոխի շրջանում: Այդպիսի տեսարանները լցնում էին լրահոսը, հագեցնում էին մարդկանց կյանքերում հետաքրքիր իրադարձությունների տենչանքը և անասելի ուրախություն էին պարգևում հեղափոխականներին: Սա այն էժանագին հնարքներից մեկն էր, որը Նիկոլ Փաշինյանն ուներ իր զինանոցում՝ սեփական վարկանիշը բարձր պահելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դասական կատարմամբ այս հնարքը պետք է համալրված լիներ նաև հաց բաժանելով: «Panem et Cicenses», ինչպես որ պատգամել է Յուվենալը իր «Սատիրաներ»-ում: Սակայն, հասկանալի էր, որ հաց բաժանելն  այնքան էլ չի մտնում Փաշինյանի պլանների մեջ, նրան առհասարակ շատ քիչ էր հետաքրքրում ժողովրդի փաստացի տնտեսական բարեկեցությունը: Ամենից շատ Փաշինյանը սիրում է սեփական վարկանիշը, ուստի «բռնոցի-բացթողոցի» շոուի պրեմիերայի մեծ հաջողությունից հետո գերագույն գլխավորի փիառ-մենեջերները այն սկսեցին կիրառել աջ ու ձախ շարունակելով ուրախացնել ամբոխը: Քավ լիցի, այդպես երկար շարունակվել չէր կարող:

Ամբոխից հանրություն դարձած քաղաքացիները սկսեցին ձանձրանալ անորակ շոուներից, քանի որ դրանց չէին հետևում որևէ լուրջ դատական գործընթացներ: Այդպես էլ չլսեցինք, որ այս կամ այն նախկինում բոլոր մեղքերի համար պախարակվող չինովնիկին դատեցին: Էժանագին հնարքը հետզհետե սկսեց կորցնել իր արդյունավետությունը: Ավելին, այն սկսեց դառնալ ծաղրի առարկա հանրության շրջանում: Բոլոր քիչ թե շատ սթափ դատող քաղաքացիները սկսեցին տեսնել օրինաչափությունը:

Հենց որ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը ինչ-որ մի կիքս էր թույլ տալիս, կամ որևէ ընդդիմախոս ջաղջախիչ հարցազրույց էր տալիս և Փաշինյանի վարկանիշը սկսում էր վտանգավոր կերպով ճոճվել՝ ընկնելու հեռանկարով, ցուցադրվում էր «բռնոցի-բացթողոցի» հնդկական սերիալի հաջորդ էպիզոդը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցավ երկու տարի: Այսօր մենք տեսնում ենք, որ Փաշինյանը, թեև ունի իրեն ավելի հնազանդ ուժային կառույցներ, բայց ավելի քիչ է կիրառում իր տխրահռչակ հնարքը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ նույնիսկ իրականությունից անդառնալիորեն կտրված Փաշինյանի համար պարզ է դարձել, որ իր վարկանիշը այնքան է ընկել, որ նույնիսկ այդ հնարքը այլևս չի կարող օգնել ռեաբիլիտացնել այն: Բացի դրանից, հանրությունն արդեն նույնը չէ, ինչ 2018 թվականին: Մարդիկ ապաքինվել են անառողջ էյֆորիայից և շատ ավելի սթափ են դատում: Այսօրվա քաղաքացիներին արդեն չես կարող ուրախացնել անբովանդակ մասկի-շոուով: Մարդիկ ուզում են լուրջ փոփոխություններ տեսնել, այլ ոչ թե երիցս լսել այն մասին, թե Փաշինյանի կարծիքով որքան վատն էին «նախկինները» և որքան մեծ է նրանց վերադարձի վտանգը

Փաշինյանի մեկ օրով անգամ իշխանությունը ձեռքից բաց թողնելու դեպքում: Արձանագրենք, որ այսօր իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում այնքան է թեժացել, որ հանրությունը շատ լավ հասկանում է մի պարզ իրողություն՝ էժանագին շոուների ժամանակն անցել է: Այսօր տեսարանների միջոցով վարկանիշ բարձրացնելու ձևերը այլևս չեն աշխատում: Եկել է իսկական գործերի ժամանակը: Եվ սա հենց այն անառիկ ամրոցն է, որը կանգնել է Փաշինյանի կոկորդին, քանի որ նա, լինելով դիլետանտ, իրեն շրջապատել է հավատարիմ, բայց դիլետանտ կադրերով, որոնք կարողանում են անել ընդամենը երկու բան՝ պախարակել նախկիններին և գովել Փաշինյանին:

Հայաստանը ավելիին է արժանի, ինչպես որ մենք բազմիցս շեշտել ենք: Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավար, որը կբացառի պոպուլիզմի ներթափանցումը պետական կառավարման համակարգ և կձևավորի պրոֆեսիոնալներից բաղկացած Կառավարություն, որի համար մենք չենք ամաչի:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով