ՓԱՌԱՊԱՆԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆԱԵՎ ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ Է, ԻՆՉՊԻՍԻՆ ՊԱՊԻՍ ՃԱԿԱՏԻ ԽՈՐ ՍՊԻՆ ԷՐ

Հայրենական Մեծ պատերազմը լինելով փառապանծ հաղթանակ՝ նաեւ չսպիացող վերք է: Ճիշտ այնպիսին, ինչպիսին պապիս ճակատի խոր սպին էր, որն անընդհատ պիտի իրեն հիշեցներ անցած արհավիրքները, իսկ մեզ անսահման հպարտություն պարգեւեր ու մեծ ակնածանք: Կարծես, մի փակված թեմա լիներ, թե որտեղ է կռվել, որտեղ վիրավորվել եւ ինչպես է փրկվել պապս, ինչի մասին ինքս երբեք չեմ հարցրել… Մանուկ հասակում համարձակությունս չեր ներում, որովհետեւ կարծում էի, որ իմ հարցով ցավեցնելու եմ հենց այդ նույն սպին, որից դժվար էր անընդհատ չնայելը, իսկ հասուն տարիքում արդեն գիտակցաբար չէի հարցնում՝ չցավեցնելու համար ոչ թե սպին, այլ պապիս այնքան մեծ սիրտը, որի սերը հավասարապես բաշխվում էր զավակների, թոռների ու ծոռների միջեւ…

Պարտքս էր… Ամեն դեպքում, այսօր պետք է անդրադառնայի նաեւ իմ հերոս պապին ու պեղեի մանրամասներ նրա մահից արդեն տարիներ անց: Պապս՝ Թիրաբյան Հրանտը, ում անունը կրելու պատվին եմ արժանացել, Հայրենական պատերազմին մասնակցել է՝ սկսած 1941 թվականի օգոստոսից: Սեւաստոպոլի թեժ մարտերի ժամանակ գերեվարվել է նացիստական Գերմանիայի զորքերի կողմից եւ հանձնվել Օդեսա քաղաքի ռազմագերիների ճամբար: Իսկ 1942-ի աշնանը տեղափոխվել է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի գերմանական բանակի, այսպես կոչված, «Թուրքմենստանյան» լեգիոնի աշխատանքային «1000» ջոկատի կազմին եւ դաժանաբար շահագործվել՝ որպես սեւագործ բանվոր… Միայն երկու տարի անց՝ 1944-ին նրան հաջողվել է փախուստ կատարել եւ թաքնվել տեղի բնակիչների մոտ: Գերությունից ազատագրվել է 1945 թվականի մայիսին՝ դաշնակից զորքերի կողմից եւ հանձնվել Խորհրդային հրամանատարությանը: Պատերազմի արդեն ավարտին, երբ գերությունից ազատվել էր, կար երկու ճանապարհ՝ վերադառնալ հայրենիք կամ ապրել եվրոպական երկրներում՝ մեկընդմիշտ փակելով իր կենսագրության ամենադաժան էջը: Այդպես վարվեցին շատերը, որոնց մասին իրենց ընտանիքներն այդպես էլ որեւէ լուր չունեցան: Բայց պապս նախընտրեց հայրենիքը, էշելոնով ձիերի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով, այնտեղից էլ՝ Խորհրդային, բայց ՀԱՅԱՍՏԱՆ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հպարտության, կարոտի ու հաղթանակի եռատոնն այսօր եկավ, որ նորից ու նորից հիշեցնի, թե ով ենք մենք ու դեպի ուր պիտի գնանք: 75-ամյա տոնն ինձ համար մայիսյան չէ, ընտանեկան է` Հայրենական մեծ պատերազմի վետերան պապիս օրն է, որին ամեն տարի այս օրը պիտի շրջապատեինք հարազատներով, շնորհավորեինք ու տոնական սեղանի շուրջ ուրախանայինք: Նա էլ պետք է համեստորեն, բայց անթաքույց ոգեւորությամբ ուրախանար մեզ հետ՝ այդպես էլ երբեք իր կոստյումը չզարդարելով ստացած բազմաթիվ մեդալներով, մնալով իր տեսակի մեջ` համառ ու համեստ: Շնորհավորում եմ, պապ ջան… Երանի այսօր էլ քո դողացող, բայց պինդ ձեռքերով գրկեիր ինձ ու ինձ կրկին ամենափոքրը զգայի…

Լրագրող  Հրանտ  Սաֆարյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով