Մայիսի 18-ից պետական կառավարման մարմիններում, փակ արտադրամասերում, գրասենյակներում աշխատելու կանոնները

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես՝

Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:

Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:

Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:

Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:

Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:

Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կկարողանան գործել:

Կանոններ

Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:

Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:

Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4049.pdf»։

***

Մայիսի 17–ին ժամը 23։59–ից ուժի մեջ մտնող՝ սահմանափակումների փոփոխությամբ սահմանվել են պետական կառավարման եվ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոնները։

«1. Ընդհանուր կանոններ

1) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:

2) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարները սահմանում են այն աշխատակիցների ցանկը, որոնց աշխատանքը հնարավոր է կազմակերպել հեռավար եղանակով՝ ապահովելով վերջիններիս աշխատանքի իրականացումը տնից։

3) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները մարմնի գրասենյակային տարածքներում ապահովում են սույն որոշման Հավելված N 4-ով սահմանված` «Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման» պահանջները, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ մարմնի նկատմամբ։

4) Մարմնի ղեկավարները բոլոր աշխատակիցներին մարմինների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ  քաղաքացիների սպասարկում իրականացնող անձնակազմի դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով:

5) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ապահովում են աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N  -ով սահմանված իրազեկման թերթիկի:

6) Առցանց ծառայությունների առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները միջոցներ են ձեռնարկում դրանք հնարավորինս էլեկտրոնային եղանակով  մատուցելու համար՝ զուգահեռաբար իրականացնելով դրանց վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ:

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակներում քաղաքացիների սպասարկման կանոններ

1) Մարմնի ղեկավարի ցուցմամբ ապահովվում է անձնակազմի հնարավոր նվազագույն ներգրավվածություն և շփում քաղաքացիների հետ:

2) Հնարավորության դեպքում անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների ընդունելություն՝ ըստ նախնական էլեկտրոնային կամ հեռախոսային հերթագրման։

3) Հնարավորության դեպքում կենսաթոշակային տարիքի անձանց պետք է սպասարկել առանձին՝ բացառելով շփումը այլ անձանց հետ։

4) Սպասարկման գրասենյակներում անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.

5) 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող սպասարկման գրասենյակնում` միաժամանակ առավելագույնը 2 այցելուի ներկայություն.

6) Վճարման տերմինալների, սպասարկման տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ անհրաժեշտ է իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

7) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց պաշտպանիչ դիմակների:

8) Քաղաքացիների հետ շփում ունեցող աշխատակիցներին մարմիններն ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով:

9) Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:

10) Անհրաժեշտ է ապահովել վճարման տերմինալների ախտահանումը օրական առնվազն 4 անգամ»։

***

Սահմանվել են փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով աշխատանքի կազմակերպման կանոնները։

«Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեության իրականացման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի:

Ներկա փուլում, փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն

ծավալելիս, պահպանվում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.

1) Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի

ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են

կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների

միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

2) Անհրաժեշտ է հնարավորինս բացառել ներգնա և արտագնա գործուղումները,

հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով, իսկ դրա անխուսափելիության

դեպքում՝ առավելագույնս սահմանափակվում են գործուղման ընթացքում

հանդիպումներն ու շփումների շրջանակը:

3) Ընկերությունն ապահովում է աշխատողների անվտանգ տեղափոխումն աշխատավայր

և հետադարձ՝ ամեն օր ախտահանելով տրանսպորտային միջոցը:

4) Ապահովվում է հերթափոխային աշխատանք այն բոլոր դեպքերում, երբ արտադրական

գործընթացը և աշխատանքների բնույթը նման հնարավորություն են տալիս:

5) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության

զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ

թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված

կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝

ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի

քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ

հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի

հիվանդություն, ցրված սկլերոզ

, ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6) Նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման

նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):

7) Պատասխանատուն ապահովում է արտադրական տարածքում ընդհանուր

սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի

պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ

պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

8) Պատասխանատուն ապահովում է առնվազն ախտահանումների, աշխատողների և

այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ

նպատակահարմարության) վարումը:

9) Պատասխանատուն ապահովում է անվտանգ վարվելականոնների և

սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատողներին

պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ

այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված

իրազեկման թերթիկի:

2. Փակ արտադրական տարածքի կազմակերպում.

1) Ապահովել արտադրամասի ընդհանուր մուտքի, զուգարանի, խոհանոցային հատվածի

(առկայության դեպքում), առանձին շենքերի մուտքերի մոտ ախտահանիչներով

(ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

2) Ապահովել փակ արտադրամասի տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝

հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով

(դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ),

օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն աշխատողների կուտակումները:

3) Ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝

հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են

նաև դիմային վահանակներ:

4) Աշխատատեղերը կահավորել փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2

աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ

պարագաները նետելու համար:

5) Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ապահովել արտադրական տարածքի բնական

օդափոխությունը:

6) Օրական 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանել տարածքի դռների բռնակները,

սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի

անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ,

ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր

և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի

հիմքով կամ առնվազն 60% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝

նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովել՝

ա. Շենքերի բոլոր տարածքների օդափոխությունը.

բ. Արտադրական տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի,

դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների,

սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ

մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

8) Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի

(սանիտարական հագուստի) համար ապահովել համապատասխան

հանդերձապահարաններ:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Ապահովել փակ արտադրական տարածքի աշխատողների «մուտքի ֆիլտր»՝

ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի

ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ

գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով

համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Արգելվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ,

հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների՝ աշխատանքի վայր մուտքը:

3) Հերթափոխային աշխատանքի դեպքում բացառվում է տարբեր հերթափոխերի

աշխատողների միջև շփումը:

4) Բացառվում է առանձին արտադրամասերի աշխատողների միջև շփումը:

5) Անհրաժեշտ է բացառել արտադրամասում մարդկային կուտակումները:

6) Աշխատողներին անհրաժեշտ է ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների

(ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4

ժամը մեկ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների,

ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային

պաշարով:

7) Աշխատողները 3-4 ժամը մեկ փոխում են դիմակները/դիմային վահանակները:

Բացառվում են մեկանգամյա դիմակների և ձեռնոցների կրկնակի օգտագործումը,

ինչպես նաև՝ խոնավացած դիմակների օգտագործումը:

8) Ապահովել վարչական անձնակազմին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու

հնարավորություն:

9) Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է աշխատողների ելքը ընկերության

վարչական տարածքից: Անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորության

պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպման հնարավորություն՝ ընդմիջման

ընթացքում հնարավորինս բացառելով այլ աշխատողների հետ սերտ շփումը, այլ

տարածքներ այցելությունը:

10) Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն պետք է ապահովել օդափոխվող

տարածքում և սահմանել աշխատողների համար հստակ ժամանակացույց:

Խոհանոցային հատվածի բացակայության դեպքում բացառել արտադրական

տարածքում սնվելը և ապահովել սննդի կազմակերպման համար առանձնացված՝

օդափոխվող, լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման

հնարավորությամբ սենյակ կամ տարածք:

11) Անհրաժեշտ է նշանակել արտադրամասում լոգիստիկա ապահովող անձի/անձանց՝

տարբեր արտադրամասերի աշխատողների և օպերացիաների միջև կապն ապահովելու

համար՝ նրանց ապահովելով արտահագուստով և անհատական պաշտպանության այլ

միջոցներով:

4. Մատակարարների, առաքիչների, վերանորոգող բանվորների, ճարտարագետների

և այլ այցելուների համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար

ջերմաչափով և վարել գրանցամատյան:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ,

հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը արտադրամասի տարածք և

անհապաղ ահազանգել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003

համարով:

3) Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1.5 մետր

սոցիալական հեռավորություն:

4) Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին

Տարածք»:

***

Սահմանափակումների փոփոխությամբ պարետի կողմից սահմանվել են գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոնները։

«Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է: Դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Գրասենյակային աշխատավայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում պետք է ապահովվեն գրասենյակային աշխատավայրում աշխատանքի կազմակերպման ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.

1) Աշխատանքն անհրաժեշտ է կազմակերպել առցանց/հեռավար եղանակով՝ դրա համար ներդնելով անհրաժեշտ մեխանիզմներ, ընդ որում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրություն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։ Աշխատանքն առցանց/հեռավար կազմակերպելու անհնարինության դեպքում գրասենյակում աշխատանքի ներգրավվում են օպտիմալ քանակի աշխատողներ և/կամ սահմանվում են հերթափոխային աշխատանք:

2) Պետք է բացառել մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրանց անխուսափելիության դեպքում՝ դրանք անց կացնել առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

3) Պետք է հնարավորինս բացառել ներգնա և արտագնա գործուղումները, հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ առավելագույնս սահմանափակել գործուղման ընթացքում հանդիպումներն ու շփումների շրջանակը:

4) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ, ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

5) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):

6) Պատասխանատուն ապահովում է գրասենյակի ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

7) Պատասխանատուն ապահովում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը:

8) Ընկերությունն ապահովում է աշխատողների՝ անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված իրազեկման թերթիկի:

2. Գրասենյակային տարածքի կազմակերպման կանոններ.

1) Գրասենյակի ընդհանուր մուտքի, ստորաբաժանումների, զուգարանների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

2) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3) Նույն աշխատասենյակում աշխատասեղանների միջև ապահովվում է առնվազն 1.5 մետր հեռավորություն: Հնարավորության դեպքում՝ կիրառվում են աշխատատեղերը բաժանող միջնորմներ:

4) Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանիչ այլ պարագաները նետելու համար:

5) Ապահովվում է գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:

6) Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, անհրաժեշտ է ախտահանել գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

ա. Շենքերի օդափոխությունը.

բ. Գրասենյակի տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել ընկերության աշխատողների ջերմաչափում՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը աշխատանքի վայր:

3) Այցելուներ ունենալու դեպքում աշխատողի և այցելուի միջև պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն

4) Աշխատանքային ժամերին աշխատողը կրում է մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխում է 3-4 ժամը մեկ: Պետք է բացառել մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործումը, ինչպես նաև՝ խոնավացած դիմակների օգտագործում:

5) Պետք է ապահովել աշխատողներին մեկանգամյա օգտագործման դիմակների (դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկով), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:

6) Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է գրասենյակի տարածքից աշխատողների ելքը: Աշխատողների ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում, և սահմանվում է աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք: Խոհանոցային հատվածի օգտագործումն իրականացվում է սահմանված հերթով կամ առնվազն երկու մետր հեռավորության պահպանումով:

4. Այցելուների համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով և վարել գրանցամատյան:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը արտադրամասի տարածք և անհապաղ ահազանգել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

3) Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

4) Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին Տարածք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով