Մանիպուլյացիա, մանիպուլյացիա՝ մինչև վերջ․․․168.am

168.am-ը  գրում  է.

Թռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռ ու մուռ, արտասանեց, գոռաց, շատ խոսաց, մին էլ, ըհը, տարվա վերջ, ու արդյունքում՝ ոչինչ չարեց։ Ու թող ների մեզ Աթաբեկ Խնկոյանը, որ իր հայտնի «Ճպուռն ու մրջյունը» փոքր-ինչ փոխեցինք ու ճպուռին Նիկոլ Փաշինյանին նմանեցրինք։

Այո՛, վարչապետ Փաշինյանի կառավարումն ու որդեգրած քաղաքականությունը գրեթե չի տարբերվում մեզ բոլորիս հայտնի անհեռատես ճպուռի տրամաբանությունից։ Պլանավորման ու սկզբունքների, խոսքի արժեքի ու գործնական արդյունքների բացակայություն։ Ինչպես մեկ անգամ Փաշինյանի կողմից թիրախավորված անձերից մեկն էր ասել, նա պետությունը ղեկավարում է ճիշտ՝ ինչպես ժամանակին «Հայկական Ժամանակ» օրաթերթը՝ դեղին մամուլի սկզբունքով։ Իր պատկերացումներով՝ պետությունն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն՝ ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից՝ մինչև մյուսը։ Եվ յուրաքանչյուր արված հայտարարություն կամ գործ պարզապես կմոռացվի մեկ օրվա ընթացքում, և այլևս կարիք չկա մտածել դրանից բխող հետևանքների մասին։ Բայց անգամ հույս դնելով և խորապես հավատալով հասարակության կարճ հիշողությանը, Փաշինյանն ամեն դեպքում չի մոռանում նաև անվտանգության բարձիկների մասին։ Երբեմն՝ աղճատված, երբեմն՝ ամբողջությամբ հորինված, երբեմն՝ մեկ ուրիշի արածն իրեն վերագրելով, և շատ հաճախ էլ՝ вокруг да около  ձևակերպումներով փորձում է ամրագրել ու ներկայացնել իր և իր թիմի այդպես էլ չարված աշխատանքի փուչ արդյունքները՝ դրանց շուրջ ստեղծելով հավաստիության և իրավացիության տպավորության վարագույր, որը թեթև շարժումից միանգամից բարձրանում է ու երևան հանում իր ետևում թաքցված ստերն ու անճշտությունները։

Անհեռատես վարչապետ Փաշինյանի թռի-վռի մի ամբողջ տարվա անգործությունը ծածկող վարագույրն էլ, ըստ էության, պետք է իր կառավարության 2019թ․-ի ծրագրի կատարողականի զեկույցը լիներ՝ իրեն հատուկ պաթոսով ներկայացված փաստերով, ուռճացված ձեռքբերումներով։ Բայց անհեռատես մարդն ամեն ինչում է անհեռատես․ ճիշտ՝ ինչպես ճպուռն էր մոռացել ձմռան գալուստի մասին, այդպես էլ Փաշինյանը միշտ մոռանում է, որ իր պատկերացրած երկրի այ էն մյուս կողմում դեռ կան ու մնում են բանիմաց ու հեռատես մասնագետներ, ովքեր պսևդոհայրենասիրական բանաստեղծություններ հորինելու փոխարեն՝ զբաղված են գործով, և հենց նրանք են, որ ստեղծում են անգործությունը ծածկող վարագույրը բարձրացնող թեթև շարժումը և, ինչպես ինքը՝ Փաշինյանն է սիրում ասել, հատ առ հատ գտնում են բոլոր թերացումներն ու ստերը։

Կարո՞ղ է՝ Փաշինյանը ներքուստ ձգտում է մեկ օր ճանաչվել «փաստերի մանիպուլյացման տարվա լավագույն մասնագետ» անվանակարգի հաղթող։ Այլ կերպ էլ ինչպե՞ս մեկնաբանել նրա վերաբերմունքն առ պետություն ու իր աշխատանք։ Կամ գուցե նրան դո՞ւր է գալիս ապրել իր ալտեր էգոյի հետ՝ երկրի իդեալական ղեկավարի, ով սիրված է բոլորի կողմից, ով բանիմաց է և հաջողում է պետական կառավարման բոլոր ոլորտներում։

Գուցե հենց Փաշինյանի ալտեր էգոն է դրդում նրան տարին ամփոփող զեկույցում ներառել այդքան աղճատված տվյալներ, խոստումներ ու դրանք ներկայացնել՝ որպես կատարված գործ։ Գուցե հենց նրա ալտեր էգոն թույլ չի տալիս իրեն գիտակցել, որ նախորդ տարվա  եկամուտների ներհոսքը՝ պայմանավորված ավտոմեքենաների ներմուծմամբ ու ԵԱՏՄ երկրներ արտահանմամբ, չի կարող համարվել տնտեսության կառուցվածքի բարելավում, քանի որ հաջորդ տարիներին նույնն այլևս չի լինելու։

Ի՞նչն է խանգարում Փաշինյանին առերեսվել այն փաստի հետ, որ իր անձնական իմիջն ու իր կողմից այդքան գովաբանված հեղափոխությունն այդպես էլ չմոնետիզացվեց։ Փաշինյանը չկարողացավ իր իսկ հեղափոխությունը վաճառել՝ որպես բրենդ, ու դրա վառ ապացույցն է նախորդ տարի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 48.1 մլրդ դրամ, իսկ ավելի ցայտուն պատկերացնելու համար՝ 35.8%-ով քիչ, քան 2018թ.-ին էր։

Հայաստան նախորդ տարի մեծ թվով ԵԱՏՄ անդամ-երկրների քաղաքացիներ են այցելում՝ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով, բայց Փաշինյանի ալտեր էգոն կուրորեն հավատում է, որ 2019թ.-ին կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը գրանցել է իրապես բարձր ու կայուն աճ, ու, որ հենց այդպես է լինում իր պատկերացրած զբոսաշրջության զարգացումը։

Փաշինյանն ասում է՝ Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն հենասյուներից մեկն իրենց իշխանության համար լինելու է էկո Հայաստանի հայեցակարգը, բայց Փաշինյանի ալտեր էգոյի տնտեսական քաղաքականության արդյունքում 2019թ․-ին արտահանման աճին հիմնական նպաստում ունեցած ճյուղերն են դառնում հանքահումքային արտադրանքի և թանկարժեք, կիսաթանկարժեք մետաղների արտահանումը: Էլ չասած, որ կառավարությունն առաջընթաց գրեթե չի արձանագրում՝ ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ իր կողմից սահմանված 43-45% մակարդակին հասնելու համար․ 2019թ․-ին այն 38.6% էր։

Նա ուրախանում ու որպես ձեռքբերում է ներկայացնում 2019թ.-ի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների շուրջ 590 միլիոն ԱՄՆ դոլարով աճը՝ առանց նշելու դրանց պատճառները: Մինչդեռ, եթե հարցնենք ոլորտի յուրաքանչյուր մասնագետի, վերջինս կասի, որ միջազգային պահուստների ցուցանիշը բավականին տատանողական է, և դրա պահային աճը չպետք է ներկայացնել՝ որպես կառավարության ձեռքբերում: Այդ նույն տրամաբանությամբ, ինչո՞ւ փոխարենը ամոթ է համարում խոսել ձախողման մասին, օրինակ, երբ արդեն 2020թ. մարտի վերջի դրությամբ՝ այդ նույն միջազգային պահուստները 2019թ.-ի դեկտեմբերի նկատմամբ նվազեցին 9.3%-ով կամ 267.6 միլիոն դոլարով, որոնց նվազման երևույթն այդպես էլ անհասկանալի պատճառով կառավարության ու Փաշինյանի կողմից մնաց չմեկնաբանված։

Փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու հարցով էլ Փաշինյանի խոստումները թիթեռնիկի կյանք ունեցան․ 2019թ․ ընթացքում առաջին 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13%-ով։ «Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ»՝ սա հատված էր կառավարության  2019թ․-ի ծրագրից․ թվերն ավելի խոսուն են։

Ու պարզվում է, որ վարչապետը ոչ միայն անհեռատես է, այլև անարդար։ Հարկային ոլորտում նրա վարած քաղաքականության և ներդրած համահարթեցման արդյունքում շատ եկամուտ ստացողները սկսել են վճարել ավելի քիչ եկամտային հարկ, իսկ միջին կամ ավելի ցածր եկամուտ ունեցողների համար գրեթե ոչինչ չի փոխվել։

«Պատիվ ունեմ հայտարարելու, որ Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան․..». այսպես ասաց 2018-ին, ասաց 2019-ին, չի բացառվում, որ ներքուստ մինչ օրս էլ շարունակում է հավատալ այս միֆին ու փորձում հավատացնել ուրիշներին, բայց ախր, վարագույրն արդեն բարձրացված է։ Շաքարավազի շուկայում ընդամենը երեք ընկերությունների իրացման ծավալն ընդհանուր իրացման ծավալում 2018թ․-ին կազմել է 98%, իսկ 2019թ․-ին` 96%։ Թվենք այդ երեք ընկերությունների անունները՝ «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ» և «ԱրմենՀամիկ եղբայրներ» ՀՁ։ Ակնհայտ է, չէ՞, որ նշվածներից առաջին երկուսը, ըստ էության, նույն բաժնետիրոջ ընկերություններն են՝ տարբեր անուններով: Բենզինի շուկայում էլ, ինչպես 2017թ.-ին, այնպես էլ 2019թ.-ին գործում են ընդամենը 4 ներմուծող կազմակերպություններ, որոնք ներմուծում են բենզինի ամբողջ ծավալը:

Հիշո՞ւմ եք, չէ, թե ինչ եղավ անհեռատես ճպուռի հետ։ Այ հենց այդպես էլ, երբ Նիկոլ Փաշինյանին կուղղեն «չաշխատեցի՞ր, ասա, ի՞նչն էր պատճառը» հարցը, նա չի ունենա ոչ մի ծանրակշիռ ու իրեն արդարացնող պատասխան։ Ճպուռը պատասխանեց՝ երգում էի, Փաշինյանն էլ կրկին այլ մեղավորներ կփորձի փնտրել կամ նոր պոպուլիստական հայտարարություններ հորինել, բայց մեկ է, քամու ծափարությունների տակ պար տալը երկուսի դեպքում էլ ակտուալ կլինի, չնայած Փաշինյանի դեպքում, քամու փոխարեն, փոթորիկ է լինելու։

ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով