Փոփոխություններ Հարկային օրենսգրքում. Նախագծերն առաջին ընթեցմամբ ընդունվեցին

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել 24-ժամյա ռեժիմով քննարկելու երկու օրինագիծ:

Դրանցից մեկով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և թույլատրել տնտեսվարողներին սեփական հայեցողությամբ օգտագործել ներմուծվող, ձեռք բերվող միջոցների ամորտիզացիոն ժամկետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախագծի հեղինակի՝ այս փոփոխությամբ, եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, սարքավորումներ կամ շենք-շինություն է գնում կամ կառուցում և չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել, ապա դա կարող է անել իրեն հարմար ժամանակահատվածում:

«Եթե մեկը 1 մլն դոլար արժողությամբ հոսքագիծ է գնել, նա չի կարող այդ 1 մլն դոլարի ծախսը հենց նույն հարկային տարում ծախսագրել՝ որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել և ըստ այդմ ավելի քիչ շահութահարկ վճարել, այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս, հիմա տնտեսվարողը կարող է այդ կանոնից շեղվել և սարքավորումների, անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետում կարող է այդ մասհանումներն իրականացնել: Տնտեսվարողն ավելի ճկուն է  դառնում,  հնարավորություն է  ստանում սկզբնական շրջանում իր մոտ որոշակի փող կուտակել, այսինքն՝ քիչ շահութահարկ վճարել: Այս փոփոխությամբ առաջարկում ենք, որ այս կարգավորումը տարածվի այն տնտեսվարողների վրա, որոնք  ներդրումները կկատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը»,- ասաց նախագծի հեղինակը՝ նշելով, որ տնտեսվարողներն այս փոփոխության դրական  արդյունքը զգալու  են ոչ թե  այս տարի, այլ հաջորդ տարի, քանի որ հարկը վճարվելու  է հաջորդ տարի:

Այս նախագիծը խորհրդարանն ընդունեց 111, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտահերթ նիստի օրակարգի հաջորդ հարցը դարձյալ վերաբերում էր Հարկային օրենսգրքի փոփոխություններին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագծով առաջարկվում էր երկրում արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին աջակցելու նպատակով մեղմել չկատարած հարկային պարտավորությունների համար սահմանված տուգանքի չափը: Պատգամավորի պարզաբանմամբ.

«Գործող կարգավորմամբ, եթե տնտեսվարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Ըստ վիճակագրության՝ 9813 սուբյեկտ այդ արգելադրման տակ է եղել վերջին 2-2.5 տարվա ընթացքում: Հիմա առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս: Փոքր ու միջին ձեռնարկությունների 71 տոկոսի շրջանառությունը տարեկան չի անցնում 58 միլիոնից: Եթե միջինացնում ենք, ապա այդ 1.5 մլն դրամը մոտավորապես փակում է փոքր ու միջին ձեռնարկությունների մեծ մասի տարեկան գեներացված հարկերը, այսինքն՝ շրջանառության հարկը: Սա հարկային արձակուրդի նման մի բան է: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում էլ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ 0.04»:

Խորհրդարանն այս նախագիծն առաջին ընթեցմամբ ընդունեց 109 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Առաջինից երկրորդ ընթեցման համար պատգամավորներին հատկացվել է 3 ժամ՝ առաջարկություններ ներկայացնելու համար:

Երկրորդ ընթեցմամբ նախագծերը քվեարկելու համար խորհրդարանը նիստ կգումարի այսօր՝ 17:30-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով