Կառավարությունն այս պահին որևէ դիրքորոշում դեռ չունի «Լիդիան Արմենիայի» կողմից դատի տալու գործընթացի վերաբերյալ

Երեկ հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները դատի են տվել Կառավարությանը՝ պահանջելով ֆինանսական և հոգեբանական փոխհատուցում: Նրանք հայտարարել են, որ իրենց իրավունքները պաշտպանելու համար հասնելու են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են: Փորձել ենք դիմել Կառավարությանը, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք կարողանանք աշխատել, գործել, ոչ մի լուծում չի տրվել: Կառավարությունն ի վիճակի չէ լուծում տալ տվյալ հարցին: Կորցնելով հավատը Կառավարության և վարչապետի նկատմամբ՝ ստիպված ենք եղել մի խումբ աշխատակիցներով դիմել դատարան: Հայցի պահանջն է՝ վերականգնել մեր իրավունքները և ճանաչել Ոստիկանության գործունեությունը ոչ իրավաչափ: Պատրաստվում ենք Կառավարությունից պահանջել փոխհատուցել այն ֆինանսական և հոգեբանական վնասները, որ կրել ենք երկու տարվա ընթացքում: Պահանջելու ենք ոչ միայն չաշխատած երկու տարիների, այլև այն տարիների համար, որ պետք է աշխատեինք՝ 10-15 տարի»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ընկերության գնումների բաժնի վերահսկող Լիանա Հովսեփյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե  Կառավարությունը հարցի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։

«Այս պահին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, գիտեք, որ վարչապետն այս պահին արձակուրդում է, քարոզարշավի մեջ է, այդ հարցին դեռևս անդրադարձ չի կատարվել։ Երբ դիրքորոշում լինի, միանշանակ այն տարածելու ենք, և բոլորը կտեղեկանան»,- նշեց Մ. Գևորգյանը։

Ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ամեն ինչ պարզ կլինի ապրիլի 5-ից հետո, երբ քարոզարշավն արդեն ավարտված կլինի, Մանե Գևորգյանը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ այո, քանի որ հիմա վարչապետը գտնվելով արձակուրդի մեջ՝ նման հարցեր չենք քննարկվել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր`168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով