«Ի՞նչ է շահելու Փաշինյանը և ի՞նչ է կորցնելու Հայաստանը հակառուսական այս սադրանքից».Գարեգին Պետրոսյան

Վարչապետ Փաշինյանը շատ վտանգավոր հակառուսական խաղ է սկսել, որն անկանխատեսելի վատ հետևանք կարող է ունենալ Հայաստանի համար: Կորոնավիրուսի շուրջ ձևավորված հանրային կրքերը, իհարկե, հանրության ուշադրությունը որոշակի շեղեցին այս հանգամանքից, բայց այն դեռ արձագանք կունենա և միարժեքորեն կարող եմ ասել, որ անհետևանք չի մնա: Իսկ թե ինչ ծավալներ կունենան անցանկալի ու վտանգավոր հետևանքները, ցույց կտա միայն ժամանակը:

Թավշյա ավանտյուրան ի սկզբանե վերապահումով է ընկալվել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից: Ռուսաստանում զգուշավորությամբ են վերաբերվել ոչ միայն ու ոչ այնքան Նիկոլի անձին, որքան պրոցեսին ամբողջությամբ: Սա ակնհայտ էր դեռ երկու տարի առաջ, անվիճարկելի է նաև այսօր: Ռուսական իշխանական շրջանակների խուսափողական ձգտումը մասնավոր մակարդակում առնչություն ունենալ թավշյա իշխանությունների հետ, Փաշինյանի մեկօրյա անհաջող այցը Բրյուսել, դրան հետևած տեղեկությունն առ այն, որ ՀՀ-ն $40 մլն է ծախսել հնդկական ռադարների համար, որոնց ռուսական անալոգները շատ ավելի արդյունավետ են, գնային առումով ավելի մատչելի և որ ամենակարևորը՝ ի տարբերություն հնդկականի, մարտական պայմաններում փորձաքննություն անցած են, ասվածի ապացույցն են: Բայց ամենակարևոր «հարվածը դ»եռ առջևում էր, որի ցավոտ արձագանքը դեռ կլսենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սյունիքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով 42 մլն դոլարի փաստացի փոշիացման առթիվ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի մասին, բառացի ասաց հետևյալը. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա: Եվ ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք»: Մեղադրանքն առաջին հայացքից է հասցեագրված Սերժ Սարգսյանին և Վիգեն Սարգսյանին, իրականում հասցեագրված է այն Ռուսաստանին: Թե ինչու՞ վարչապետ Փաշինյանը միլիոնավոր դոլլարների «ցնցող փոշիացման» մասին հայտարարեց հենց այն ժամանակ, երբ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Ռուսաստանի նախագահը մերժել էր հանդիպման՝ Փաշինյանի առաջարկը և թե ինչու այն հետևեց Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին, թողնում եմ ձեր հայեցողությանը: Մեկ բան պարզապես ցանկանում եմ կրկին հիշեցնել. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերը, Հայաստանի խոշորագույն սպառազինության ու զինամթերքի մատակարարը, տարածաշրջանային անվտանգային համակարգի կայունարարն ու երաշխավորը:

Բացի այդ Հայաստանը Ռուսաստանից կանխիկ գումարով գրեթե սպառազինություն ձեռք չի բերել, ձեռք է բերել հիմնականում Ռուսաստանի տրամադրած վարկավորմամբ: Դեռ չեմ խոսում այն մասին, որ հակառակորդն ուշի ուշով հետևում է նման հայտարարություններին և դրանց արդյունքում տեղի ունեցող զարգացումներին, իսկ դրանք կարող են լինել խիստ անցանկալի ու ցավոտ մեզ համար: Իսկ եթե վաղը վերսկսվե՞ն պատերազմական գործողությունները, բացի «կամուֆլյաժով ինքնամեկուսանալուց» և սլաքները Ռուսաստանի կողմ թեքելուց, ուրիշ ի՞նչ են անելու թավշյա անճարակները:

Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով