Ալեքսանդր Սարգսյանն ինչո՞ւ էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար. ուշագրավ նրբերանգներ կան. «Իրատես»

 

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է հանրաքվեն անցկացնել պահուստային միջոցներով, որը գոյացել է քրեական գործերով բյուջե վերադարձած միջոցներից։ Հիշեցնենք՝ խոսքը 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամի մասին է։ 2 տարվա իշխանությունն անընդհատ հայտարարում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է տարվում եւ նախկին «թալանչի» իշխանությունների գողացածը կոպեկ առ կոպեկ, ավելի ճիշտ, «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձվելու է բյուջե։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց այսքան ժամանակ այս «ամենաթափանցիկ» կառավարությունը հանրությանը հաշվետվություն ներկայացրե՞լ է, թե գողացված գումարներն ինչ նպատակներով են ծախսվում։ Հարց է նաեւ` այդ գումարները վերադարձվել են բյուջե քրեական գործերի շրջանակներու՞մ, թե՞ կոնկրետ անձինք պիտի գումար տային պահուստային ֆոնդին, տվել են։ Օրինակ, ով իմացավ, թե Ալեքսանդր Սարգսյանն ինչու էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար։

Ընդհանրապես այս գործընթացը բավական ուշագրավ նրբերանգներ ունի, եթե հիշենք նաեւ Աննա Հակոբյանի այն հայտարարությունը, թե ավելի լավ, որ պետբյուջեից գողացված միջոցները փոխանցվում են իր հիմնադրամներին։

«Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետեւ մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձեւով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միեւնույն է ծառայեցնելու ենք այն ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որեւէ ձեւով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»,- ասել էր նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հնարավո՞ր է, որ բյուջե վերադառնալու փոխարեն միանգամից «գողացված» միջոցներն ուղղվում են Աննա Հակոբյանի հիմնադրամներին։ Ու արդյո՞ք դա նշանակում է, որ նրանց նախկինում արված «մեղքերը» ջրվում են։

Ժողովրդի իշխանությունն ամեն դեպքում լավ կանի, որ հասարակությանը պարբերաբար ներկայացնի, թե որքան «գողացված» միջոցներ են վերադարձվել բյուջե եւ ամենակարեւորը՝ դրանք ինչպես ու ինչ նպատակների համար են ծախսվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով