Հերքել հնարավոր չէ հաստատել.«Իմ Ձայնը»

Միքայել Մինասյանի հայտնի եթերից հետո միակ տրամաբանական շարունակությունը պետք է լինի իշխանության պաշտոնական արձագանքը։ Տվյալ դեպքում՝ վարչապետ Փաշինյանի, քանի որ ուղիղ իր անունն է արծարծվում։ Ցանկացած այլ տարբերակ խորացնելու է կասկածները, խորացնելու է «գաղջը»։ Որևէ այլ պաշտոնյայի մեկնաբանություններ գրոշի արժեք չունեն, քանի որ նրանք չեն կարող տիրապետել տեղեկատվությանը։ Ալենը տասն անգամ էլ մեծացնի իր «անհամբերության դոզան»՝ բան չի փոխվելու։

Մինչ այս պահը Փաշինյանը խուսափում է պատասխանից։ Իր փոխարեն այդ գործը վերապահված է ԱԺ նախագահի տիկնոջը և ֆեյսբուքյան թիմին։ Սա, որպես ժամանակ ձգելու միջոց, իհարկե, իշխանության իրավունքն է։ Բայց կա երկու բայց. հնարավոր չէ այդպես շատ երկար ժամանակ ձգել, միևնույն է՝ 1-2 օրվա մեջ Փաշինյանը պարտավոր է լինելու արձագանքել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուսը հանձնարարականի բովանդակությունն է, որ իջեցված է սոցցանցային թիմերին և ֆեյքերին։ Ըստ այդմ՝ սլաքները պետք է ուղղել Ա. Վանեցյանի դեմ։ Սուրհանդակին մեղավոր սարքելը դարերի պատմություն ունի։ Դա շատ հին «ավանդույթ» է, բայց այնքան անարդար, որ նույնիսկ ամենաարյունարբու զորավարներն ու կառավարիչները մի պահից հասկացել են, որ սուրհանդակները ոչ մի պատասխանատվություն չեն կրում՝ վատ լուրի, վատ առաջարկի, չստացված համաձայնության և այլնի համար։ Եվ մարդկությունն իր զարգացման մի պահից անձեռնմխելիություն տվեց սուրհանդակների ինստիտուտին։ Իսկ այս պարագայում, ավելին, ԱԱԾ պետն ըստ իր կարգավիճակի գտնվում էր վարչապետի ուղիղ ենթակայության տակ և պարտավոր էր կատարել նրա հրահանգները։ Հակառակ պարագայում կարող էր հրաժարական տալ, ինչը և ոչ շատ անց արել է՝ իր հրաժարականի տեքստում ներկայացնելով դրդապատճառները, որոնք շատ նման էին հենց ապօրինի հանձնարարականներ չկատարելու ցանկության։

Այնպես որ շատ արհեստական կլինի այս պատմության առանցք սարքել Վանեցյանին։ Կա երկու կողմ՝ թեման բացողը և պատասխանողը։ Բացողն արեց իր քայլը, հերթը պատասխանողինն է։

Կարող է լինել սպառիչ պատասխան, կարող է լինել թերի պատասխան, խուսափողական։ Կարող է լինել նաև շեղող պատասխան, օրինակ՝ հանձնարարել իրավապահներին քրեական գործ հարուցել։ Բայց սա նույնպես ունի տարբերակներ. դժվար թե Փաշինյանն ինքն իր դեմ գործ հարուցի, Մ. Մինասյանի դեմ գործ արդեն հարուցված է և նա հետախուզման մեջ է, իսկ Վանեցյանի դեմ՝ ուղղակի անօգուտ է, եթե հաշվի առնենք, թե ում հանձնարարությամբ է նա գործել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, ամիսներ առաջ Ա. Վանեցյանը հարցազրույցներում մեկում ասել էր, որ «ԱԱԾ պետ եղած ժամանակ Մ. Մինասյանին հանդիպել է վարչապետ Փաշինյանի գիտությամբ և  հանձնարարությամբ, իսկ բովանդակության մասին գիտե երեք հոգի՝ ես և ես երկու հոգի, որոնք այսօր իմ քաղաքական թիմից չեն, մնացած հարցերով խնդրում եմ դիմեք իրենց»։ Այն ժամանակ սա չհերքվեց Փաշինյանի կողմից։

Հիմա իրավիճակը հետևյալն է. հանդիպման փաստը չի հերքվել, հանդիպման բովանդակային մասը ԱԺ փոխխոսնակն իր գրածով փաստացի հաստատել է, ուրեմն ի՞նչը կարող է հերքել իշխանությունը։

Ինչո՞ւ է ուշանում Փաշինյանի պատասխանը։ Կամ նա չի գտնում լավագույն պատասխան, կամ ունի մտավախություններ, որ այլ ապացուցողական նյութեր կարող են ի հայտ գալ, կամ պարզապես դադար է վերցրել՝ հույս ունենալով, որ Վանեցյանը շտապողականություն կցուցաբերի ու առաջինը կարձագանքի, և ինքը գոնե մի բռնվելու տեղ կունենա։ Սակայն, դատելով Վանեցյանի լռությունից, նա հասկանում է, որ ինքը պետք է խոսի միայն Փաշինյանի արձագանքից հետո, որովհետև սա իր «կռիվը» չէ։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով