Երեկ և այսօր կատարվել են մի շարք գործողություններ, որոնք ողջամտորեն ենթադրում են՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում

Սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, առանց Ազգային ժողովի նախնական համաձայնության Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ չեն կարող իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք հանդիսանում են քրեական հետապնդում, ներառյալ՝ որպես մեղադրյալ ներգրավելը կամ մեղադրանք առաջադրելը:

«Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուղղակիորեն սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող, քանի որ այդ անձի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում:

Նույնանման դատական պրակտիկա է ձևավորել ՀՀ վճռաբեկ դատարանը Լևիկ Պողոսյանի գործով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ և այսօր կատարվել են մի շարք գործողություններ, որոնք ողջամտորեն ենթադրում են՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում:

Դրանք են՝
1️⃣ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարված խուզարկությունը,
2️⃣ դրանից անմիջապես հետո ԱԱԾ-ի կողմից այնպիսի հաղորդագրություն տարածումը, որից ակնհայտ բխում է, որ քրեական գործ է հարուցվել Գագիկ Ծառուկյանին վերագրվող գործողությունների առթիվ,
3️⃣ նախաքննության գաղտնիք կազմող «փաստաթղթերը» կառավարության անդամների կողմից սոցիալական ցանցերում որպես Գագիկ Ծառուկյանի մեղավորությունը հավաստող ապացույց տարածելը,
4️⃣ ԱԱԾ-ի կողմից այսօր հրապարկված տեսանյութի մեջ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ դրվագներ ներառելը:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում խախտվել է Սահմանադրության 96-րդ հոդվածը, քանի որ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ փաստացի իրականացվել է քրեական հետապնդում և վերջինս ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ առանց Ազգայի ժողովի նախնական համաձայնության։

Նման խախտումը ոչ միայն պատգամավորի անձեռնամխելիության իրավանորմի կոպիտ ոտնահարում է, այլև՝ լրջորեն կասկածի տակ է դնում նշված քրեական գործերով իրականացվող հետագա քննության օրինակությանը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով