Ինչո՞ւ հենց Սուրեն Պապիկյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Այստեղ, իհարկե, տարօրինակ ու զարմանալի ոչինչ չկա, քանի որ Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, առավել եւս, որ Պապիկյանը գլխավորել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս որոշումը կապված չէ միայն այն հանգամանքի հետ, որ ֆորմալ առումով նա ՔՊԿ ղեկավարն է: Իրականում, հասկանալի է, որ ՔՊԿ վարչության նախկին ֆորմալ նախագահների ժամանակ էլ (Արայիկ Հարությունյան, Սասուն Միքայելյան), այդ կուսակցության իրական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է եղել եւ կա:

Ըստ մեր իշխանական աղբյուրների, առաջնային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Պապիկյանը այն հազվագյուտ անձանցից է, ում, մեր զրուցակցի խոսքերով, «գրեթե անվերապահ վստահում է Փաշինյանը. գրեթե, որովհետեւ վարչապետը ոչ մեկին անվերապահ չի վստահում»։

Մյուս կողմից, կարեւոր հանգամանք է այն, որ Պապիկյանն ամբողջովին տիրապետում է վարչական ռեսուրսներին, մարզերում տիրող իրավիճակին, մարզպետների հնարավորություններին, ճանաչում է համայնքների՝ իշխանություններին հավատարիմ ու անկախ ղեկավարներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի խոսքով, գիտի բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Սակայն Պապիկյանի նշանակումն ինքնին տեղիք է տվել տարաբնույթ կասկածների, որ հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ իշխանությունները առավելագույնս կարող են կիրառել վարչական ռեսուրսը, եթե զգացին, որ հանրաքվեին անհրաժեշտ մասնակցություն, առավել եւս «Այո»-ի անհրաժեշտ քանակ չեն կարողանում ապահովել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով