Հայաստանում կառավարման ճգնաժամ է. ՀՀ փաստացի վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը» և գնալով ավելի շատ մարդիկ են դրանում համոզվում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրի կառավարման համակարգում առկա վիճակին: Նա մասնավորապես նշել է իրադարձությունների զարգացման 3 սցենար և եզրակացրել, որ իրավիճակից մեղմ ու անցնցում դուրս գալու ամենաօպտիմալ տարբերակը ՔՊ-ից ժամանակավոր վարչապետ ունենալն է: Գրառումը՝ ստորև.

«Հայաստանի փաստացի վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը» և գնալով ավելի շատ մարդիկ են դրանում համոզվում: Քաղաքաացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցածն ակնառու է, սակայն նույն, կամ ավելի վատ վիճակ է համարյա թե բոլոր ոլորտներում: Նախկինում եղած կառույցները, լավ կամ վատ, բայց այնուամենայնիվ, թեկուզ իներցիայով, որոշ գործառույթներ կատարում էին, հիմա վիճակը ավելի վատ է, սակայն մամուլը չի կարողանում լուսաբանել այդ ոլորտների իրական վիճակը: Կարճ ասած, Հայաստանում կառավարման ճգնաժամ է: Խորհրդարանում, կառավարությունում նույնպես այդ ճգնաժամն ակնառու է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն փորձենք հասկանալ, թե այս վիճակից դուրս գալու ինչ հնարավոր սցենարներ կան: Հիմնական խնդիրը հանրային համերաշխության ժամանակավոր կառավարություն ստեղծելն է, շատ կոնկրետ անցումային ծրագրով:

Սցենար 1.

Խորհրդարանի երկու ֆրակցիաները` «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», եթե միասնական կերպով գործեն, ապա հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին: Պետք է գործող վարչապետի հեռացման պահանջ դնեն, հակառակ դեպքում՝ հայտարարեն, որ վայր կդնեն մանդատները՝ դրանով ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ: Ակնհայտ է, որ եթե այդ ֆրակցիաները միասնական ու հաստատակամ գործեն, այս դեպքում նրանց կմիանան նաև «Իմ Քայլ»-ից պատգամավորներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սցենար 2

«Իմ Քայլ»-ի ֆրակցիան տրոհվելու դեպքում խորհրդարանում փլուզվում է մեծամասնությունը և առաջանում է նոր կոալիցիայի պահանջ, բնականաբար` նոր կառավարությամբ:

Սցենար 3

Սա ամենավատ սցենարն է: Ձևավորվում են արտախորհրդարանային մի քանի կենտրոններ, որոնք փողոցային պայքար են սկսում: Ատոմիզացված հասարակությունում միասնական ընդդիմություն կազմել հնարավոր չի և արդյունքում հիմնական քաղաքական պայքարը կարող է ընթանալ փողոցում միմյանց հակառակ կենտրոնների միջև: Հասկանալի է, որ այս դեպքում քաղաքական պրոցեսները խորհրդարանում չեն ընթանալու, որովհետև գործող խորհրդարանը չի արտահայտում Հայաստանի իրական քաղաքական դասավորվածությունը: Սա քաոսի ճանապարհ է, որ դեստաբիլիզացնելու է երկիրը:

Եզրակացություն

«Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» նույնպես պատասխանատու են երկրի վիճակի համար, որովհետև ունենալով շատ կոնկրետ լծակներ, որոնց միջոցով կարող են իրավիճակ փոխել, դա չեն անում: Նաև պետք է հասկանան, որ հիմա պորտֆելներ ու վարչապետի կարգավիճակի համար պայքարելու ժամանակը չի: Ամենաօպտիմալ տարբերակը ՔՊ-ից ժամանակավոր վարչապետ ունենալն է, որը թույլ կտա անցումային շրջանը հնարավորինս մեղմ ու անցնցում իրականացնել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով